ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հ. Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել անցած շաբաթ Աշոտ Գիզիրյանին Շիրակի մարզպետ նշանակելուց հետո: Սակայն այս տեղափոխությունների իրական պատճառը, ինչպես վերջերս քննարկվում էր իշխանական վերնախավում, կապված չէ Գիզիրյանին կամ Հարությունյանին իրենց նոր պաշտոններում տեսնելու իշխանությունների ցանկության հետ: Հայկ Հարությունյանի արդեն նախկին` պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը Հայաստանում համարվում է ամենաառանցքային պաշտոններից մեկը: Ներիշխանական վերջին խմորումների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններին զուգահեռ՝ այդ պաշտոնյայի ով լինելն ավելի կարեւոր է դառնում: Հենց այդ պատճառով, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր ներկայիս անվտանգության ծառայության ղեկավար, իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը համարվող Վաչիկ Ղազարյանին: Նրա նշանակումը ՊՊԾ պետի պաշտոնում տեղի կունենա հավանաբար արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում` եւս մեկ անգամ հաստատելով արդեն մի քանի ամիս քննարկվող տեղեկությունները` իշխանության ներսում եւ իշխանությունից դուրս առկա հակասությունների վերաբերյալ: