«Ֆրանսիան հիշեցնում է, որ Եվրամիության, ինչպես նաեւ միջազգային ողջ հանրության` այդ թվում եւ Հայաստանի պես, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասված է Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական հարցերի նախարարության երեկ հրապարակած հայտարարության մեջ: ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները որակելով «այսպես կոչված, խորհրդարանական ընտրություններ», Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ «ներգրավված բոլոր կողմերի համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները ներկայումս բանակցությունների առարկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջնորդությամբ»: «Այս առնչությամբ, մայիսի 23-ի «ընտրությունները» ոչ մի դեպքում չեն կարող ներգրավել ընթացքի մեջ գտնվող բանակցային գործընթացի ապագան, ոչ էլ կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը սույն կարգավորման գլոբալ շրջանակներում»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան, իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ, վերահաստատում է իր վճռականությունը՝ սատարելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` հանգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական հավասարակշռված եւ բանակցված լուծման` համաձայնության միջոցով, հիմնված մասնավորապես հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ իրավունքների հավասարության սկզբունքների վրա»,- հայտարարում է Ֆրանսիայի ԱԳ եւ եվրոպական հարցերի նախարարությունը: