Այսօր երեխաների օրն է

31/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«2010թ. ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանությանը, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2010թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման եւ դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական եւ մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման եւ արդյունավետ սոցիալականացման նպատակով»: Սա ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2010թ. ծրագրից մի հատված է: Այսօր Երեխաների պաշտպանության օրն է: Եթերից, ամբիոններից ու հարթակներից, բնականաբար, բարձրագոչ ելույթներ, շնորհավորանքներ կհնչեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող երեխաների հասցեին: Բոլորի շուրթերից կասվի «Երեխաները մեր ապագան են» արտահայտությունը, եւ բոլորը կփորձեն համոզել, որ ամեն ինչ անում են երեխաներին «փայլուն» մանկություն ապահովելու համար: Մինչդեռ մեր երեխաների ամենատարրական հարցերի պաշտպանությունը կմնա նույնքան խոցելի, որքան մեր երեխաների ապագան է` անորոշ ու անկանխատեսելի: Անշուշտ, այսօր մի քանի «փողկապավորներ» տեսախցիկի առաջ «սիրուն» հագնված մի խումբ մանուկների նվերներ կբաժանեն: Սակայն ՀՀ-ում բնակվող հազարավոր երեխաներ, որոնք ապրում են թշվառության մեջ, չեն էլ հասկանա, որ այսօր իրենց տոնն է: Չեն հասկանա նաեւ, թե ինչ բան է առհասարակ երեխաների պաշտպանությունը, քանի որ հազարավոր այդ ընտանիքներում երեխայի պաշտպանության գաղափարը սահմանափակվում է օրվա հացը վաստակելու եւ երեխային սովից փրկելու մտածելակերպով: «168 Ժամ» թերթում տեղ գտած բազմաթիվ ընտանիքներ, որոնք չեն կարողանում սեփական երեխաների կեցությունն ապահովել, մեզ խնդրում են մանկատան ճանապարհը ցույց տալ, հետեւաբար Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության տոնի ձեռքբերումը նրանք կհամարեն այն, որ, այնուամենայնիվ, այդ ճանապարհով չանցան: Հազարավոր ընտանիքներ այսօր կգիտակցեն, որ երեխային մանկատուն չհանձնելը, կենսաբանական ընտանիքում դաստիարակելն ու խնամելը երեխայի պաշտպանության ամենաարժեքավոր ինստիտուտն է: Մինչդեռ մեր իրականության պարադոքսն այն է, որ Հայաստանում երեխաները մանկատանն ավելի պաշտպանված են, քան հասարակական կյանքում: Այլ հարց է, որ պետական խնամակալական հաստատություններում պատսպարվելուց հետո նույն այդ երեխաները կրկին վերադառնում են հասարակություն` նորից բախվելով աղքատության, տարրական իրավունքների ոտնահարման եւ իրենց պաշտպանությամբ զբաղվելուն կոչված փակ դռներին: Այնպես որ, Երեխաների պաշտպանության օրվա առիթով լավ կլիներ մաղթանք ուղղել ոչ թե երեխաներին, այլ` Հայաստանի իշխանություններին: Մաղթել ուղղակի մեկ բան` ապահովել երեխաների ապրելու իրավունքը:

Նկարներում պատկերված երեխաների մասին մեր թերթում հրապարակումներ եղել են: Նրանցից բոլորն էլ ապրում են թշվառության պայմաններում: Միայն 2009թ. ընթացքում եւ միայն մեր հետաքննությունների արդյունքում հայտնաբերել ենք ծանր կենսապայմանների պատճառով մանկատուն հանձնված 20-ից ավելի երեխաներ: Ծնողների՝ երեխաներին մանկատուն հանձնելու պատճառաբանությունը մեկն է. որպեսզի երեխաները սովամահ չլինեն: Այս հիմնավորումը գուցեեւ երկիմաստ եւ շատ դեպքերում դատապարտելի է, սակայն սոցիալական այն իրավիճակում, որտեղ նրանք ապրում են` գուցեեւ այս ճանապարհը լավագույնն է: Իսկ ընդհանրապես կարելի է ոչինչ չասել, պարզապես տպագրել այն երեխաների լուսանկարները, որոնք ապրում են իրենց ընտանիքներում, եւ այն երեխաների լուսանկարները, որոնք, զրկվելով իրենց ընտանիքներում ապրելու հնարավորությունից` հայտնվել են մանկատներում:

Որբության վախի բարդույթը

Այսօր Երեխաների պաշտպանության օրը կնշվի նաեւ Հայաստանի մանկատներում, որտեղի սաները հավանաբար իրենց իրավունքի պաշտպանությունը պատկերացնում են միայն իրենց ընտանիքներում, ծնողների հոգածության տակ: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում է 8 մանկատուն: 2009թ. տվյալներով` այդ հաստատություններում խնամվում է 885 երեխա, այդ թվում` 375-ը` մասնագիտացված մանկատներում: «Երեւանի Մանկան տուն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում ներկայումս խնամվում է 73 երեխա: Մանկատունը սպասարկում է նորածին հասակից մինչեւ վեց տարեկան երեխաների, եւ յոթ բաժանմունքներից յուրաքանչյուրը սպասարկում է 10-15 երեխաների: «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանի հավաստմամբ` ծնողների կողմից երեխաներին մանկատուն հանձնելու հիմնավորումը հիմնականում սոցիալական վատ վիճակի պատճառաբանությունն է: Միայն այս տարի մանկատուն է հանձնվել 34 երեխա, որոնց ծնողներից շատերը, բարեբախտաբար, այցելում են երեխաներին: Լ. Կարապետյանը վստահեցնում է, որ նորածիններին հասարակական վայրերում, աղբանոցներում, անհավանական պայմաններում լքելու դեպքեր այսօր էլ կան. «Մի նորածնի դրել էին պայուսակի մեջ ու թողել էին դրսում: Բարեբախտաբար, պայուսակի ցեպը լրիվ չէին փակել, հակառակ դեպքում` խեղդվելու էր: Ցելոֆանի մեջ դնելու եւ աղբանոցում թողնելու դեպք էլ է եղել: Կարագի արկղի մեջ էին դրել, էդպիսի դեպք էլ է եղել»: «Մանկան տան» տնօրենը փաստում է, որ շատացել են արատներով երեխաները, հետեւաբար՝ նրանց մոտ 45%-ի մոտ հայտնաբերվել են տարբեր հիվանդություններ: Առողջ երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու հավանականությունը մեծ է, իսկ հաշմանդամություն ունեցողների դեպքում` նախ՝ ծնողները խուսափում են նրանց խնամքի հետ կապված մեծ ծախսերից, եւ հետո էլ` զուտ հոգեբանորեն չեն ընդունում ֆիզիկական արատ ունեցող երեխա ունենալը. «Միջավայրի կարծիքը կամ հետագայում ամուսնանալու հավանականությունը շատ դեպքերում ծնողներին դրդում են հրաժարվել հիվանդ երեխայից: Կարող եմ ասել, որ մեզ մոտ գտնվող երեխաների մեծամասնության ծնողներն այցելում են իրենց, շատ են նաեւ նրանց կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու դեպքերը: Ընդ որում` ունենք շատ հոգատար ծնողներ, ովքեր ցանկանում են նախատեսված՝ շաբաթը մեկ անգամից ավելի այցելել երեխային»:

Լ. Կարապետյանի հետ շրջեցինք «Մանկան տան» բաժանմունքներով, խաղահրապարակով, եղանք խոհանոցում, լվացքատանը, ննջարաններում: Հարկ է նշել, որ այստեղ իսկապես հիգիենիկ, երեխաների համար հարմարավետ, լուսավոր եւ ապահով «տուն» է կառուցվել: Սակայն հարմարավետության այս միջավայրը բնավ էլ երեխաների համար երջանիկ մանկություն ապահովել չի կարող: Նրանցից բոլորի աչքերում որբության ու մենակության վախ կա: