«Եվրատեսիլ» ասվածի նկատմամբ հայերը անտարբեր չեն: Ամեն մարդ իր սրտի չափով սպասում, անտեսում է, կանխատեսում, արհամարհում, ցուցադրաբար քմծիծաղում, գործակիցներ ճշտում, բայց ով ինչ ուզում է՝ ասի` նայում ենք:
Նայում ու հերթական անգամ բորբոքվում, որ սա նայելու բան չէ։ «Եվրատեսիլ-2010» վերքի բորբոքումը (անգամ թարախակալումը) սկսվեց Օպերայի եւ բալետի մեծ դահլիճում, երբ պարզ դարձավ մեկնողի անունը։ Մենք պետք է վաղուց սովորած լինեինք, որ մեր փոխարեն ուրիշ մարդիկ են որոշումներ ընդունում։ Մեզ մնում է միայն պատրանքը։ Ինչեւէ… Ո՞վ է Եվա Ռիվասը։ Աղջիկ է, էլի… Խոշոր, թիկնեղ, ոչ հայկական արտաքինով, որը երգում է այնպես, ինչպես ես բիսկվիտ եմ թխում։ Իսկ այն, որ իմ թխածը հենց բիսկվիտ է, համոզված եմ միայն ես, մեկ էլ մտերիմներս, ովքեր չեն ցանկանում ինձ նեղացնել։ Տարբերություն կա՞, թե ով է գնում կամ թխում։ Ոչ։ Միեւնույն է, ուտում ենք ու լսում: Շունչներս պահում, մատները խաչում ենք, երբ հերթը հասնում է «Արմենիա» բառին։ «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչն ապացուցեց, որ մեր աղջիկը երգեց այնպես, ինչպես կարողացավ, նույնիսկ` ավելին։ Կարեւորը, որ ծառի ու կորիզի անհամաչափության ֆոնին կար մեր քեռի Ջիվանը, մեկ էլ` անհասկանալի արտաքինի ու տարիքի տեր կուժը ուսին դրած չգիտեմ` ո՞վ։ Ինձ դուր եկավ։ Տարիներ են եղել, երբ մենք ավելի վատ էլ ենք երեւացել։ Բայց այս անգամ մեր մասին չխոսենք, այլ` դիտարկենք մրցույթի կոնտեքստում հնչած երգերը։ Մայիսի 27-ին 16 երգից առնվազն 6-ը լուրջ երգեր էին, ինչը «Եվրատեսիլի» համար չլսված-չտեսնված, հաճելի «աննախադեպ ակցիա» էր։ Ուկրաինայի ստերեոտիպախախտ, հիշվող երգչուհին, օրինակ, միայնակ հայտնվելով բեմում` շշմեցրեց թե իր երգով («Իմ բարի, քաղցր ժողովուրդ»), թե իր ոգով։ Խելացի հրեաներն իրենց նման խելացի երգ էին առաջարկել։ Պճնամոլ վրացիները` պճնամոլ եւ պինդ երաժշտական կատարում։ Ու թեեւ ազգային արմատներս թույլ չեն տալիս, բայց ասելու եմ` հարեւան մուսուլմանական երկիրը ներկայացնող երգը շատ հետաքրքիր էր: Այն թարմ, գրագետ ու բազմաժանր էր: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ խոսքը հիմա ոչ թե կատարողների ու նրանց կերպարի կամ շոուի մասին է, այլ զուտ երգերի ընտրության կոնցեպտի: Օրինակ, ենիչերիների հետնորդները «ենիչերական» (հասկանանք` ռոքային ագրեսիայով հագեցած), «փարթամ» երգ էին գրել։ Մի լավ երգ էլ կար, վատը չէր (ռումինականը), բայց եզրափակիչ չանցավ: Փոխարենը անցավ Կիպրոսի «թոշնած» ու «թլֆած» երգը:
Փաստորեն, կարգին երգերից հեռու «Եվրատեսիլ» երգի մրցույթը երբեմն կարողանում է աչքից բացի` նաեւ ականջ շոյել։ Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, աչքով չտանք, որ չընկնենք արծաթափայլ վարտիքներով լիտվացի տղաների օրը։
Անիտա ՀԱԽՎԵՐԴՅԱՆ