Հունիսի 21-25-ը կայանալիք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելու է ԵԽ ԽՎ-ի կողմից 2005թ. ընդունված թիվ 1416 բանաձեւը, որը նախատեսում է ԵԽ ԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի ստեղծումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ավելացնելով, որ այդ ենթահանձնաժողովի ստեղծման ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: «Այս բանաձեւի վտանգավոր կետերից մեկն էլ այն է, որ այնտեղ նույնպես գրված է՝ իբրեւ թե Հայաստանի Հանրապետությունը օկուպանտ երկիր է, եւ, փաստորեն, այս «օկուպանտ» բառի ներքո ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները գնում են բանակցությունների: Բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնց մեջ նշված է, որ ՀՀ-ն իբրեւ թե օկուպանտ է եւ բռնազավթել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, բայց այս 20 տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը դեռեւս մի փաստաթուղթ չի նախաձեռնել կամ մի փաստաթղթի աջակից չի եղել, որտեղ գրված լինի, որ իրականում Ադրբեջանն է օկուպանտ երկիր: Մենք դեռեւս այդ ուղղությամբ որեւիցե իրական աշխատանք չենք ձեռնարկել»,- ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը: