Վստահության պաշարը վատնել է

26/05/2010

«Նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացին, երեքշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մասնավորապես` կողմերը նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է գործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսին են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը եւ այլն: Նաեւ ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը: Ի դեպ` նրանք մտքեր են փոխանակել նաեւ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ: