Ամեն ջնջված ներկի տակից ի հայտ եկած նոր ժանգագույն պատառիկները` աղքատության «գունազարդ» պաստառի պես դաջվել են Անահիտ տատիկի տան ջարդուխուրդ եղած դռան վրա: Դռան քրքրված մակերեսին նայող ամեն մի անծանոթ անցորդ գիտի, որ դռնից այն կողմ ծայրաստիճան աղքատություն է: Դռան թակոցին ներսից արձագանքում են ցայտնոտային աղմուկ-աղաղակով: Ներսում ինչ-որ մեկին երկար սպասելու ոգեւորություն է տիրում: Բայց, երբ դուռը բացվում է` բոլորը լռում են: Սպասումը վերածվում է հուսախաբության: Բոլորը սպասում էին, բայց ոչ ինձ, այլ` «Փարոս» կամ թոշակ բերողին: Մեծից փոքր` բոլորի աչքերում հուսահատություն կա: Տան հինգ երեխաները հյուծված ու տխուր են, որովհետեւ սովամահ են լինում: Երեք երեխաների մայր Նարինեն հիշում է, թե ինչպես էր 11-ամյա դուստրը` Աննան, մի օր քաշվել սենյակի անկյունում ու ծնկաչոք, ձեռքերը պարզած աղաչում` «Հիսուս Քրիստոս, խնդրում եմ, օգնի: Ախր շատ սոված եմ: Խնդրում եմ` ինձ մի կտոր հաց ուղարկի, մի հատիկ էլ պեռաշկի»: Ամիսներ առաջ պարբերաբար ուշաթափվող Աննայի մոտ բժիշկները սակավարյունություն են հայտնաբերել, որը թերսնուցման հետեւանք է: Գլխապտույտների ու թուլության պատճառով դասերի վրա կենտրոնանալ չկարողանալու համար` նրան ընդգրկել են ներառական կրթության ծրագրի մեջ: «Հիմա դասերի ամեն երեք ժամն ավարտելուց հետո դպրոցը կերակրում ա երեխային: Բժիշկը 29.000 դրամի դեղորայք ու վիտամիններ էր նշանակել: Ճիշտն ասած` դպրոցի կողմից կերակրելը շատ օգնեց մեզ` հակառակ դեպքում երեխաս ձեռքից գնում էր: Պահ էր լինում` աչքերը շաղվում էին… Ամառային արձակուրդներից շատ եմ վախենում, որովհետեւ տանը օրերով հաց չի լինում»,- ասում է Նարինեն, ով ամուսնալուծությունից հետո երեք երեխաների հետ արդեն երկար տարիներ բնակվում է մոր տանը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի մի սենյականոց բնակարանում: Մի սենյականոց բնակարանն ավելի շատ նկուղ է, քան ապրելատեղ, որտեղ բնակվում է 72-ամյա Անահիտ տատը, որդին` կնոջ ու երկու երեխաների հետ, եւ աղջիկը` երեք երեխաների հետ: Այլ կերպ ասած` մի «ոտնաչափ» տարածքում ապրում է երեք ընտանիք: Թոշակառու, 2-րդ կարգի հաշմանդամ Անահիտ տատը թվարկում է հիվանդությունների ցանկը, որտեղ երեւի ընդգրկված են մարդկությանը հայտնի բոլոր տեսակի ախտերը: Այս հիվանդ ծեր կինը, որ կյանքում ամեն ինչ տեսել ու ամեն ինչի միջով անցել է, իր կյանքի «մայրամուտին» վախենում է մի բանից` քնելուց, այսինքն` իրեն բաժին հասած «կուշետկայից»: Ասում է` «Բալես, դաժե, որ սենց նայում եմ իմ կուշետկին՝ վախից ջանս ցավում ա: Ախր էնքան չոր ու պուճուր ա, ես էլ ծանր հիվանդ եմ, ջանս ջարդում, մրմռացնում ա: Բա էս տարիքում մարդ գոնե մի փափուկ տեղ չքնի՞: Ճար լիներ` նստած կլուսացնեի, բայց նստելու տեղ էլ չկա»: Անահիտ տատը մեկ էլ բողոքում է գլխից, որովհետեւ տան ու իրեն բաժին հասած թախտի փոքրությունից երեխեքն ամեն անցնելիս պատահաբար հարվածում են գլխին. «Գլուխ մնա՞ց, այ բալամ: Երեխուն ի՞նչ մեղադրես, որ անցնելու տեղ չկա»: Ասում եմ` «Անահիտ տատիկ, բայց կարող ես հակառակ կողմով պառկել, որ էս անցումային տեղում ոչ թե գլուխդ, այլ` ոտքերդ լինեն»: Զարմացած պատասխանում է` «Աղջիկ ջան, դեմքով ուղիղ դեպի դուռը մեռելներին են պառկացնում: Ուզում ես ինձ պրյամոյ գերեզմանոց ճանապարհե՞ս»: «Բայց էդ դիրքով էլ «ուդառի» տակ ա գլուխդ»,- ծիծաղելով ասում եմ ես: «Իմ գլուխը շատ ուդառների ա դիմացել, ոչինչ: Էս գլխի միջով, գիտե՞ս, ինչ մտքեր են անցել: Էս վերջերս ինձ մոստից գցելու մտքերը շատացել են»:
Նստելու տեղ իսկապես չկա, որովհետեւ անգամ ինձ հյուրընկալելիս` ընտանիքի անդամներից մեկը հերթափոխով ոտքի է կանգնում: Երկու ջարդած բազմոց կա, որոնք նախատեսվածից շատ մարդ «ընդունելու» ծանրությունից իջել են հատակին. «Նարինես իրա երեք երեխեքի հետ էդ դիվանին ա քնում: Հարսս` Ալինան, մարդու ու աղջկա հետ էդ մի դիվանին ա քնում, իսկ էս բազկաթոռի մոտ աթոռ ենք դնում, արանքը տախտակ, որ Գրիգորիկս քնի: Էս երեխեքն արդեն մեր բոյի են դառնում, բայց իրանց հերերի, մերերի արանքն են քնում, բալամ…»: Երկու քույրերի ու մոր հետ միեւնույն բազմոցին գիշերող Հարությունի մոտ բժիշկներն ուսի թեքություն են հայտնաբերել, որը զարգանալով հազար ու մի հիվանդությունների պատճառ է դառնալու: Բժիշկն ասել է, որ երեխայի քնելու դիրքի անհարմարավետությունից է այն առաջացել, քանի որ մի ուսի վրա կծկված, հենված է քնում: Անահիտ տատի հարսը` Ալինան, ամառային արձակուրդներին երեխաներին հերթով ճանապարհում է գյուղ` հայրական տուն: Այդպես սովից պաշտպանում է: Տան միակ աշխատողը Ալինայի ամուսինն է, ով բանվորությունից ստացած գումարով անգամ հացի փող չի կարողանում հասցնել: 34.000 դրամ ընտանեկան նպաստով հազիվ կարողանում են կոմունալ ծախսերը հոգալ, իսկ հարակից խանութից վերցրած հացի պարտքերը, որպես կանոն, չեն զրոյացվում: «Խանութի աշխատողներն ասում են` դուք էլ մեր ջառմեն եք, պիտի քաշենք, ի՞նչ անենք»,- ասում է Նարինեն, ով տրցակներով դիմումներ է գրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ նախագահին` խնդրելով մի փոքրիկ սենյակ հատկացնել իրեն, որպեսզի երեք երեխաների հետ կարողանա առանձնանալ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ բնակարանային ֆոնդ չունեն. «Ախր քաղաքում էդքան հանրակացարաններ կան, ես ուղղակի խնդրում եմ մի փոքրիկ անկյուն, չորս պատ ապրելու համար: Հասկանո՞ւմ եք, անհնար ա էսքանով մի սենյակի մեջ ապրելը: Էս աղքատությունը, էսքան մարդկանցով իրար գլուխ հավաքվելը, էս նեղությունն էլ ա ընտանեկան անհաշտության պատճառ դառնում: Ես եղբորս ու մորս հետ եմ ապրում, բայց անգամ իրենց համար մի սենյակը փոքր ա»: Նարինեն դժբախտ ամուսնություն է ունեցել, որի արդյունքում ամուսինը խաբելով վաճառել է իր հայրական տունը եւ կնոջը երեխաների հետ թողել է անօթեւան: Ամուսնալուծությունից հետո վերադարձել է մոր տուն եւ եղբոր ընտանիքում հանգրվանելու առիթը շատ դեպքերում վերածվում է կոնֆլիկտի: Անահիտ տատն ասում է` «Եթե առավոտ շուտ գաս` էս տնից կվախենաս: Ոնց որ կազարմա լինի: Ախր, բալես, մեր պետությունը լրիվ հեչ բան ա: Սաղ կյանքս աշխատել, լավ ապրել եմ, որ երեխեքս ապահով ապրեն, բայց երեխեքս սովամահ են լինում: Գոնե աշխատանք տա, ասի` գնա, աշխատի` ապրի: Իմ երեխեքն աշխատող, թասիբով են, բայց սենց ընկանք ու ընկանք: «Փարոսից» էլ էին կտրել: Գնացի Ազգային ժողովի էն աղքատների գծով շատ լավ մարդ կա` Հակոբ Հակոբյանի մոտ: Նայեց ինձ, ասեց` ո՞նց, քո նպաստը կտրե՞լ են, բա որ քոնը կտրել են, ո՞ւմ են տալիս: Տուտ ժե հարցերը լուծեց, ապրի իրա արեւը: Հլը լսի, բալե՛ս, ձեր նման պաշտոնավորները մեծերի մոտ ելումուտ ունեն. մի բան խնդրեմ կանե՞ս»: Անահիտ տատը խնդրում է թերթի միջոցով իր անունից դիմել «Վիվա Սել ՄՏՍ» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանին եւ նրա հետ հանդիպում խնդրել: Ասում է, որ ամիսներ առաջ աղջկա` Նարինեի հետ իմացել են նրա ընդունելության օրերն ու գնացել են, բայց… «Ճիշտն ասած ինքը նենց բարի մարդ ա, որ մարդկանց դրության մեջ մտնում ա: Ես վստահ եմ, որ մեզ լսելուց հետո ինքը կհասկանա մեզ ու ձեռք կմեկնի: Մենք դիմում էինք գրել, որ պատկերացներ մեր վիճակը: Գնացինք` էնքան մարդ կար, հերթ էր ահավոր: Էդքան սպասելուց հետո մեզնից դիմումը վերցրին, մեր աչքի առաջ մի քանի տողով վերաձեւակերպեցին ու մերն էլ ճղեցին: Էնքան վատ զգացինք, ախր մեր վիճակը մեր դիմումի մեջ էինք նկարագրել: Հետո աշխատողն էնքան արագ-արագ էր բան ասում, որ շփոթմունքից բան չկարողացա գրել: Էդպես հուսահատված եկանք տուն, բայց մենք հավատում ենք, որ ինքը մի օր մեր մասին կիմանա»,- ասում է Նարինեն ու խնդրում է Ռ. Յիրիկյանին ուղղած իր դիմումը թերթում տպագրել: Ահա նրանց նամակը, որն այդպես էլ չեն կարողացել փոխանցել հասցեատիրոջը. «Վիվա Սել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն պրն Ռալֆ Յիրիկյանին` քաղ. Նարինե Խլոյանից (ք. Երեւան, Լեփսիուսի 11շ. բն.5)
Ձեզ է դիմում Նարինե Արծրունի Խլոյանը` ծնված 1973թ.: Ամուսնալուծված եմ, ունեմ 3 անչափահաս դպրոցական երեխա: Ապրում եմ «խրուշչովյան» 1 սենյականոց բնակարանում` մորս տանը: Այնտեղ ապրում է եղբայրս` կնոջ եւ 2 երեխաների հետ: Տանը շատ ծանր պայմաններ են: Երեխաներս անգամ քնելու տեղ չունեն: 1 մահճակալին քնում ենք ես եւ իմ 3 երեխաները, իսկ մայրս` կոտրված թախտին: Մայրս 72 տարեկան է եւ 2-րդ խմբի հաշմանդամ: Այդ բնակարանը ստացել է 1965թ.` որպես զոհվածի կին: Մինչեւ հիմա ապրում ենք այդ բնակարանում: Դա բնակարան չէ, այլ լուցկու տուփ, չենք կարողանում շարժվել: Տանն անգամ գազ չունենք, ցուրտ ու խոնավ է, իսկ էլեկտրական սարքեր չենք օգտագործում` անվճարունակ լինելու պատճառով: Տան ցրտի ու խոնավության պատճառով երեխաներս անընդհատ հիվանդանում են, վատ սնվելու պատճառով փոքր աղջիկս սակավարյունություն ունի: Ամուսինս ալիմենտ չի վճարում արդեն 7 տարի: Եղբայրս հազիվ իր ընտանիքն է պահում: Շատ անգամ փորձել եմ աշխատանք գտնել, բայց չեմ կարողացել: Երբ հեռուստատեսությամբ Ձեր հրեշտակային դեմքը տեսա, հոգիս ուրախացավ, որ Դուք մարդկանց սրտում հույս եւ կյանք եք բացում: Հարգելի Ռալֆ Յիրիկյան, խնդրում եմ, այցելեք մեր տուն եւ մեր կոտրված սրտերն ուրախացրեք: Շատ եմ խնդրում չմերժել իմ խնդրանքը»: