Առնվազն 65 մարդ զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են երեկ առավոտյան Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Արեւմտյան Բենգալիա նահանգում գնացքը դուրս է եկել գծերից եւ բախվել մեկ այլ գնացքի: Նախ հաղորդվել էր, թե գնացքի գծերից դուրս գալուն նախորդել է պայթյունը, իսկ ավելի ուշ պաշտոնյաները հայտնել են, որ ուսումնասիրում են ռելսերը միացնող դետալների հեռացման վարկածը: Տեղի ունեցածի հնարավոր պատճառ է համարվում սաբոտաժը. երկաթուղային աղետը տեղի է ունեցել մի վայրում, որը համարվում է Հնդկաստանի մաոիստ ապստամբների հենակետը: Հնդկաստանի ոստիկանությունը երկաթուղային աղետի համար մեղադրել է մաոիստ ապստամբներին: Արեւմտյան Բենգալիայի ոստիկանապետ Բհուփինդեր Սինգհը հայտարարել է. «Սա սաբոտաժի հստակ դեպք է: Մաոիստներն են արել դա»: