Իշխանությունը ինքնահստակեցվում է

28/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Իշխանության կուլիսներում գնալով ավելի է թեժանում յուրայինների հստակեցման եւ հավաքագրման համար մղվող պայքարը:

Իշխանության մեջ գտնվող եւ ավելի մեծ իշխանության ձգտող քաղաքական ուժերն անընդհատ աշխատում են համալրել իրենց շարքերը, քանի որ հզորանալու համար նույնիսկ ընտրություններից մինչեւ հաջորդ հերթական ընտրություններն ընկած ժամանակն է շատ կարճ: Այսպիսով, իշխանության վերնախավում նախ փորձում են հստակեցնել, թե ով` ում մարդն է: Այստեղ արդեն իսկ կա ընդամենը 2 կողմնորոշում` նախկին ու գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թեւերը: Եվ թե իշխանության, թե ընդդիմություն համարվող ուժերը տարբերակվում են ըստ այն հանգամանքի, թե որը հատկապես ո՞ր նախագահին է սպասարկում: Բնականաբար, այդ տարանջատումն առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Վերջինս համարվել եւ համարվում է Ռ. Քոչարյանի քաղաքական հենարանը: Մեր տեղեկություններով, դեռ չկողմնորոշվածներին ու անկախ մնալ ցանկացողներին անհապաղ կողմնորոշվելու վերջնագրեր են ներկայացվում: Եվ այս գործընթացը հիմնականում պետք է ավարտվի առաջիկա 1 տարվա ընթացքում, քանի որ հաջորդ տարվանից արդեն ընտրարշավը ստվերից դուրս է գալու եւ ծավալվելու է բացահայտ կերպով: Կառավարության վերին օղակում այդ հստակեցումը կարծես թե ավարտվեց անցած տարեվերջին ՀՀԿ համագումարով, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր նախարարների` Տիգրան Դավթյանի եւ Ներսես Երիցյանի հետ միասին, մտավ այդ կուսակցություն: Հիմա պայքարը թեժացել է խորհրդարանում, որի հերթական դրսեւորումներից էր նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը: Մինչ այդ մոտ մեկուկես տարի առաջ այդ խմբակցության փաստացի անդամը դարձան անկախ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Ռուստամ Գասպարյանը: Դրանից ավելի ուշ ՀՀԿ-ն անստորագիր դիմումներ բաժանեց մյուս անկախ պատգամավորներին, որպեսզի նրանք ստորագրեն ու դառնան նույնանուն խմբակցության փաստացի անդամներ: Շատերը ստորագրել են այդ դիմումները: Անկախների հետ կապված գործը ավարտվեց, եւ հիմա իշխանական դաշտի այս երկու խաղացողները սկսել են միմյանց շարքերը պառակտելու եւ իրարից պատգամավորներ փախցնելու գործընթացը: Ավելի ճիշտ, հստակեցման այս գործընթացը սկսվել էր դեռեւս 2007-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, բայց դեռ իր ավարտին չի հասել: Հիմա պատգամավորների շրջանում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «գույքագրում» են իրականացնում, հստակեցնում են, թե ո՞վ է հանդիսանում իրենց իրական թիմակիցը:

Եվ որքան էլ իշխանությունը կոալիցիոն համարվի, իրականում ՀՀԿ-ն Հայաստանում ունի միահեծան իշխանություն, որովհետեւ այս կուսակցությանն են պատկանում հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոնները: ԱԺ-ում, սակայն, այս կուսակցության հիմքերն այնքան էլ ամուր չեն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ լինելով հանդերձ՝ յուրային չի համարվում: Նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի ու իր վստահելի շտաբի պետի միջեւ թափ առած ներքին հակամարտությունն առայժմ թեեւ բուռն դրսեւորումներ չի ունեցել, բայց, ասում են` նրանց միջեւ այլեւս խորը անդունդ կա: Եվ հիմա Հ. Աբրահամյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ միասին, խորհրդարանում մեծ ուժ ունի, որը միայն ԲՀԿ-ով չի սահմանափակվում: Դաշնակցությունը, որն ավանդաբար Քոչարյանին սատարող ուժ է համարվում, ԲՀԿ-ի հետ միասին՝ ծանրակշիռ ուժ կարող են կազմել: Առաջին հայացքից թվում է, թե, եթե նույնիսկ ԱԺ բոլոր ուժերը միավորվեն, միեւնույն է, ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի: Բայց հենց այստեղ է «թաղված շան գլուխը», որովհետեւ այդ կուսակցությունը խորհրդարանում իր բոլոր 63 պատգամավորների տերը չէ: Այդ խմբակցությունը նույնպես պառակտված է, որի մի թեւը սատարում է Ս. Սարգսյանի հետ տարաձայնություններ ունեցող Հ. Աբրահամյանին: Եվ վերջինս լինելով խորհրդարանի ղեկավարը` կարողացել է որոշ հանրապետականների իրենով անել: Ինչ խոսք, շատերը դա բացատրում են նաեւ այն հանգամանքով, որ Հ. Աբրահամյանը կարողանում է մարդկային հարաբերությունները ճիշտ պահել եւ նրանց խնդիրներին աջակցել: Եվ այսպես, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ի մեջ «ական» է համարվում նույնանուն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա եւ Հ. Աբրահամյանի մտերմությունը նոր չէ, երկար տարիների պատմություն ունի: Եվ եթե Գ.Սահակյանը համարվում է Հ. Աբրահամյանի կողմնակիցը, ուրեմն այս առումով նրանց հետ են նաեւ նրա պատգամավոր որդին` Արման Սահակյանը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մասնակիցներից մեկը այսպիսի եզրահանգման էր եկել, երբ տեսել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի վերաբերյալ «հայտնի քվեարկության» ժամանակ Գ. Սահակյանը քվեարկությանը չի մասնակցել: Այլեւս կասկած չկա, որ Վ.Այվազյանը նույնպես այս թեւին է պատկանում: ԱԺ-ում Հ. Աբրահամյանի «մարդկանցից» է համարվում նաեւ նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Կարեն Ճշմարիտյանը: Ավելորդ է ասել, թե ՀՀԿ խմբակցությունում ում կողմնակիցներից է Ռ. Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանը: Կարծես թե նույն կողմնորոշումն ունի նաեւ «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի պատգամավոր որդին` Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, այդ գործարանն իրականում պատկանում է Ռ. Քոչարյանին: Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ Քոչարյանների ընտանիքը 50% բաժնեմաս ունի նաեւ «ՄԱՊ» գործարանում, որի սեփականատեր, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նույնպես այս թեւին հարող մարդ է համարվում: Թեեւ, ասում են` վերջինս իրականում մեծ ցանկություն ունի ազատվել Ռ. Քոչարյանի ազդեցությունից եւ բիզնեսում` գործընկերությունից: Հ. Աբրահամյանի կողմնակից է համարվում նաեւ գործարար պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Այսպիսով 63 հոգանոց ՀՀԿ խմբակցության այս 9 պատգամավորներն ակնհայտ քոչարյանամետ են: Որոշ պատգամավորների կարծիքով` պատահական չէ, որ այս տարի Վերահսկիչ պալատը խոշոր գումարների բացահայտումներ հայտնաբերեց Բնապահպանության նախարարության` Վ. Այվազյանի նախարար աշխատած տարիների գործունեության մեջ: Իհարկե, Վ. Այվազյանի պաշտոնավարության շրջանում մամուլում էլ մշտապես ներկայացվել են նրա գործունեության հետ կապված աղմկահարույց փաստեր: Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, թե Հարկայինը լայնածավալ ստուգումներ է անցկացնում Հ. Աբրահամյանի եւ Գ. Ծառուկյանի ու իրենց պատգամավորների, կողմնակիցների ընկերություններում: ՀՀԿ խմբակցությունում, իհարկե, կան շատ անդամներ, ովքեր ակնհայտորեն Ս. Սարգսյանի կողմնակիցներն են: Օրինակ, այդ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Արտակ Դավթյանը եւ այլք: Իհարկե, նրանց շարքն այս անուններով չի սահմանափակվում, սակայն այս խմբակցությունում կան մի խումբ «եղանակ չստեղծող» պատգամավորներ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, սպասում են, թե զարգացումները ո՞ր կողմի օգտին կծավալվեն:

Իհարկե, այս ամենը զուտ ներքաղաքական կուլիսներում տեղի ունեցող խոսակցություններ-ենթադրություններ են, որոնք, սակայն, շատերին ցայտնոտային իրավիճակի մեջ են գցել: Իրականում, այնպիսի տպավորություն է, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչները նախընտրական «ֆալշ ստարտի» մեջ են ներքաշվել: Եվ չի բացառվում, որ այն մեկնարկել է հենց իշխանությունների նախօրոք գծված սցենարով` իրենց համար յուրայիններին եւ հնարավոր «խաղեր տվողներին» նախապես բացահայտելու համար: Եվ շատերն այդ կուտը կերել են: