ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են, եւ եվրոպական կառույցները իրոք զբաղվում են եւ խնդրի լուծմամբ, եւ մեր հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք, որ երբ թուրք պատգամավոր Մովլութ Չավուշօղլուն դարձավ ԵԽ ԽՎ նախագահ, նա փորձեց ակտիվացնել ԼՂՀ հարցով զբաղվող ենթահանձնաժողովը: Եվ Ս.Սարգսյանի հայտարարությունը, թե «ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵԽ անդամ են, եւ եվրոպական կառույցներն իրոք զբաղվում են եւ խնդրի լուծմամբ», արդյոք չի՞ նշանակում, որ ՀՀ նախագահը անուղղակիորեն ակնարկում է, որ ԼՂՀ հակամարտությունը կարող է քննարկվել նաեւ այս ու եվրոպական այլ կառույցներում: Չէ՞ որ այդ հակամարտության կարգավորմամբ պաշտոնապես զբաղվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը գտնում է, որ այս արտահայտությունը կոնտեքստից կտրված է: «Ես կարծում եմ, որ ԼՂՀ հակամարտությանը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Ամենաարդյունավետ տարբերակը դեռեւս դա է, եթե որեւէ փոփոխություն լինի, դա պաշտոնապես կհայտարարվի: Իսկ ընդհանուր առմամբ, եթե կոնտեքստից չվերցնենք, Ս.Սարգսյանը ցանկացել է ասել, որ ԼՂՀ-ում կայացած ԱԺ ընտրությունները դե ֆակտո գործող իշխանության լեգիտիմացման, կամ ավելի լիգիտիմ կառավարելու հավաստումն էր: Որ այնտեղ ժողովուրդն իր իշխանությունն ընտրում է ժողովրդավարական ճանապարհով: Եվ ԼՂՀ-ն, որը որեւէ պետության կողմից չի ճանաչվում, որպես անկախ պետություն՝ ավելի ժողովրդավարական է, քան նույն Ադրբեջանը»,- ասաց Հ.Սահակյանը: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ նախ ուղղեց Ս.Սարգսյանին` ասելով, թե ԵԱՀԿ-ն ոչ թե եվրոպական, այլ ԵԱՀԿ տրանսատլանտիկ կառույց է, քանի որ ԵԱՀԿ անդամ են նաեւ ԱՄՆ-ը եւ Կանադան: Եվ հետո ավելացրեց, թե վերը նշված հայտարարությունը Ս.Սարգսյանի հերթական նվերն է թուրքական եւ ադրբեջանական կողմերին: «Հայտնի է, որ վերջիններս ամեն ինչ անում են, որ այլ կառույցներ նույնպես զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, այդպիսով փորձում են ստեղծել առավել բարենպաստ ուժերի հարաբերակցություն` համապատասխան բանաձեւերի քվեարկության ընթացքում: Ձեռքին ունենալով Ս. Սարգսյանի այս հայտարարությունը` ԵԽ ԽՎ նախագահ Մ. Չավուշօղլուն առանց որեւէ խոչընդոտի կհաղթահարի ԵԽ ԽՎ-ում ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի բացման դեմ հայկական կողմի միակ փաստարկը, պաշտոնական դիրքորոշումը, թե ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հունիսին կայանալիք առաջիկա հանդիպմանը նա կհայտարարի, որ Ս. Սարգսյանը ընդունում է այն փաստը, որ եվրոպական կառույցները զբաղվում են ԼՂ խնդրով, հետեւաբար՝ ԵԽ ԽՎ-ն, լինելով եվրոպական կառույց, նույնպես պետք է ներգրավվի: Այսինքն, Ս. Սարգսյանի այս անհաջող հայտարարությունը մեծապես կդյուրացնի ԼՂ հարցով ԵԽ ԽՎ հատուկ հանձնաժողովի վերաստեղծումը, որը մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար»,- ասաց Վլ. Կարապետյանը: