Ինչո՞ւ հատկապես Բրայզան

26/05/2010

Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Բրայզան կհաստատվի դեսպանի պաշտոնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներից եւ Սենատի կողմից քվեարկությունից հետո: Մինչ այդ, սակայն, հայկական կողմից արդեն դժգոհություններ են հնչում Բրայզայի թեկնածության առնչությամբ եւ դրանք հեռու չեն իրականությունից: Սակայն հիմնական շեշտը դրվում է Բրայզայի` ազգությամբ թուրք կին ունենալու հանգամանքի, ադրբեջանական ու թուրք պաշտոնյաների հետ նրա ունեցած անձնական կապերի վրա: Դրանք, իհարկե, բոլորը կարեւոր հանգամանքներ են եւ կարող են նպաստել Բրայզայի` ոչ հայանպաստ կամ ադրբեջանամետ դիրքորոշմանը: Պետք չէ մոռանալ սակայն, որ նա հաստատման դեպքում դեսպան է նշանակվելու ոչ թե Հայաստանում կամ Հայաստանի դաշնակից երկրում, այլ հենց Ադրբեջանում: Իրականում Օբամայի կողմից Բրայզայի թեկնածության առաջադրումը ավելի մտահոգիչ է մեկ այլ առումով: Վերջին տարիներին աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ Մեթյու Բրայզան չափազանց տեղեկացված է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այլ նաեւ տիրապետում է Հայաստանի իշխանության վերնախավի հետ «աշխատելու» նրբություններին: Բավական է հիշել, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում հենց Բրայզան էր գրեթե ամեն շաբաթ այցելում Հայաստան եւ փորձում երկխոսության եզրեր գտնել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Բնականաբար, ԱՄՆ Պետքարտուղարության եւ Օբամայի գիտությամբ: Այսինքն` հատկապես Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու փաստը կարող է վկայել նաեւ այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն իսկապես հասել է ինչ-որ հանգուցային կետտ, եւ հայերի հետ «լեզու գտնելու» նրա ունակություններն անհրաժեշտ են գործընթացն ավարտին հասցնելու համար: