Կաննի կինոշուկայում մենք «վստահություն ներշնչեցինք»

31/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայկական պատվիրակությունը վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից, որտեղ Հայաստանն արդեն երկրորդ անգամ սեփական տաղավարով ներկայանում է կինոշուկայում: Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն իր հաշվետու ասուլիսում նշեց, որ գոհ է իր աշխատանքային այցի արդյունքներից, ու ընդհանրապես այս տարին անվանեց «հայկական կինոյի վերելքի տարի»: «Վստահ եմ, որ այս տարին բեկումնային, նույնիսկ հեղափոխական է լինելու մեր կինոյի համար: Մենք կարողացել ենք նույն գումարով արդեն ոչ թե 1-2, այլ` միանգամից 7 ֆիլմի արտադրությունը սկսել»,- նշեց նա: Կինոկենտրոնի տնօրենն ընդհանրապես միշտ ջանում է լավատես լինել եւ լավատեսորեն է գնահատում ամեն բան (ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական առումներով): «Մենք միանգամից մի քանի քայլ առաջ արեցինք, եւ արդեն վստահություն ենք ներշնչում»,- նկատեց նա` վերադառնալով Կաննի կինոշուկայի թեմային: Կինոկենտրոնը հայկական 35 ֆիլմերից բաղկացած փաթեթ է պատրաստել, որն էլ տրամադրել է տարբեր պրոդյուսերներին եւ ընկերություններին` գործնական կապեր ակնկալելով նրանցից: «Ռեանիմանիա» անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին, ով նույնպես Կաննում էր, նշեց. «Պետք է փորձենք հայկական ֆիլմերը աշխարհին ներկայացնելու մոդել մշակել: Այսինքն` ճանաչելի դարձնել հայկական կինոյի գոյությունը: Իսկ դա արագ պրոցես չէ»:

Որպես գործնական կապերի օրինակներ՝ Գ. Գեւորգյանն առանձնացրեց հատկապես հնդկական, չեխական ու արաբական ֆիլմարտադրողների ու դիստրիբյուտորների հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները: Դրանցից մեկն, օրինակ, լինելու է Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական ֆիլմ, որը հայկական կողմն ուզում է իրականացնել հնդկական «Պրոկաշ Շարմա» ընկերության հետ: «Հնդիկները պատրաստ են անսահմանափակ ներդրում անել»,- նկատեց նա: Ֆիլմի սցենարն ու աշխատանքային խումբը դեռ հստակեցված չեն, սակայն այն փաստը, որ ապագա նյութերի հավաքագրմամբ զբաղվում է Ալբերտ Մկրտչյանը, արդեն իսկ վկայում է, որ ֆիլմի ստեղծման մեջ ուղղակիորեն անհրաժեշտ է թարմ հայացք ունեցող որեւէ սցենարիստի ներմուծել: Որպես հերթական լավատեսական փաստ՝ Գ. Գեւորգյանը նշեց Կաննում ցուցադրված հայկական երկու ֆիլմերը: Առաջինը Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» այլաբանական, սիմվոլիզմախեղդ ու հիվանդագին իրականություն ներկայացնող ֆիլմն է (որն առանց ձանձրույթի նայել հնարավոր չէ), իսկ երկրորդը Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» հայ-նորվեգական դրաման է, որն անցյալ տարի ներկայացվել էր Կաննի մրցութային ծրագրերից մեկում, սակայն բազմաստիճան ընտրական ցանցը չէր հաղթահարել: Հ. Գալստյանը նույնպես Կաննում էր եւ գոհունակությամբ նշեց, որ հատկապես իր համար այս գործուղումը շատ արգասաբեր էր, քանի որ նա իր նոր` «Գաբրիել եւ Մարի» ֆիլմի համաֆինանսավորողներ է ձեռք բերել:

Հայտնի է, որ Կաննի կինոշուկան ամենախոշորն է Եվրոպայում, որտեղ ավանդաբար տասնյակ-հազարավոր գործարարներ են մասնակցում: Սակայն այս տարվա կինոշուկան աչքի չի ընկել ավանդական ակտիվությամբ, ճգնաժամը ստիպել է ֆիլմերի գնորդներին առավել զգուշավոր լինել: «Դիստրիբյուտորները չեն կարող ռիսկի գնալ ու գնել այն ֆիլմերը, որոնց վաճառքի մեջ վստահ չեն»,- ասաց Վ. Քասունին:

Կինոշուկան ընդհանրապես ծառայում է կինոյի երկակի էությունը հավասարակշիռ վիճակում պահելու համար: Չէ՞ որ կինոն եւ արվեստ է, եւ ֆինանսական ձեռնարկ, որի արդյունավետությունը փաստում է խելամիտ ներդրումների ու մարքեթինգի մասին: Նույնիսկ այն դեպքում, երբ ներդրումները կատարում է պետությունը:

Մի քննարկման ժամանակ Գ. Գեւորգյանն ասել էր, որ չի ընդունում կոմերցիոն` «մեյնստրիմային» ու հեղինակային`«արտհաուսային» ֆիլմերի տարբերակումը. «Կինոն շատ մեծ բիզնես է, բայց դա ազգային կինոյի համար չէ: Պետությունը մեզ փող է տալիս, որ մենք մշակութային արժեք ստեղծենք, հետո նոր մտածենք այդ արժեքը վաճառելու մասին»: Ազգային Կինոկենտրոնի նման վճռական ու տարօրինակ դիրքորոշումը գումարվում է կինոյի բնագավառում օրենսդրական դաշտի ու պետական կինոստուդիայի բացակայության հետ: Եվ հարց է ծագում` պետությունը ո՞ւմ է փող տալիս, եթե պետական կինոստուդիա չկա, իսկ Կինոկենտրոնը արտադրող ընկերություն չէ (այսինքն` չունի տեխնիկական բազա կոմպլեկտավորելու լիազորություն): Այս հարցի պատասխանը միայն մեկն է. պետությունը պետք է գումար տա մասնավոր ֆիլմարտադրողին: Եվ հենց մասնավոր (այսինքն` վաճառքի գործոնը չթերագնահատող ու «մշակութային արժեք» մշուշոտ բառերից խուսափող) ընկերությունն էլ պետք է պատասխանատվության կրողը դառնա: Չէ՞ որ, երբ կինոն որպես բիզնեսի ճյուղ ես դիտարկում, ապա փորձում ես ապահովագրել քեզ տապալումից (այլապես տապալումն ուղղակի քո գրպանին կհարվածի):

Այսօր մեր ունեցած ֆիլմարտադրության մեխանիզմները բացառում են մասնավոր պրոդյուսերների ազատությունը, ինչը բնականաբար անդրադառնում է նաեւ մեր պետության իմիջի վրա: Եվ որքան էլ խոսվի հայ կինոյի հաջող քայլերի մասին, փաստը մնում է փաստ. ոչ մի լուրջ դիստրիբյուտորական ընկերություն չի ցանկանում համագործակցել պետական կառույցի հետ` վստահելով միայն մասնավոր պրոդյուսերական խմբերին: Եվ պատահական չէ, որ երբ հիշատակվում է հայկական ներկայությունը Կաննի կինոշուկայում (կամ էլ ցանկացած շուկայում), առաջին հարցը դառնում է` «Իսկ շուկայում ներկայացված մասնավոր պրոդյուսերներն անկա՞խ են պետությունից»: Եվ երբ պարզվում է, որ իրականում հենց Կինոկենտրոնն է հանդիսանում որպես ֆիլմարտադրող, միջազգային կառույցների ուշադրությունը միանգամից մարում է: Սա սոսկ ենթադրություն չէ, այլ փաստ է, որին հաստատ տեղյակ են նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Ազգային Կինոկենտրոնը: Գնելու ու վաճառելու գործը սթափ մոտեցում է պահանջում, իսկ ցանկացած մոնոպոլիզացում (նաեւ կինոյի բնագավառում) չի նպաստում սթափ հաշվարկելու ու հետեւաբար` շուկային առաջարկ անելու գործին: Ընդ որում` մոնոպոլիզացումն այսօր նկատվում է ոչ միայն ֆիլմարտադրության մեջ, այլեւ` «պրոկատում»: Ընդամենը 1,5 կինոթատրոն ունենք, իսկ դիստրիբյուցիայով զբաղվող «Պարադիզ» ընկերությունը թեեւ մասնավոր է, սակայն ռուսաստանյան կառավարում ունի: Եվ բնական է, որ կինոսրահների ցանցի բացակայության պատճառով` ֆիլմերի ձեռքբերումը չի կարող շահութաբեր գործ լինել: Տրամաբանական է նաեւ, որ մինչ պետական միջոցները դրամաշնորհային (այսինքն՝ ազատ կառավարում ենթադրող) տեսքով չտրամադրվեն մասնավոր պրոդյուսերներին, մենք կինոշուկաներում վաճառելու բան չենք ունենա: Նույնիսկ նախագծային փուլում: Դրա վառ ապացույցը հենց Հ.Գալստյանն է, ով ֆիլմեր նկարահանելու համար իր սեփական ընկերությունն է հիմնել (հանդիսանալով որպես պրոդյուսեր) եւ իր ոգու խորքում շատ լավ գիտակցում է, որ ազատ աշխատելու մոդելն ավելի հեռանկարային է, քան Կինոկենտրոնին իր ֆիլմերի համաարտադրողը դարձնելը: Չէ՞ որ ավելորդ ձգձգումներն ու կոմպրոմիսները միշտ ազդում են ֆիլմի որակի վրա` թույլ չտալով վայելել ֆիլմի հաջողության բերկրանքն ու անհաջողության մեջ մեղադրել սեփական ընկերության մարքեթինգային քաղաքականությունը: Իրականում մենք այսօր չունենք այնպիսի որակի գեղարվեստական ֆիլմ, որը կարելի է վաճառել արտասահմանում (բացառությամբ հենց Հ.Գալստյանի ֆիլմը, որը թեեւ որոշ տեխնիկական ու ձայնային թերություններ ունի, սակայն համապատասխանում է շուկայի որոշակի պահանջներին): Իհարկե, մենք Կանն ենք գնում ոչ ձեռնունայն, սակայն մեր տարած ապրանքը բարձրորակ եւ հետեւաբար` մրցունակ չէ:

Կինոկենտրոնի տնօրենը նկատում է. «Մենք Կանն էինք գնացել ոչ թե ֆիլմերը վաճառելու կամ գնելու, այլ` փոխանակելու համար»: Իհարկե շատ լավ է, որ հայկական ֆիլմարտադրողներն իրենց արտադրանքը միջազգային կինոշուկաներում ներկայացնելու հնարավորություն են ստանում: Դա բարդ, գիտելիքներ, փորձ ու համբերություն պահանջող գործ է: Միգուցե մի քանի տարի անց մենք կկարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Սակայն դրա համար նախեւառաջ հարկավոր է խրախուսել մասնավոր ֆիլմարտադրող ընկերությունների հիմնումն ու զարգացումը: Բիզնեսի լեզվով ասած` պետք է ապամոնոպոլիզացում անել: Եվ թող մասնավորն էլ շուկայում տեղ գրավելու համար ուղիներ որոնի: Դա միայն կօգնի պետական փողերն ու պետական կառավարումն ավելի խելամիտ օգտագործել: Իսկ հիմա ստացվում է, որ մենք ինքներս մեզ ենք խաբում: Եվ զարմանալին այն է, որ հետո էլ հավատում ենք: Թեեւ, իհարկե, կա նաեւ իրական լավատեսության առիթ: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ այժմ մարզային կինոթատրոնների ցանցի կառուցում է նախատեսվում: Եվ եթե իրոք այդ հայտարարությունը գործնական ավարտ ունենա, մենք կկարողանանք թեկուզ փոքր, բայց մեր սեփական շուկան ունենալ: Եվ անկախ արտադրողներն ու դիստրիբյուտորները կինոարտադրանքը սպառելու շանս ձեռք կբերեն: Եվ թող մրցեն այդ շանսը առավելագույնս օգտագործելու համար: Փոքր ու միջին բիզնեսը կապիտալիստական պետության հիմնասյուներն են: Իսկ մենք ապրելով կապիտալիստական համակարգում` ուղղորդվում ենք տոտալիտար համակարգի սկզբունքներով` ֆիլմ ստեղծելու ու ֆիլմ վաճառելու գործը թողնելով միայն պետության ուսերին: