Ինքնուրույն

28/05/2010

«2008թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է ավելի քան երկու տարի: Սակայն մինչեւ օրս հասարակությունը չի ստացել բազմաթիվ հարցերի պատասխանները»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այս հարցերին պատասխաններ չտալը հանգեցնելու է նրան, որ միջազգային տարբեր կառույցներ, իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ իրենց տարեկան զեկույցներում անդրադառնալու են այս խնդիրներին, նաեւ շահարկելու են այս փաստը»,- ասել է նա` մեկնաբանելով «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, որում մանրամասն անդրադարձ կար մարտիմեկյան իրադարձություններին: «Մինչեւ օրս մենք չունենք որեւէ մեկը, որը հստակ կմեղադրվեր նրանում, թե ինչու էր ապօրինի ստորագրվել հրամանագիր` արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ»,- ասել է Փոստանջանը` հիշեցնելով, որ այդ հրամանագրի մի դրույթում ամրագրված էր զինված ուժերի ներգրավվածությունը: Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային նորմերով՝ զինված ուժերն իրավունք չունեն ներգրավվել քաղաքացիական իրավահարաբերություններին: «Շատ ցավում եմ, որ մինչեւ օրս մենք գնահատական չենք տվել Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, երբ մամուլի ասուլիսում նա հստակ հայտարարեց, թե ստիպված էր օգտագործել բանակը,- նշել է նա` ավելացնելով,- Մենք պետք է ինքնուրույն սկսենք մի գործընթաց, որպեսզի իրական մեղավորները պատժվեն»: