ՀՀ Կառավարությունն օրերս մի փոքրիկ, բայց դրական քայլ է կատարել՝ պետական բյուրոկրատիան մի փոքր թեթեւացնելու առումով։ Մեկ քայլով կրճատել է այն «ջանջալ» ճանապարհը, որը գործարարը պետք է անցնի իր գործունեության ամենաառաջին փուլում՝ բիզնեսը գրանցելիս։
Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ բիզնես սկսելուց առաջ պետք է նախ ներկայանար Պետական ռեգիստր, գրանցվեր, ստանար վկայական, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ներկայանար հարկային մարմին, հաշվառվեր եւ ստանար իր ՀՎՀՀ-ն՝ հարկ վճարողի հաշվառման համարը։ Հարկայինի հետ չառնչվող ընթերցողների համար պարզաբանենք, որ ՀՎՀՀ-ն ութ նիշանոց թիվ է, որը լինում է ընկերությունների կնիքի վրա։ Այլ կերպ ասած՝ դա տնտեսվարող սուբյեկտի անձնագրի համարն է, որը պահանջվում է բոլոր տեսակի գործարքների ժամանակ՝ վճարումներ, փոխանցումներ, վարկի ստացում եւ այլն։ Այսինքն՝ առանց դրա տնտեսվարող սուբյեկտը պարզապես իրավունք չունի գործունեություն ծավալել։ Առաջին անգամ սեփական բիզնես սկսող ՀՀ շարքային քաղաքացու համար ՀՎՀՀ ստանալը առիթ է դառնում, որպեսզի նա առաջին անգամ վայելի հարկային մարմինների հետ շփվելու հաճույքը։ Համապատասխան մուծում է անում, դիմում գրում, 3-4 հատ բլանկ լրացնում, 3-4 օր հետո նորից է այցելում հարկային մարմին եւ ստանում իր կոդը։ Հետո արդեն, այդ կոդն ունենալով, կնիք է պատվիրում, սակայն դա արդեն այլ թեմա է։ Այժմ կառավարությունը որոշել է թեթեւացնել սկսնակ գործարարի ճանապարհը, եւ «արանքից հանել» է ՀՎՀՀ ստանալու համար հարկային մարմին գնալու անհրաժեշտությունը։ Այսպես, ՀՀ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր երկու որոշումները՝ հնարավորություն ստեղծելով, որպեսզի կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկ վճարողի հաշվառման համարները ստանան ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցմանը (հաշվառմանը) զուգընթաց։ «Այդ գործընթացի կազմակերպման նպատակով հարկային մարմինը թույլ է տվել իր ավտոմատացված կառավարման համակարգի տվյալների բազայից օգտվել առգիծ ռեժիմով։ Այդպիսով, հարկ վճարողի գրանցումը, ՀՎՀՀ տրամադրումը կիրականացվեն մեկ մարմնի միջոցով»,- նշված է կառավարության կայքէջում։ Այս փոփոխությունից կօգտվի տարեկան շուրջ 10.000 հոգի, քանի որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանի խոսքերով, տարեկան կտրվածքով միջին հաշվով Հայաստանում գրանցվում է 10.000 նոր բիզնես։ Ռ. Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին նաեւ տեղեկացրել է, որ հարկ վճարողները կազատվեն նաեւ վարչական պատասխանատվությունից. «Նորմ կար, որ մեկ ամսվա ընթացքում հարկ վճարողը պետք է ներկայանար հարկային մարմին ու կանգներ հաշվառման։ Չներկայանալու դեպքում ենթարկվում էր վարչական պատասխանատվության։ Սա եւս դուրս է եկել»։ Նա նաեւ նշել է, որ ողջ ընթացակարգը կարող է տեւել ընդամենը 1 օր, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կգործի առցանց համակարգ, որի միջոցով բոլոր փաստաթղթերը եւ տվյալները կմտցվեն բազայի մեջ, որից հետո համարը կտրամադրվի մեխանիկորեն։
Նշենք, որ ըստ հաշվապահների, փոփոխությունը՝ որպես այդպիսին, դրական քայլ է, սակայն նրանցից շատերը զուտ տեխնիկապես չեն պատկերացնում, թե պետական ռեգիստրը ինչպես է կարողանալու 1 օրվա ընթացքում ՀՎՀՀ տրամադրել։ «Հարկայինում 3-4 հատ թուղթ են լրացնում, ամենատարբեր տվյալներով։ 3 օր է պահանջվում, մինչեւ այդ տվյալները մշակվեն եւ ՀՎՀՀ տրամադրեն։ Ստացվում է՝ Պետռեգիստրն իր վրա է վերցնելու հարկայինի գործը, ընդ որում՝ շատ ավելի արագ է անելու, ինչը մի քիչ հավանական չի»,- ասում են հաշվապահները։ Ոմանք էլ իրենց ենթադրությունների մեջ ավելի հեռուն են գնում՝ կանխատեսելով, որ Պետռեգիստրը ձեւական ինչ-որ 8 նիշանոց թիվ է տալու, որից հետո՝ գործունեության ընթացքում, երբ հարկատուն առաջին անգամ առնչվի հարկային մարմնի հետ, միեւնույն է՝ նրան «քրքրելու են»՝ պահանջելով լրացնել հազար ու մի թուղթ։ Այսինքն՝ քաշքշուկը ոչ թե վերանալու է, այլ պարզապես՝ շատ կարճ ժամանակով հետաձգվելու։
Եթե անգամ ենթադրենք, որ այդ հոռետեսությունը արդարացված չէ, ամեն դեպքում՝ վերը նշված քայլի ազդեցությունը չի կարելի գերագնահատել։ Կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ, օրինակ, այս նախաձեռնությունը ներկայացված է՝ որպես «բիզնեսի պայմանների բարելավում»։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանում բիզնես գրանցելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնես անելը (պետական մարմինների հետ շփվելու տեսանկյունից) եւ մանավանդ՝ բիզնեսը փակելը։
Այս մասին փաստում է նաեւ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business 2010» զեկույցը։ Այսպես՝ բիզնես սկսելու առումով Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցնում է 21-րդ տեղը, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Սակայն ընդհանրապես բիզնես անելու տեսանկյունից մենք 43-րդ տեղում ենք, իսկ բիզնեսը փակելու ցուցանիշով՝ ավելի ցածր՝ 49-րդ տեղում։
Ավելացնենք նաեւ, որ ՀՎՀՀ-ն բիզնես սկսելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Ապրանքներ կամ ծառայություններ իրացնող տնտեսվարող սուբյեկտը պետք է ունենա առաքումների գիրք, որը պետք է հաստատվի հարկային մարմնի կողմից։ Իսկ հատկապես այն դեպքերում, երբ իրացման վայրը տնտեսվարող սուբյեկտին չի պատկանում՝ եւ գործում է վարձակալական հիմունքներով, այդ պրոցեսն իսկական գլխացավանքի է վերածվում. պետք է գնալ կադաստր, վերցնել միասնական տեղեկանք, որ տարածքը կալանքի կամ գրավի տակ չէ, հետո մտնել նոտար եւ հաստատել վարձակալության պայմանագիրը, որից հետո գնալ հարկային, դիմում գրել, սպասել, մինչեւ հարկային տեսուչը գա եւ իր աչքով տեսնի տարածքը, հետո նոր վերցնել առաքումների գիրքը։ Ընդ որում, եթե տնտեսվարողը զարգացնում է իր բիզնեսը եւ ընդլայնում վաճառքի կետերի քանակը, ստիպված է լինում մի քանի անգամ անցնել այս պրոցեսի միջով՝ իր նյարդերի, ժամանակի եւ գումարների հաշվին։
Այնպես որ, բյուրոկրատիան թեթեւացնելուն ուղղված նման քայլեր անհրաժեշտ են ոչ միայն բիզնեսի գրանցման փուլում, այլեւ՝ ընթացքում։ Այլապես՝ միայն գրանցման փուլում քարոզվող փոփոխությունները նմանվում են խայծի, որի պատճառով տնտեսվարող սուբյեկտը հայտնվում է պետական բյուրոկրատիայի սարդոստայնում։