Մեկնում է ԱՄՆ

28/05/2010

Վերջին օրերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն վարչապետ Էրդողանի հետ պաշտոնական այցով գտնվում է Լատինական Ամերիկայում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի, հունիսի 1-ին Դավութօղլուն ընդհատելու է լատինաամերիկյան պաշտոնական ուղեւորությունը եւ մեկնելու է Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նույն աղբյուրի համաձայն` հանդիպումը նպատակ ունի մեղմացնել լարվածությունը մայիսի 17-ին Իրան-Թուրքիա-Բրազիլիա եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Նշվում է, որ հանդիպման ցանկությունը հայտնել է պաշտոնական Անկարան: Ըստ «Milliyet»-ի, միջուկային այդ համաձայնագրի կնքումը վերջին ամիսների երկրորդ խոշոր ճգնաժամն է հասունացրել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ: Որպես առաջին ճգնաժամ` հիշատակվում է մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը: «Ամերիկյան հասարակությունում լայնորեն քննարկվում է այն, որ Անկարան իր արեւմտյան դաշնակիցներից հեռանում է: Կարելի է կարծել, որ Դավութօղլուն ամերիկյան հանրության շրջանում առկա անհանգստությունը փարատելու համար էլ Քլինթոնի հետ շտապ հանդիպելու ցանկություն է հայտնել»,- գրում է թերթը: