Լսումներ՝ քվեարկությունից հետո

26/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի Գիտության եւ կրթության հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ անցկացրեց «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի շուրջ:

Օրինագիծը նախատեսում է Հայաստանի ողջ հեռուստաեթերի թվայնացման կարգը, որը պետք է իրականացվի 2011-ից մինչեւ 2013 թվականը: Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետությունում հեռարձակում իրականացնելու համար հեռուստառադիոընկերությունների լիցենզավորումը կանցկացվի մրցույթի միջոցով, որը կիրականացնի ՀՌԱՀ-ը: Մրցույթը նախատեսվում է հայտարարել 2010 թվականի հուլիսի 20-ին, իսկ 2011-ի հունվարին հայտնի կդառնան հաղթած հեռուստաընկերությունները: Արդյունքում՝ 2011թ. հունվարից 22-ի փոխարեն՝ պետք է հեռարձակվի 18 հեռուստաընկերություն, այսինքն` գործող 4 հեռուստաընկերություններ եթերազրկվելու են: Կառավարության ներկայացմամբ՝ այդ 4 հաճախականությունները պետք է ազատ մնան թվայնացման գործընթացն իրականացնելու համար: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է, որ այդ 18 հեռուստաալիքներից

2-ը հատկացվելու են հանրային հեռուստաընկերությանը, 5 հաճախություններով վերահեռարձակվելու են օտարերկրյա հեռուստաալիքներ,

3-ը հատկացվելու է ժամանցային ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններին, 1-ը ունենալու է մանկապատանեկան ուղղվածություն, 1-ը` մարզային եւ ընդամենը 5 հաճախություններն են ունենալու ընդհանուր ուղղվածություն: Օրինագծի նախաձեռնողներն առայժմ չեն ակնարկում, թե որոնք են լինելու այդ 4 փակվող հեռուստաընկերությունները: Երեկ այդ հարցին չպատասխանեց նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Անպատասխան է նաեւ այն հարցը, թե ինչու են մնալու հատկապես 18 եւ ոչ թե՝ 22 կամ 15 հեռուստաընկերություններ: Ինչո՞վ է պայմանավորված այդ թիվը: Բացի այդ, կարծիք կա, որ իշխանությունների այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն ընտրությունների նախաշեմին ողջ հեռուստատեսային դաշտը կատարյալ վերահսկելի դարձնելուն, այլ «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելուն: Այսինքն, «Ա1+»-ի հետ միասին կփակվեն եւս 4 ընկերություններ, եւ կթուլանա այդ ընկերությունը եթերազրկելու հանրային հնչեղությունը: Ավելացնենք նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝

ՀՀ-ին հատկացվել են 11 հեռուստահաճախականություններ: Այսինքն՝ 22 հաճախականություններից 11-ը հեռարձակվում է «ձախ միացմամբ»: Այս օրինագծի ընդունումից ու թվայնացումից հետո հեռարձակվող 18 հաճախականությունների մի մասը, փաստորեն, նորից շարունակելու է հեռարձակվել «ձախ միացմամբ»:

Դեռեւս անցած շաբաթ, երբ այդ օրինագիծը քննարկվում էր խորհրդարանի քառօրյա նիստերի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արտահերթ ելույթում քննադատեց կառավարությանը` նշելով, թե այս մարմինը գործելաոճ է դարձրել հրատապ կարգով ԱԺ օրինագիծ ներկայացնելու հանգամանքը: Կառավարությունն այս օրինագիծը ներկայացրել էր հրատապ կարգով, իսկ դա ենթադրում է, որ այն խորհրդարանում առանց գլխադասային հանձնաժողովում քննարկվելու եւ դրական եզրակացություն ստանալու՝ պետք է միանգամից մտնի լիագումար նիստերի օրակարգ, ինչը եւ տեղի է ունեցել: Եվ անցած շաբաթ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց այդ օրինագիծը, սակայն` պայմանով, որ դրա շուրջ հանրային քննարկումներ անցկացվեն, եւ հնչած մտահոգությունները արտացոլվեն լրամշակված տարբերակում:

Երեկվա քննարկմանը մասնակցում էին օրինագծի հեղինակները, պատգամավորներ, լրագրողական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շահագրգիռ այլ կողմեր: Հ.Աբրահամյանը նորից բարձրաձայնեց իր մտահոգությունների մասին: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչու կառավարության` 1 տարի առաջվա որոշումը չի կատարվել, եւ օրինագիծը ներկայացվել է ոչ միայն առանց հանրային, այլեւ խորհրդարանական քննարկումների: Օրինագիծը միջազգային փորձաքննություն էլ չի անցել, մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ դա կապահովվի: Պատգամավորը նաեւ պահանջեց օրինագծում նորից ամրագրել այն դրույթը, որը լիազոր մարմնից պահանջում էր հիմնավորել արտոնագիր տալը կամ մերժելը: Ի դեպ, այս դրույթը ՄԻԵԴ-ի պահանջն է` «Ա1+»-ի հայցի կապակցությամբ: «Արտոնագրից զրկելը պետք է տեղի ունենա դատական կարգով, միայն դատարանը կարող է, խախտումները հաշվի առնելով` որոշում կայացնել»,- առաջարկում է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը 25 առաջարկ ներկայացրեց, որոնցից մեկն էլ վերաբերում է ՀՌԱՀ-ի նկատմամբ անգործության դեպքում պատժամիջոցների կիրառման մեխանիզմների ամրագրմանը: ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ առաջարկեց ներկայացնել թվայնացման նոր հայեցակարգ, ինչի հիման վրա ավելի հեշտ կլինի մշակել նոր օրինագիծ: Վերջինս նույնպես ներկայացրեց գրավոր առաջարկների մի փաթեթ: Ի դեպ, ԱԺ-ում այս օրինագծի քննարկմանը մասնակցելուց խուսափում է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որի ղեկավարած գերատեսչությունն է այս գործընթացի գլխավոր հեղինակներից մեկը: Քառօրյա նիստերին օրինագծի քննարկման ժամանակ նա չէր եկել, իսկ երեկ բացակայում էր, որովհետեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Բելգիա: Նախարարի փոխարեն, այս անգամ էլ նախագիծը ներկայացնում էր նրա տեղակալ Մուշեղ Թումասյանը:

Ավելացնենք նաեւ, որ թվայնացման գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովը հեռուստաընկերությունների ուղղվածությունը որոշելիս հիմք է ընդունել «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության ներկայացրած ուսումնասիրությունն այն մասին, թե հատկապես ո՞ր հեռուստածրագրերն են պահանջարկ վայելում հասարակության կողմից: Ներկայացված տեղեկանքի համաձայն՝ «Տելեմեդիակոնտրոլը» գերմանական GFK ընկերության բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, ով 2007 թվականից Հայաստանում իրականացրել է հեռուստամոնիտորինգ եւ հեռուստադիտման չափումներ: Եվ ահա այդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հեռուստադիտողների 28 տոկոսը նախընտրում է հեռուստասերիալները, 24 տոկոսը` ժամանցային երաժշտական ծրագրերը եւ միայն 15 տոկոսն է նախընտրում տեղեկատվական վերլուծական հաղորդումները: Եվ հանձնաժողովը, ըստ այս պահանջարկի, որոշել է, թե հեռուստաընկերություններն ինչ ուղղվածություն են ունենալու: Ներկաները մտահոգություն հայտնեցին հեռուստատեսային այս պատկերի ու որակի առնչությամբ: «Դասական երաժշտության հեռարձակման դիտողականությունը հանրային հեռուստաընկերությունով եղել է զրո: Այս դեպքում չունե՞նք մտավախություն, որ ունենալու ենք ցածրորակ երաժշտական ակնկալիքներ վաճառող հեռուստաընկերություն»,- հարցնում է Ն.Զոհրաբյանը:

Փորձագետ Մովսես Հարությունյանին, սակայն, չի մտահոգում ժամանցային ծրագրերի ու սերիալների նկատմամբ եղած մեծ պահանջարկը: Այդ ծրագրերով հեռուստաընկերություններն ապահովում են իրենց եկամուտը: Սակայն փորձագետին մտահոգում է այն հանգամանքը, երբ այդ եկամուտները չեն ուղղվում լրատվական-վերլուծական ծրագրերի որակի ապահովմանը: «Ես երբեք չեմ քննադատում, թե՝ սա բարձրաճաշակ է, սա ցածրաճաշակ է: Ասացվածք կա` ճաշակին ընկեր չկա: Իմ քննադատության իմաստը հետեւյալն է, դու տուր ինչ ուզում ես զվարճալիքում, ապահովիր եկամուտ, բայց ապահովիր քաղաքական-հասարակական բազմակարծություն հասարակության այն խավի համար, ովքեր դա ուզում են տեսնել քո եթերում: Եվ դա առաջինը Հանրային հեռուստաընկերությունը պիտի ապահովի: Հանրայինին այդ պարտադրանքը դրված է Սահմանադրությամբ: Քաղաքական-տնտեսական լրատվությամբ հետաքրքրվող խավն այս դեպքում կսկսի մի քիչ ավելի շատ նայել դրանք: Եվ կբարձրանա այդ հաղորդումների ռեյտինգը»,- ասում է Մ.Հարությունյանը: