Դեռեւս անորոշ է

31/05/2010

Մեկ շաբաթից կլրանա Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի երկու ամիսը, սակայն նախկինի նման լրագրողի հետագա ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ զրույցում Էռնեստի կինը` Իրինա Վարդանյանը, ասել է, որ պարզ չէ՝ արդյոք նախաքննական մարմինը կդիմի՞ Էռնեստի կալանքը երկարաձգելու պահանջով, թե՞ ոչ: Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ Էռնեստին թույլատրել են հանդիպել մայիսի 11-ին` նրա ծննդյան օրը: Այդ նույն օրը Մերձդնեստրի հատուկ ծառայությունները տարածեցին նաեւ Է. Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որտեղ նա խոստովանում էր, որ մոլդովական իշխանությունների պատվերով Մերձդնեստրում լրտեսություն է արել: Իրինան համոզված է, որ Էռնեստն այդ քայլով ցանկացել է պաշտպանել հարազատներին: Իրինայի ասելով` քննչական մարմինը պնդում է, թե ամեն ինչ կարգին է նրա հետ, սակայն ինքը համոզված է, որ` «ամենապակասը նրա հոգեբանական իրավիճակը կարգին չէ, նրա մոտ անընդհատ տրամադրության փոփոխություն է նկատվում, գլխում անընդհատ վատ մտքեր են պտտվում»: Ըստ Իրինայի` իր մոտ տպավորություն է, թե Էռնեստի, ինչպես նաեւ՝ իրենց մասին բոլորը մոռացել են, քանի որ Էռնեստին օգնելու խնդրանքով միջազգային բազմաթիվ կառույցների, տարբեր երկրների նախագահներին հղած նամակները մնացել են անարձագանք: Իրինան իրավիճակից դուրս գալու միայն մեկ ելք է տեսնում. ամուսնու ազատ արձակման խնդրանքով դիմել Մերձդնեստրի չճանաչված հանրապետության նախագահին: «Այո, ես պատրաստ եմ գնալ, խոնարհվել նրա առաջ»,- ասել է Էռնեստի կինը` Իրինա Վարդանյանը: