Ոստիկանապետի անհավանական արկածները

27/09/2005

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով`
օրերս աշխատանքից ազատվել է Ոստիկանության Գյումրիի Քաղաքային վարչության
պետ, գնդապետ Շիրակ Շահնազարյանը: Մեր աղբյուրների վկայությամբ, գնդապետ
Շահնազարյանին աշխատանքից ազատել են ծառայողական քննության արդյունքում ի
հայտ եկած փաստերի հիման վրա: Բանն այն է, որ շուրջ մեկ ամիս առաջ Շիրակ
Շահնազարյանն օրենքով գողերի հետ հացկերույթի էր մասնակցել Գյումրիի
«Փարվանա» ռեստորանում: Ինչպես տեղեկացանք ոստիկանությանը մոտ կանգնած մեր
աղբյուրներից, Շիրակ Շահնազարյանին այդ հավաքին տարել է ՀՀ ԱԺ պատգամավոր,
ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանը, որը ցանկանում է առաջիկա ՏԻՄ
ընտրություններում առաջադրվել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում: Եվ այդ
հացկերույթը կազմակերպելով` պարոն Սուքիասյանը ցանկացել է «մի գնդակով
երկու նապաստակ սպանել», այսինքն՝ փորձել է ընտրվելու երաշխիքներ ստանալ
մի կողմից` Գյումրիի ոստիկանապետից, մյուս կողմից՝ հանցագործ աշխարհի
ներկայացուցիչներից: Շ. Շահնազարյանի՝ օրենքով գողերի հետ հանդիպման փաստը
հաստատվել է ծառայողական քննության արդյունքում եւ ոստիկանապետի`
աշխատանքից ազատման պատճառ դարձել:

Շիրակ Շահնազարյանի հետ կապված սկանդալը, սակայն, այսքանով չի ավարտվում:
Վերջերս Շիրակի Մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Գյումրիի ոստիկանապետի դեմ: Մեր աղբյուրների վկայությամբ, քրեական գործ
հարուցելու պատճառն այն է, որ Շահնազարյանը ՌԴ քաղաքացիություն ունեցող իր
որդու համար ՀՀ կեղծ անձնագիր է հանել (որոշ տեղեկություններով՝ 3
անձնագիր. մեկը` հայրենի Կոթի գյուղի, մեկը՝ Շիրակի մարզի Ախուրյան
գյուղի, մյուսն էլ՝ Գյումրի քաղաքի գրանցումով): Երեկ այս ամենի
վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար զանգահարեցինք պարոն
Շահնազարյանին: Սակայն նա չցանկացավ մեկնաբանել այդ լուրերը եւ, լսելով
հարցը, հեռախոսափողը զայրացած վայր դրեց:

Ա. Գ.