Ահաբեկում են դաշինքի վստահված անձանց

27/09/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, շատերի գնահատմամբ,
լավագույն հնարավորությունն է վերջապես պարզելու, թե ընդդիմադիր այս կամ
այն քաղաքական ուժն ինչ է մտածում մյուսի մասին: Նման առաջին ազդանշանը
եղավ Կենտրոն համայնքից, երբ «Արդարություն» դաշինքի թեկնածուն եւ
«Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանը մամուլով միմյանց
մեղադրանքներ հասցեագրեցին:

Նախ` հրապարակում եղավ, թե դաշինքի թեկնածու Ռուզան Խաչատրյանն «Ազգային
Միաբանությանը» մեղադրում է ընտրական հանձնաժողովներում իր տեղերը գործող
թաղապետ Գագիկ Բեգլարյանին ծախելու մեջ, իսկ հետո Ա. Կարապետյանը Ռ.
Խաչատրյանին մեղադրեց ընդդիմադիր դաշտը քայքայելու մեջ: Ռ. Խաչատրյանից
հետաքրքրվեցինք` իրենք ունե՞ն արդյոք փաստեր, որոնք կարող են ապացուցել,
թե «ԱՄ»-ն ընտրահանձնաժողովներում ունեցած իր տեղերն իսկապես տվել է Գ.
Բեգլարյանին, ինչին ի պատասխան Ռ. Խաչատրյանն ասաց. «Ես որեւէ տեղ չեմ
հայտարարել, թե «Ազգային միաբանությունն» իր տեղերը ծախել է իմ մրցակցին:
Նախ` նման արտահայտությունը կոռեկտ չէ, եւ ես ինձ նման ոչ կոռեկտ
արտահայտություն թույլ չեմ տվել: Իրականությունն այն է, որ երբ ինձ հարց
ուղղեցին` արդյո՞ք հանձնաժողովներում երկու ներկայացուցչի տեղ ունեցող
ընդդիմադիր ուժերը փոխհամաձայնեցված են աշխատում, թե՞ ոչ, ես ընդամենն
արձանագրված փաստը մեջբերելով` ասացի, որ ընտրահանձնաժողովների առաջին
նիստի ընթացքում, երբ ձեւավորվում էր ղեկավար կազմն ու առաջադրվում էին
դաշինքի ներկայացուցիչները` որպես հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ
քարտուղար, մեծաթիվ տեղամասերում մեր կողմից առաջադրված թեկնածուներին դեմ
են քվեարկել «ԱՄ» ներկայացուցիչները: Ընդամենն այս փաստն եմ արձանագրել եւ
որեւէ կերպ այն չեմ մեկնաբանել,- ասաց Ռ. Խաչատրյանը` ընդգծելով,- Առայժմ
իմաստ էլ չունի դրան որեւէ մեկնաբանություն տալը, դրա մասին կարելի է
խոսել ընտրություններից հետո»: Բացի այս, Ռ. Խաչատրյանը գտնում է, որ մինչ
մեղադրանքներ հասցեագրելը ճիշտ կլիներ, որ «ԱՄ» ներկայացուցիչը պարզեր`
համապատասխանո՞ւմ է արդյոք մամուլում հրապարակված մեկնաբանությունն
իրականությանը, թե՞ ոչ: «Ինձ համար, համենայնդեպս, շատ տհաճ էին այդ
մեղադրանքները»,- նշեց Ռ. Խաչատրյանը: «Ազգային Միաբանության» քարտուղար
Ա. Կարապետյանը Ռ. Խաչատրյանին մեղադրել էր սեփական նպատակներին հասնելու
համար ընդդիմադիր դաշտը քայքայելու մեջ, ինչի առնչությամբ Ռ. Խաչատրյանն
ասաց. «Այս տարիների ընթացքում, ես` որպես դաշինքի մամուլի քարտուղար,
ամեն ինչ արել եմ եւ դա փաստ է, որպեսզի որեւէ անճշտություն չլինի եւ ոչ
կոռեկտ հայտարարություններ չհնչեն ընդդիմադիր այս կամ այն ներկայացուցչի
հասցեին, որոնք համագործակցում են տարբեր գործընթացների շուրջ: Հատկապես
խորհրդարանական ընդդիմության: Բացի այդ, իմ առաջադրման հենց առաջին
օրվանից հայտարարվել է, որ այս ընտրություններում անձնական շահեր չկան եւ
չեն կարող լինել: Իմ առաջադրումն ընդդիմության ծրագրերի իրականացման մի
փուլն է: Մենք միշտ հայտարարել ենք, որ պայքարում ենք` հասնելու համար
ազատ եւ արդար ընտրությունների եւ այդ ընտրությունների միջոցով
իշխանություն ձեւավորելու համար եւ հիմա որոշում էր կայացվել այդ փորձն
անել Կենտրոն համայնքում: Այս պայքարը մենք համարում ենք մեր ընդհանուր
պայքարի մեկ փուլը, այնպես որ` անձնական որեւէ խնդիր ես այստեղ չեմ
դնում»:

Ռ. Խաչատրյանը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ «Արդարություն» դաշինքի եւ
«Ազգային Միաբանության» միջեւ որեւէ պայմանավորվածություն չի եղել իր
թեկնածությունը սատարելու վերաբերյալ. «Պայմանավորվածություն որպես
այդպիսին չի եղել: Արտաշես Գեղամյանն իմ առաջադրումից հետո մամուլում
հայտարարել է, որ պաշտպանելու են իմ թեկնածությունը, որից հետո, երբ
հանդիպեցի պարոն Գեղամյանին` անձամբ շնորհակալություն հայտնեցի ինձ
սատարելու պատրաստակամություն հայտնելու համար: Սակայն դրան հաջորդեց այն,
որ Ալեքսան Կարապետյանը հայտարարեց, թե իրենք` լինելով ազատ
ընտրությունների կողմնակից, ողջունելու են նրան, ով հաղթող կճանաչվի: Սա է
ամբողջ խնդիրը: Բացի այդ, մենք չենք ասել, թե ով սատարում է մեզ`
հանձնաժողովներում իր տեղերը պետք է մեզ տա: Խնդիրն այն է, որ ընդդիմադիր
կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրատարածքներում ամեն ինչ անեն,
որպեսզի ընտրախախտումներ տեղի չունենան, իսկ ես վստահ եմ, որ լինելու են,-
ասաց Ռ. Խաչատրյանը` ավելացնելով,- Ինձ նաեւ մեղադրում են դրանում, թե
ընտրությունները դեռ չկայացած, ես նման տրամադրվածություն ունեմ եւ դա,
իբրեւ, պաշտպանվողական քայլ է: Բայց վերջին ընտրությունների դառը փորձն է
ինձ հուշում, որ այլ կերպ ընտրություններ մեր երկրում այս
իշխանությունները չեն անցկացնում եւ նախընտրական այս ամբողջ ընթացքն է
հուշում, թե ինչ ընտրակեղծիքներ են լինելու»: Ռ. Խաչատրյանը մեզ հետ
զրույցում հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում իսկ բազմաթիվ խախտումներ,
ոտնձգություններ, ահաբեկման փաստեր են եղել իր վստահված անձանց նկատմամբ:
«Մեր շտաբի անդամներին, վստահված անձանց զանգահարում ու ահաբեկում են:
Բացի այդ, փորձում են նաեւ կաշառել նրանց: Իսկ այս ամենն արդեն իսկ հիմք է
տալիս ենթադրելու, որ խախտումներ իրականացնելու փորձեր արվելու են»:

Ընտրախախտումների դեմ պայքարելու համար ընտրության օրն ընտրատեղամասերում
Ռ. Խաչատրյանի վստահված անձի կարգավիճակով ներկայանալու են դաշինքի անդամ
կուսակությունների պատգամավորները: Ռ. Խաչատրյանը կարեւորում է նաեւ
քարոզարշավի վերջին օրը` սեպտեմբերի 23-ին Մատենադարանի մոտ կայանալիք
հանդիպումն իր ընտրողների հետ, որտեղ ելույթ են ունենալու նաեւ դաշինքը
ներկայացնող կուսակությունների առաջնորդները: Ռ. Խաչատրյանին սատարելու են
նաեւ կանանց կազմակերպությունները, որոնք այսօր` ի դեմս Նորա Հակոբյանի,
կտարածեն համապատասխան հայտարարություն: