Այրող, բայց` ամենակարող եղինջը
Եղինջը դեռ հնուց ծառայել է եւ՛ որպես սնունդ, եւ՛ դեղամիջոց: Օրինակ, Անգլիայում շուտով անց է կացվելու եղինջ ուտելու 14-րդ առաջնությունը` աշխարհի մասշտաբով: Ի դեպ, այդ մրցույթի պայմանները շատ դաժան են` եղինջն ուտելու են առանց որեւէ մշակման: Այն իսկապես ամբողջ աշխարհում ճանաչվել է բուժամիջոց: Եվ իզուր չեն ասում, որ եղինջը կարող է փոխարինել 7 բժշկի: Ընդհանրապես բուժման նպատակով օգտագործում են բույսի տերեւները, ծաղիկները եւ արմատը: Բույսի տերեւները եւ սերմերն Ավիցենան օգտագործել է գլխուղեղի ախտահանումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլեւրիտի եւ շնչուղիների բորբոքումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը խառնում են գարեջրին եւ օգտագործում հազը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով: Եղինջի ծեծված արմատներն ընդունում են ջրով` սրտի շրջանում ցավերի ժամանակ: Իսկ տրորած թարմ տերեւները կարելի է դնել ճակատային մասում` արյունահոսությունը դադարեցնելու համար: Եղինջի արմատը եւ սերմերը շաքարով եփած վիճակում ընդունում են միզաքարային հիվանդությունների ժամանակ, իսկ ընդհանրապես բույսն օգտագործվում է դեղնուկի, առատ քրտնարտադրության, ճիճվակրության, աղեփքության, բարձր ջերմության, նյարդային նոպաների ժամանակ: Եղինջի տերեւներից եփուկ պատրաստվում է հետեւյալ կերպ` 10-15գ հումքը լցնել 200մլ ջրի մեջ, եփել 10րոպե ու ըմպել 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ` վերը նշված ախտանշանների դեպքում: Իսկ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ են նույն բաղադրիչները, բայց ոչ թե եղինջը պետք է եռացնել ջրի մեջ, այլ 2 ժամի չափ թողնել եռջրի մեջ: Քամելուց հետո խմել բաժակի 1/4 մասը` օրը 3 անգամ:
Եղինջի տերեւները եւ ծովի աղը միասին շատ լավ հակաբիոտիկ կարող են հանդիսանալ: Եղինջը շատ լավ բարձրացնում է արյան հեմոգլոբինը: Բայց թվարկված առավելությունների մեջ չպետք է մոռանալ եղինջի բացասական ազդեցությունների մասին եւս: Նախքան այն օգտագործելը՝ պետք է տեղյակ լինել արյան մակարդելիության մասին: Որովհետեւ եղինջի հիմնական ազդեցությունը արյունը մակարդելու հատկությունն է: Այդ պատճառով թրոմբոֆլեբիտների ու երակների վարիկոզ լայնացմանը եղինջը բոլոր ձեւերով հակացուցված է: Այն խիստ հակացուցված է հղիներին, քանի որ եղինջը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը: Հետեւաբար, հղիների հեմոգլոբինը պետք չէ փորձել բարձրացնել եղինջի օգնությամբ: Հակառակ դեպքում հնարավոր է հղիության ընդհատում:
Բոլոր մյուս դեպքերում այն շատ օգտակար է: Օրինակ` եղինջի օգնությամբ կարելի է շատ լավ նիհարել, քանի որ նրա օգնությամբ նյութափոխանակությունն արագանում է, ավելորդ ճարպերի այրումն արագ է տեղի ունենում: Եղինջը կարելի է անցկացնել մսաղացով, ավելացնել մի քիչ մածուն, մի քիչ էլ մեղր եւ ուտել: Այս աղցանը արագացնում է նյութափոխանակությունը: Եղինջը կանխում է ռեւմատիզմի առաջացումը: Ռուսական բաղնիքներում նույնիսկ եղինջի մի քանի հարվածը պարտադիր է: Այն լավացնում է արյան շրջանառությունը: Պետք է ասել, որ ամենաօգտակարը մայիսյան եղինջն է:
Աղն անփոխարինելի չէ
Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ` պղպեղ, քացախ, կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որը եւ՛ համեղ է, եւ՛ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, ինչը, սակայն, այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ: