Մինչ Կապանում պայքարում են Լեռնաձորի ուրանի պաշարների շահագործումը կանխելու համար, կապանցի երգահան Վահան Մանուկյանն ու նրա տիկինը` երգչուհի Սիլվա Սարգսյանը, շարունակում են իրենց, այսպես ասած` անզիջում պայքարը սեփական քաղաքի «տեր ու տիրակալ» երեւակայող մարդկանց դեմ:
Բանն այն է, որ մեր թերթի համարներից մեկում հրապարակված` «Կապանում մշակույթը զավթել են ռաբիսները» վերնագրով հոդվածը բավական մեծ ցնցում է առաջացրել Տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում: Ըստ մեզ հասած լուրերի` պատճառն այն է, որ հոդվածը որոշակիորեն շփոթության է մատնել այն հիմնադրամներին ու կազմակերպություններին, որոնք գումարներ էին տրամադրել Կապանում ռաբիս կուլտի «ծաղկման» համար: Հոդվածը վերջիններիս առիթ էր տվել մտորելու, թե իրականում իրենց տված գումարները ո՞ր ուղղությամբ են ծախսվել, ի՞նչ նպատակով եւ ինչպե՞ս: Եվ նույնիսկ անհեթեթորեն սկսեցին հոդվածի հրապարակման մեջ մեղավորներ փնտրել, այս կամ այն անձի գործոնը հանդես բերելով` մոռանալով, որ հոդվածագիրը եւս Կապանի բնակիչ է: Եվ այս քայլը նրանք ընդունեցին իբրեւ դավադրություն` Վահան Մանուկյանի դեմ սկսելով նոր պայքար: Ի դեպ, երաժշտասեր ամուսիններին հանդիպեցի պատահաբար` Ողջի գետի եզերքին: Երաժշտական արվեստով զբաղվող ամուսինների հետ զրույցի ժամանակ էլ պարզ դարձավ, որ նրանց դեմ մղվող պայքարն անասելի թեժացել է: Այս մասին նրանք հրաժարվում էին խոսել` ոչ այն պատճառով, որ վախենում էին ինչ-որ մեկի ամպագոռգոռ կշտամբանքներից, այլ սեփական քաղաքի տերերից վիրավորված լինելու համար: «Մենք կորցնելու բան չունենք: Գիտե՞ս` ինչու….որովհետեւ ամեն բան արդեն կորցրել ենք»,- Ողջիի աղմկաշատ ալիքների մեջ լսելի էր նրանց հուսահատ ձայնը:
Արդեն 40 օր է` անջատել են Վահան Մանուկյանի ստուդիայի լույսերը: Ամուսինները նշում էին, որ հատկապես հոդվածի հրապարակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց: «Թշնամանքը կրկնապատկվեց: Լույսերն անջատեցին` ասելով, իբր տեխնիկական պատճառներով, այնինչ քաղաքապետը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, բա որ միեւնույն է` ամեն բան կանեմ, որպեսզի ձեր երեխաների ուսուցիչներին հանեմ Մշակույթի կենտրոնից, փոխարենը կհրավիրեմ լավագույն մասնագետներ մայրաքաղաքից` բարձր աշխատավարձ տալով նրանց: Հասկանում եք` մենք քաղաքապետի դեմ որեւէ բան չունենք: Խնդիրն այն է, որ նրանց սխալ ինֆորմացիա են հասցնում: Ու հոդվածն էլ լրիվ ուրիշ ձեւով մեկնաբանեցին: Գիտեք` հիմա փորձերն անում ենք դաշնամուրով ու էլեմենտներով մագնիտոֆոնով: Բայց էս վերջերս էլ լսել ենք, որ ասել են` դաշնամուրն էլ կհանեն»,- հուզված խոսում էր Կապանի մանկական երգի ստուդիայի հիմնադիրը, ում ամբողջ Կապանը ճանաչում է, գնահատում ու սիրում է: Նույնիսկ ծիծաղելի է այն, որ երգահանի գրած շուրջ հազար երգերն այսօր դիտում են իբրեւ պրովոկացիա, տարակուսում են, թե այդքան երգ ո՞նց կարող է ծնվել: Իսկ Վ. Մանուկյանի համեստությունը թույլ չի տալիս նրանց պատասխանել կամ պարզապես ցույց տալ հազարից ավելի երգերը: Հետաքրքիրն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ստուդիայի մանուկների առաջին ձայնասկավառակի` «Լավ նպատակի» հովանավորն էր, որին հաջորդեց նաեւ Սիլվա Սարգսյանի անհատական ձայնասկավառակի թողարկման հովանավորչությունը: Ստուդիայի սաները մարզպետին մեծ գորովանքով են վերաբերվում, ինչպես նաեւ՝ իրենց երրորդ ձայնասկավառակի հովանավոր, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին: «Ստացվում է այնպես, որ մենք միշտ բողոքում ենք, դժգոհում ենք, բայց ախր նրանց պես մարդիկ էլ կան մեր կողքին, ավելին` նույնիսկ մեր քաղաքի նախկին քաղաքապետը մեզնից որեւէ արենդա չէր պահանջում: Իսկ հիմա մենք կանգնել ենք աներեւակայելի խնդրի առաջ»,- շարունակում էին նրանք: «Կարծում եմ` էս ամեն ինչը մեր դեմ սկսվեց, որովհետեւ ես Մշակույթի կենտրոնի ղեկավարներից պահանջեցի այն պայմանագրերի կրկնօրինակները, որոնք մենք կնքում էինք: Ինձ իսկապես հետաքրքիր է, բայց ամեն դեպքում պատասխանը խիստ հասկանալի է: Նրանք ինձ ընդունեցին աշխատանքի` որպես «Հմայք» վոկալ համույթի ղեկավար, ամիսներ անց` հոկտեմբերին, աշխատանքից ազատեցին: Ինչո՞ւ, որովհետեւ արդեն պահանջել էի համերգային պայմանագրերը: Մի խոսքով` Մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանը հոկտեմբերի 5-ին ինձ ասաց` քեզ երեկ բացակա եմ դրել, էսօր նույնպես, վաղն էլ հետը: Երեք օր չներկայանալու համար քեզ գործից հանելու եմ, որովհետեւ դու չես ուզում համագործակցել Մշակույթի կենտրոնի գեղմասվար Արմենակ Հայրապետյանի հետ: Սա՝ այն պարագայում, երբ այդ պահին մեր երեխաները երգում էին, այսինքն` պարապմունքներ էին ընթանում»,- ասաց Վ. Մանուկյանը` այդպես էլ չհասկանալով, թե քաղաքապետ Արթուր Աթայանն ինչո՞ւ էր իր թիկնապահին երկու անգամ իր ետեւից ուղարկել` սենյակի բանալիները վերցնելու համար: «Պայքարը լրիվ ուրիշ հարթություն է անցել: Իսկապես մենք քաղաքապետի դեմ որեւիցե վատ նկատառում չունենք, ավելին` նրան դիմումներ ենք գրել, ու դեռ սպասում ենք պատասխաններին: Ցավալին այն է, որ ռաբիս մտածողությամբ, ավելի ճիշտ` մշակութային մուտանտները քաղաքապետին ամեն ինչ սխալ են ներկայացնում: Ու եթե հիմա քաղաքապետը շարունակի պայքարել, մենք խնդիր չունենք, պարզապես նա կսկսի պայքար իր ղեկավարած քաղաքի երեխաների դեմ, որոնց ցանկությունն ընդամենը երգելն է»,- նշում է Սիլվա Սարգսյանը: Այս մարդիկ, իրոք, մեծ ներդրում ունեն քաղաքի մշակութային կյանքում: Հետպատերազմյան շրջանում, երբ Կապանը դեռ նոր-նոր փորձում էր ուշքի գալ, երբ նույնիսկ փուչիկի պայթյունը վախեցնում էր երեխաներին, նրանց ջանքերով գետնահարկում ստեղծվեց մի միջավայր, ուր հավաքվում էին քաղաքի շատ երեխաներ` կտրվելով արկերից վիրավոր քաղաքի տխուր տեսքից: Նրանք երգում էին «Լավ նպատակի», «Մայրիկի», «Առվակի» եւ ամենավեհ ու վսեմ երեւույթների մասին: Հոգեբանական տեսանկյունից Սիլվան եւ Վահանը վերականգնեցին երեխաների՝ կյանքի նկատմամբ սերը: Իսկ սեր տալու եւ ստանալու գործընթացը երբեւիցե չի ավարտվում, որքան էլ բուժվեն արկերից առաջացած խոռոչները, բացվեն խանութներն ու անվերջ պտտվի կապանյան կարուսելի սեւ օղակը, որի գագաթից երեւում է Կապանը` չքնաղ ու տխուր ժպիտով քաղաքը` գուցե այդպես էլ չհասկանալով, թե մարդիկ ինչպես են պայքար մղում բնության հրաշք երեխաների դեմ…
Հ.Գ. Երեկ, ի դեպ, Կապանում արդեն լուրեր էին շրջանառվում, որ քաղաքապետի թիկնապահները որոշակի շրջանակներում սպառնացել են հաշվեհարդար տեսնել նաեւ մեր թերթի լրագրողի նկատմամբ: