«Թուրքիայում կա հայկական 20 դպրոց։ Մոսկվայում՝ ոչ մի հատ»

28/05/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Եթե Հայաստանում պիտի հիմնվեն օտարալեզու դպրոցներ, ապա մի պայմանով` սահմանված տոկոսի պայմաններում՝ այն էլ՝ միայն ավագ դպրոցում։ Սա՝ մեկ։ Երկրորդ, ցանկալի է, որ օտարալեզու դպրոցների բացումը լինի միջպետական համաձայնագրերով կանոնակարգված հարաբերություններով պայմանավորված։ Մենք գրեթե 1 միլիոն հայ ունենք Մոսկվայում, եթե ոչ ավելին, այդպես չէ՞: Ինչո՞ւ մենք Մոսկվայի կառավարության հետ չհամաձայնեցնենք` մենք այստեղ բացենք դպրոց ռուսերեն ուսուցմամբ, ընդունենք, բայց նույն թվով հայկական դպրոց բացվի Մոսկվայում կամ այլ քաղաքներում։ Եթե ռուսական շահն է դա թելադրում, մենք էլ պիտի մեր շահին հետամուտ լինենք։ Թուրքիայում գործում են շուրջ 20` հայկական 12 դասարանով հանրակրթական դպրոցներ, իսկ Մոսկվայում` ոչ մեկը, երբ Ստամբուլում ապրում է 60.000 հայ, մինչդեռ Ռուսաստանում…»: Սա Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանի կարծիքն է:

– Դուք լավ գիտեք Սփյուռքը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են քննությանը դիմանում ԿԳ նախարարի մեկնաբանությունները, թե օտարալեզու դպրոցները հրաշալի առիթ են սփյուռքահայ երեխաների համար` վերադառնալ հայրենիք եւ այստեղ ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

– Հիմնազուրկ է այն տեսակետը, թե օտարալեզու դպրոցները կնպաստեն Սփյուռքից այստեղ աշակերտների հոսքին: Այդպիսի բան լինել չի կարող: Նախ` եթե Սփյուռքից մարդն ուզում է գալ Հայաստան, անպայմանորեն ուզում է հայերեն սովորել: Եթե մենք նրան տալու ենք օտար լեզու սովորելու հնարավորություն, իրենց լավագույն կրթօջախները թողած` ինչո՞ւ պետք է գան այստեղ:

– Սփյուռքի հայկական գաղթօջախներում երեխաների քանի՞ տոկոսն է հաճախում հայկական կրթօջախներ:

– Սփյուռքում կա մոտ 160 կրթօջախ, գումարած` 180-ի հասնող միօրյա վարժարանները, եւ, պատկերացրեք. հազվադեպ օջախներում է երեխաների թիվը հասնում 300-ի: Միջինը 60-80 է: Վերադառնալով ԿԳՆ հոգածությանը, թե այստեղ իբր այդ ճանապարհով ապահովելու ենք միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն (իրենք են խոստովանում, որ դա աբսուրդ է, եւ ուզում են «էլիտար» ոչ ավանդական քայլեր անել), տային, իրենց ո՞վ էր խանգարում այսքան տասնամյակներ։ Ես չէի կարծում, որ մենք այդքա՜ն ուշադիր ենք նրանց հանդեպ, ովքեր դրսում են եւ ուզում են հայկական կրթություն ստանալ կամ առհասարակ կրթություն ՀՀ-ում: Տարանջատենք` այդ մարդիկ ուզում են Հայաստանո՞ւմ կրթություն ստանալ, թե՞ հայերենով կրթություն են ուզում ստանալ: ՀՀ-ում կրթություն ստանալու դեպքում սփյուռքահայի ինքնության իրավունքը ՀՀ-ում եւս պաշտպանված չէ: Եթե գալիս են այստեղ, դառնում են արեւելահայ. ձեւախեղվում է նրանց արեւմտահայ ինքնությունը;

– Ինչո՞ւ է ձեւախեղվում. չե՞ք կարծում, որ հայի ինքնությունը մեկն է` անկախ բնակության աշխարհագրությունից:

– Մենք ունենք երկու գրական լեզու: ՀՀ-ում պաշտպանվում է մեկ գրական լեզու: Մյուսն անխնամ վիճակում է: Կարո՞ղ եք ցույց տալ ՀՀ-ում որեւէ կրթօջախ, որ պատրաստում է արեւմտահայերենի ուսուցիչ: Ո՛չ: Չէ՞ որ մենք արեւմտահայի ինքնության գերխնդիր ունենք։

– Դուք խոսում եք արեւմտահայերենի մասին. հայերենի այդ ճյուղն իրո՛ք վտանգված է, սակայն վտանգված է նաեւ մեր պետական լեզուն` արեւելահայերենը: Գրական հայերենին այսօր քչերն են տիրապետում, իսկ առանց կետադրական եւ ուղղագրական սխալների չի արվում անգամ պետական գրագրությունը:

– Բայց արեւելահայերենը կանոնակարգված է. կա Լեզվի ակադեմիական ինստիտուտ: Արեւելահայերենի հետ կապված խնդիրները կարծես լուծված են` ուղղագրություն, հնչյունական համակարգ, լեզվական բազում ենթաշերտեր, բայց արեւմտահայերենինը` ոչ: Արեւմտահայերենով, օրինակ, «Կանադա» բառը գրվում է երեք ձեւով: Չկա մեկ գործող լեզվական բարձրագույն օղակ, խորհուրդ, որը պարզապես պարտադրեր գրության կայունացած ձեւեր, ինչպես արեւելահայերենում:

– Ըստ էության` արեւմտահայերենը Սփյուռքի մեր հայրենակիցների համար երկրորդ, անգամ՝ երրորդ լեզու է: Այսինքն` արեւմտահայերենը դարձել է լեզու, որով խոսում են, բայց այդ լեզվով չեն մտածում: Հետեւաբար` Հայաստանում այդքան էլ չեն գիտակցում արեւմտահայերենը կանոնակարգելու անհրաժեշտությունը:

– Առավել եւս։ Իսկ մեզ մոտ հայերեն են մտածում այն պետական չինովնիկները, որոնք ժամանակին ռուսական դպրոցներն էին ավարտում՝ «քիթերնիս խնդալով»։ Եկեք անկեղծ լինենք` արեւմտահայերենը լուսանցքում է: Հայաստանում մենք պիտի պաշտպանենք արեւմտահայերենը, որպեսզի ունենանք արեւմտահայի ինքնության պաշտպանության գիտակցությունը: Սա լուծելի խնդիր է, եւ կարծում եմ` ժամանակն է մտածելու ոչ թե սփյուռքահայերին «միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն» տալու մասին, այլ լուծել արեւմտահայի ազգային մտածողության, լեզվական իրավունքի պաշտպանության խնդիրը:

– Գիտամեթոդական այն ռեսուրսով, որն ունենք այսօր, այդ խնդիրը հնարավո՞ր է լուծել:

– Եթե այսօր չկարողանանք լուծել, վաղն այդ մտային պաշարը չենք ունենալու ընդհանրապես: Այսինքն` մենք մեզնից օտարում ենք այն, ինչ կոչվում է գրական հայերենի երկրորդ ճյուղ, հայոց տոհմածառի մեկ բարունակը: Եթե այսօր անտարբեր ենք արեւմտահայ դպրոցների, վարժարանների հանդեպ, մենք ինչպե՞ս ենք հույս տածում, թե վաղը նրանք կգան այստեղ` հայրենասիրական մղումներով լցված, եւ փայլուն կրթություն կստանան, երբ ինքներս արեւմտահայ դպրոցների համար ուսուցիչներ չենք պատրաստում: Կամ` մշակվա՞ծ են նման ծրագրեր։ Իսկ մենք ունե՞նք «Հայերենը որպես երկրորդ լեզու» մեթոդական դասագրքեր կամ ձեռնարկներ։ Լավ է, որ հիմա Սփյուռքի նախարարը մտածում է համահայկական կրթության բաղադրիչների մասին։ Իսկ գիտե՞նք, թե ինչ է Սփյուռքի վարժարանը առհասարակ։ Ով ասես` մտնում է արեւմտահայ վարժարաններ, դասարաններ: Ո՜վ ասես, միայն՝ ոչ մասնագետը: Շատ լավ գիտեք, որ «Ժամանակակից հայոց լեզու» ամպագոռգոռ առարկա ասելով` սովորեցնում ենք ժամանակակից հայերենի միայն մի ճյուղը` արեւելահայերենը: Ո՞ւր է կամ ի՞նչ չափաբաժին ունի արեւմտահայերենը դպրոցական եւ համալսարանական ծրագրերում: Եթե մենք այդպես ենք վարվում սփյուռքահայի հետ, նրան մեզնից, մեղմ բառով ասած` վանում ենք: Որովհետեւ անտարբեր ենք արեւմտահայ գրամշակութային ու լեզվական ճակատագրի հանդեպ, մերը չենք համարում, սովորեցնում ենք արեւմտահայ գրականությունը` առանց լեզվական նախնական պաշարի:

– Ասացիք, որ ՀՀ-ում խնդրի կարեւորությունը չի գիտակցվում, իսկ ի՞նչ եք կարծում, սփյուռքահայերի կողմից արեւելահայերեն սովորելու ցանկություն կա՞: Այսինքն` պատրա՞ստ են նրանք գնալ զոհողության եւ արեւմտահայերենին զուգահեռ` սովորել արեւելահայերեն:

– Նախ` մենք արեւմտահային նետել ենք մշակութային, լեզվական եւ տեղեկատվական բաց ծով (հրաշալի բանաստեղծ Զարեհ Խրախունին կասեր՝ «համայնակուլ ովկիանին լուծուելու»), ինչպես ուզում ես, լողա: Խեղդվո՞ւմ ես, քո՛ խնդիրն է: Պետք է պետական մտածողություն: Չունե՛նք։ Էթնիկական կրթությունը պահանջում է խոր ճանաչողություն: Եթե այսօր արեւմտահայ աշխարհը չենք ճանաչում` ինչպիսի՞ն է հայը, դիցուք, Բեյրութում, Բուենոս Այրեսում, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում, ինչպե՞ս է հաղթահարում լեզվական հանապազ պատնեշները, անտես ու հոգեմաշ կոնֆլիկտները: Ինչպե՞ս է լուծվում, պարտվում, ուծանում։ Տեսեք, հեռուստացույց է դիտում՝ արաբերեն է, գնում է բակ, արաբ երեխայի հետ է խաղում: Ազգային դպրոցում շա՜տ-շա՜տ երկու ժամ հայերեն անցավ, մի քիչ էլ տատի հետ զրուցեց թույլ հայերենով: Ասե՛ք, այս ամենը բավարա՞ր պաշար է` պաշտպանված լինելու: Ո՞վ պետք է ստեղծի այդ պաշտպանական ամուր շերտը: Իհա՛րկե, Հայաստա՛նը։ Ամուր բառից է ամրոցը։ Ուզում եմ, որ ես ու «նա» մեզ զգանք որպես աննվաճ ամրոցի զինվորներ։

– Սփյուռքի դերը Հայաստանում շատ կոնկրետ ենք պատկերացնում. ա) Սփյուռքը լոբբի է, բ) Սփյուռքը հայրենիքի համար եկամտի աղբյուր է` հատկապես տարաբնույթ մարաթոնների ժամանակ: Իսկ փոխարենն ի՞նչ ենք առաջարկում:

– Հայաստանը պիտի բացվի հայաշխարհին առավել անկեղծությամբ։ Օրինակ, ինչ լավ էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) իր պաշարներից մասհանում կատարեց նաեւ Սփյուռքին, նրա կրթական հիմնախնդիրները հոգալու համար է, որ ծնունդ առավ «բացառությունը»` «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնը։ Անցած 10 տարիներին Կենտրոնին վստահվեց Սփյուռքի հայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստությունը: Մեր ծրագրերի մեջ արդյունավորության տեսակետից առանձնանում է ՀՀ եւ ԼՂՀ հանրակրթական շուրջ 50 դպրոցներում ներդրված եւ իրագործվող արեւմտահայ լեզվի ու գրականության միջազգային ծրագիրը։ Ցավոք, այս նախաձեռնություններից ժամանակին ետ կանգնեց ՀՀ-ն` գործունեությունը ավարտված համարելով զուտ շինարարության մասով, իսկ ուսումնական աջակցությունը մնաց անհատների եւ մասնավոր կազմակերպությունների, փա՜ռք Աստծուն, տոկուն ուսերին: Այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի մենք` արեւելահայերս, այլեւս չկլանենք արեւմտահայերին գրալեզվական մեր դաշտում: Տեսեք, միայն գրականության մասին խոսեմ. քանի՜-քանիսը «բռնադատվեցին» դառնալու արեւելահայ՝ Գ. Մահարին, Վ. Փափազյանը, Գ. Սեւանը, Պ. Զեյթունցյանը եւ էլի շատեր: Նրանց՝ Հայաստան ներգաղթածներին, մենք հնարավորություն չտվեցինք պահելու լեզուն եւ գիրը` «արեւելահայացան»:

– Ընթերցվելու այլ տարբերակ, ըստ էության, չունեին: Արդյո՞ք արեւմտահայ գրողներին այստեղ ընթերցում են (խոսքը գիտական նեղ շրջանակի մասին չէ): Ժամանակակից սփյուռքահայ գրողների անգամ անունները չգիտենք:

– Ո՞վ է մեղավոր: Մենք այսօր ակամա ունենք Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Բայց մենք Հայաստանի՛ Հանրապետություն ենք: Անգամ նորանկախ հանրապետության ԳԽ-ում բանավեճ եղավ` մենք այսօր տեր ենք եւ՛ մեզ, եւ՛ մեր եղբայրներին: Ինչո՞ւ ուղղագրությունը փոխվեց, ինչո՞ւ մենք զատվեցինք արեւմտահայերից, պատնեշ կառուցեցին: Ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական խնդիրներ էին լուծվում լեզվի ճանապարհով. արեւմտահայերը դիտվում էին՝ ոչ ավել, ոչ պակաս, իմպերիալիստներին ծառայողներ, իսկ մենք` բանվորագյուղացիական պետություն էինք կերտելու…: Ամեն ջանք գործադրվեց, որ քաղաքական ենթախորքով լեզվամշակութային խզում առաջանա մեր եւ, ներողությո՛ւն, «նրանց» միջեւ:

– Խզումը վերացնելու միակ իրատեսական տարբերակը, որքան էլ տխուր է, կարծես մեկն է. թեեւ Սփյուռքում հայերը եռակի շատ են, քան ՀՀ-ում, հայերենը, այսինքն` արեւելահայերենը, ՀՀ պետակա՛ն լեզուն է, այդ լեզվով խոսում եւ, որ կարեւոր է, մտածում է 3 միլիոն մարդ: Հետեւաբար` չձուլվելու ամենակարճ ճանապարհը, «նրանց» համար, արեւելահայերեն սովորելն է: Անցնել դասական ուղղագրության, անհնար է նախ` տեխնիկապես: Եվ հետո` ՀՀ-ում դժվար է արդեն փոխել մեր լեզվամտածողությունը:

– Ինչո՞ւ:

– Այսօ՛ր անցնել դասական ուղղագրության, նշանակում է մոռանալ նաեւ արեւելահայերենը, ընդհանրապես կորցնել մեր լեզուն: Ունենալ կիսատ-պռատ լեզու, որն արդեն սիրով կփոխարինվի օտար որեւէ լեզվով:

– Դուք այդպե՞ս եք կարծում, շփոթի մեջ եք: Թումանյանն ինքը արեւելահայ չէ՞ր, Տերյանը, Իսահակյանը, Մուրացանը: Ետ գնացեք մինչեւ Աբովյան։ Արեւելահայ գրականությունը, մինչեւ 1922-ի չարաբաստիկ որոշումը, ծավալվում էր մեկ ընդհանուր` դասական գրության սահմաններում: Ուղղագրությունը պետք է լինի միասնական: Մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ ունենք գրության երկու ձեւ: Վարչական ճանապարհով մեզ մեկ անգամ արդեն կտրել են Թումանյանի ուղղագրությունից (պայմանականորեն եմ ասում), հիմա էլ մենք ուզում ենք արեւմտահային, որ այդքան դժվարությամբ պահում է իր գլխավոր գանձը, հրամցնել արեւելահայերե՞նը։ Բեռն անիմաստ չէ՞։ Նա պահել է, մենք զլացել ենք։ Ասենք, թե, եղբա՛յր, 1500 տարի սխալ ենք եղել, անցի՛ր նոր, հեշտացված ուղղագրության:

– Բայց սեմական լեզուներին տիրապետելն ավելի՞ դյուրին է, քան արեւելահայերենին: Սփյուռքահայերը սովորում են, չէ՞, արաբերեն: Անգամ չինարեն են պատրաստ սովորել, բայց ո՞չ արեւելահայերեն:

– Ուրեմն, առավե՛լ եւս նրանց համար դժվար է՝ ավելանում է նորը։ Հակադարձեմ, ուրեմն ինչո՞ւ պիտի դժվար լինի մեզ «հնին» վերադառնալու՝ «օտարալեզու, էլիտար այս ճամփեքին»:

– Ցանկությունը մի բան է` ունենալ մեկ միասնական ուղղագրություն, ակնկալել, որ ողջ հայությունը Նարեկացի կարդա , ընդ որում` միմիայն բնագրով, իրականությունն այլ բան է: Դուք հնարավո՞ր եք համարում, որ այստեղ` ՀՀ-ում, մարդիկ կսկսեն զրոյից սովորել դասական հայերենի կանոնները:

– Իհա՛րկե: Նկատի ունեցեք, գրությունը, ոչ լեզուն։ Ո՛չ գրաբարը կամ արեւմտահայերենը։

– Բայց անգամ պարզեցված այս ուղղագրությամբ թելադրություն հանձնարարեք ցանկացած գրագետ մարդու, նա էլ տառասխալներով, կետադրական սխալներով կգրի: Հիմա ցանկանում եք, որ, դիցուք, որեւէ գործարար ձեռքն առնի գրաբարի ձեռնա՞րկը:

– Ուզում եք ասել` տգիտությունը համատարած է: Նախ, ինչո՞ւ գրաբարին դիմի։ Գրության հարցում, այո՛, համաձայն եմ, մեղավորը մենք ենք` «էն գլխից»: Եթե մենք բառի ճանաչումը տանք երեխային, արմատները կարողանա տրամաբանորեն զատել ու հասկանալ, խնդիրը կլուծվի:

– Բայց ո՞վ պետք է ուսուցանի դասական հայերեն` երեք միլիոն հայի:

– Ինչո՞ւ է Ձեզ թվում, թե չունենք ուսուցիչներ: Միայն «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը…

– Բավարա՞ր է ողջ հայությանը:

– Չեմ ասում` բավարար է: Պետք է ինստիտուտ ստեղծվի: Մեզ տրված է միայն վերապատրաստության իրավունք, իսկ մենք պետք է անցնենք պատրաստության` օգտագործելով թե՛ Սփյուռքի, թե՛ մեր գիտական ներուժը: Եթե մենք հիմա չանենք, հաջորդ սերունդի համար սարսափելի վատ պայմաններ ենք թողնելու:

– Այդ խնդիրը լուծելու ժամանակը բաց է թողնված, իմ կարծիքով: Հիմա լեզվի խնդիրը հետաքրքրում է բացառապես նեղ մասնագիտական շրջանակներին: Որքան հիշում եմ, դասական ուղղագրությանն անցնելու հարցը տասնամյակներով քննարկվում է, բայց ոչ մի գործնական քայլ չի արվում:

– Իմ հույսն այսօր հանրապետության բանասեր նախագահի վրա է։

– Դուք լավատես եք:

– Բայց մի օր դա պիտի լինի՞: Մենք պետք է ունենանք համահայկական մի թերթ, պետության ձայնը հասանելի լինի միաժամանակ ողջ Սփյուռքի տարածքում:

– Պետության ձայնը հրաշալի լսվում է «Հայլուրից»:

– Այսօրվա «Հայլուրը» փակվի` լա՛վ է, անկե՛ղծ: Ռոպեր Հատտեճյանն ասում է, որ իր «բախտը» չի բերել հայրենի հաղորդավարների առումով` այդ աղջնակներն այնքան արագ են խոսում, ոչինչ չեմ հասկանում:

– «Հայլուրը» հասկանալու համար արեւելահայերենին տիրապետելն էլ չի փրկում: Այս հարցում հայերենի երկու ճյուղերն անզոր են հավասարապես:

– Դա արդեն քաղաքականության խնդիր է։