Այսքան ուրախ կյանքը մեր…

27/09/2005

Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների մեր սցենարը չի
փոխվում: Յուրաքանչյուր համայնք փորձում է ամենալավը նշել, սակայն ամեն
տարի, ամենուր ստացվում է նույնը: Հրավիրում են համայնքի հնարավորինս
նշանավոր բնակիչներին, դպրոցներից ու ակումբներից բերում են պարային խմբեր
ու կատարողներ, ու ամեն անգամ կրկնվում է նույն սցենարը:

«Ծափ, ծափ, ծափ…»,- մղկտալով խնդրում ու խնդրելով պահանջում է
համերգավարը: Ծափ տվող չկա: Արեւածաղկի սերմ ենք չրթում: Բեմն արդեն լքող
պարային խմբերին ու մենակատարներին հետ է կանչում. «Նորից խոնարհվեք:
Ծափահարեք նրանց, նրանք մեր վաղվա օրն են»: «Մեր վաղվա օրը» հրմշտելով հետ
է գալիս, շարվում բեմին, նորից խոնարհվում: Հատուկենտ ծափեր: «Դարերով մեզ
փորձել են կոտորել արաբը, սելջուկը, թուրքը…»,- մղկտում է հաղորդավարը:
«Ծափ, ծափ, ծափ…»,- շարունակում է մյուսը: «Մեր համայնքը պետք է
բարգավաճի…»,- հասնում է ականջիս: Հատկապես, որ այս տարի որոշ
համայնքներում Անկախության օրը նախորդեց ՏԻՄ ընտրություններին, նաեւ
առիթից օգտվեցին ու նախընտրական բուկլետներ բաժանեցին: «Ծափ, ծափ…»:

Այս ամենի ֆոնին քաղաքակիրթ ու ժողովրդավար է փորձում երեւալ Ազգային
ժողովը: Բացվում են Ազգային ժողովի դարպասներն ու ժողովրդին հրավիրում
տոնական համերգի: «Ազգային ժողովը՝ ժողովրդին» խոսուն վերնագրով հրավիրում
են դասական երաժշտություն ունկնդրելու:

«Ներեցեք, դուք քաղաքացի՞ եք»,- հարցնում է ԱԺ բակում Հանրային ռադիոյի
թղթակցուհին: «Այո»,- ասում եմ: «Ի՞նչ եք կարծում՝ մենք գնահատո՞ւմ ենք
մեր անկախությունը»,- հարցնում է: «Գիտեք, ես քաղաքացի չեմ, ես լրագրող
եմ»,- փոշմանում եմ: «Վայ, կներեք»,- շփոթվում է: «Ոչ մի քաղաքացի
չգտա՞ք»,- հարցնում եմ մի քանի րոպե անց: «Մի քանիսին գտա, ասացին՝ այո,
գնահատում ենք…»,- ասում է գոհ ու գնում Անկախության մասին իր ռեպորտաժը
պատրաստելու: Ես էլ եմ գնում: Ճամփին, դեռ ԱԺ ճաղերից ներս, սայլակի մեջ
նստած համերգ է լսում նաեւ 51-ամյա Սամսոնը: Մի ոտքը չկա: Բեմից հեռու,
ծառերի տակ կանգնած է նրա սայլակը: Ասում է՝ «Աստծո կամոք այստեղ հասա,
«ախրանան» չի թողնում բեմին շատ մոտ գնամ, այստեղից էլ վատ է լսվում»:
Ասում եմ՝ «Գնամ խնդրեմ՝ քեզ մոտ թողնեն»: Ասում է՝ «Պետք չի, փառք Աստծո,
շնորհակալ եմ, որ ներս թողեցին»: Ծանոթներիցս մեկն ասաց՝ «Գործ չունես դրա
հետ, սաղին կպռշկվում փող է ուզում, ասում ես՝ չկա, բայց չի հեռանում՝ էլի
է կպռշկվում»: Ասում եմ՝ «Լավ, համոզեցիր»: Ու գնում եմ: Ճամփին լսում եմ՝
«Դե, ասում եմ, տոն ա-բան ա, մի հատ հավաքվենք, մի թեթեւ սեղան դնենք, մի
թաս բան խմենք… »:

Իհարկե, 14 տարի է անկախ ենք, հանաք բան չի…

Ն.Ա.