Նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Deep Purple լեգենդար ռոք խմբի համերգը: Երեւանում էին Յան Գիլանը (Ian Gillan) (վոկալ), Ռոջեր Գլովերը (Roger Glover) (բաս-կիթառ), Սթիվ Մորսը (Steve Morse) (կիթառ), Դոն Էյրինը (Don Airey) (ստեղնային գործիքներ) եւ Յան Փեյսը (Ian Paice) (հարվածային գործիքներ): Թեեւ Յ. Գիլանը արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց սա Deep Purple-ի առաջին համերգն էր հայ հանդիսատեսի առջեւ: «Այն ջերմությամբ, որ ինձ այստեղ ընդունում են, շատ տպավորված եմ: Ես անձնապես կապված եմ Հայաստանի հետ»,- լրագրողներին մինչ համերգն ասել էր Գիլանը: Համերգին ներկա էին ոչ միայն ռոք-խմբի հայ ֆանատները, այլեւ Հայաստան էին շտապել Deep Purple-ի վրացի ու իրանցի երկրպագուները: Չնայած համերգի վատորակ հնչողությանը եւ դահլիճի չափազանց վատ ակուստիկ տվյալներին (ցավոք, ընտրված էր մարզական դահլիճը, որը նախատեսված չէ համերգային միջոցառումների համար), մեծ իրադարձություն տեղի ունեցավ: Մարզահամերգային համալիրը վաղուց նման որակյալ հանդիսատես չէր ունեցել: Շատ-շատերը պարզապես ուրախանում էին փաստից, որ այսօր Հայաստանում կա այդպիսի վառ երիտասարդություն, եւ որը արմենչիկների, հայ շոու-բիզնեսի անտաղանդ «աստղիկների» չի լսում: Deep Purple-ի երիտասարդ երկրպագուները լեփ-լեցուն դահլիճի ծայրերի նստատեղերից շարք-շարք իջնում էին բեմի կողմը: Տարբեր սերնդի ներկայացուցիչներ էին հավաքվել հսկայական այդ դահլիճում. շատերը վերապրում էին իրենց երիտասարդության տարիները` իրենց սիրելի ռոք խմբի հետ (ոմանք նույնիսկ հիշեցին, թե այդ տարիներին որքա՞ն արժեր բենզինը` 2-7 կոպեկ, եւ կամ «Հերցեգովինա ֆլոր» եւ «Դիմոկ» ծխախոտներըգ): Հազարավոր մարդիկ բարձրաձայն կամ կիսաձայն, խմբին հավասար երգում էին բոլոր երգերը, պարում էին, շատերը սպասում էին իրենց ամենասիրելի` Deep Purple-ի հիթ-երգերին, որոնց մի ստվար մասը, ցավոք, չկատարվեց գ Հնչեց «Smoke On The Water»-ը. լեգենդար Գիլանի հետ երգում էր ամբողջ դահլիճըգ այդ օրը մեծ էներգետիկա եւ ուրախություն կար Մարզահամերգային համալիրում: Յան Գիլանը եւ խմբի բոլոր անդամները զգում էին հանդիսատեսից իրենց փոխանցվող սերը: «Ուրեմն Հայաստանում դեռ ամեն ինչ կորած չէ»,- երիտասարդության ոգեւորությունը տեսնելով՝ ասում էին Deep Purple-ի եւ, առհասարակ, ռոքի ավագ սերնդի երկրպագուները: «Ֆանտաստիկ, անմոռանալի համերգ էր»,- համերգից հետո Facebook-ում շարունակվում են երկրպագուների ստվար զանգվածի քննարկումները: Շատերին ցնցեց ստեղնահար Դոն Էյրինը` Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» սոլո կատարումով: Deep Purple-ի համերգը կրկնակի տոն էր «հայսուպերսթարցի» վոկալիստ, կիթառահար Սուրեն Առուստամյանի համար, ով խմբի հետ ելույթ ունեցավ համերգի վերջում:
Ինչ խոսք, Deep Purple-ի հայաստանյան այցը մշակութային մեծ իրադարձություն էր եւ այլեւս փաստ, որի համար իսկապես պետք է շնորհակալություն հայտնել երեւանյան համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությանը եւ բոլոր հովանավորներին: Deep Purple-ի երաժշտական գործիքներն ու ձայնային սարքավորումները, ինչպես պատմեց ընկերներիցս մեկը, օդանավակայանից Մարզահամերգային համալիր տեղափոխելուն օգնել են ոչ թե բանվորները, այլ Կոնսերվատորիայի տարբեր տարիների շրջանավարտ երաժիշտներ-ռոքի երկրպագուները: Ավելին, մարդիկ միմյանց, վերջին ամիսներին, որպես ծննդյան նվեր, Deep Purple-ի համերգային տոմսեր էին նվիրումգ
Այս համերգը, սակայն, հասարակական կյանքում, որոշակի իմաստով` դիագնոստիկ նշանակություն ունեցավ: Շնորհակալություն Deep Purple-ին, որ այդ օրը ինտելեկտուալ, կիրթ ու ճաշակով հայաստանցիներին (որոնցից շատերն էլ, ցավոք, նաեւ տոմսերի թանկ լինելու կամ այլ պատճառով չէին կարողացել այդտեղ գտնվել) հավաքել էր մեկ տեղում եւ մեզ ցույց տվեց նրանցից շատերին: Նրանք կան, շատ են, բայց, ցավոք, հասարակական-քաղաքական-մշակութային գործընթացներից, բոլոր շարժումներից, կուսակցություններից, քննարկումներից դուրս են: Մինչ համերգի կայացումը, Deep Purple-ի երեւանյան այցի մասին բուռն քննարկումներ էին տեղի ունենում ինտերնետային տիրույթում` Facebook-երում, տարբեր բլոգներումգ Այդտեղ բոլորովին այլ կյանք է հոսում, բոլորովին այլ որակի եւ մակարդակի իրականություն է, եւ այլ քննարկումներ են տեղի ունենում, որոնց չենք հանդիպում մեր հեռուստաեթերում եւ հասարակական կյանքում: Մայիսի 25-ին` Deep Purple-ի համերգի օրն, այդ մարդիկ հավաքվեցին մեկ վայրում` Մարզահամերգային համալիրում, սակայն, ցավալին այն է, որ համերգից հետո կրկին փակվեցին «վիրտուալ Հայաստանում»` շարունակելով իրենց քննարկումները միմյանց միջեւ` իրենց դուրս դնելով հասարակական իրական կյանքից:
Շնորհակալություն Deep Purple-ին, որը կրկին անգամ հերքեց «մենթալիտետ» կոչվածը. Հայաստանում ձախողված ցանկացած խնդիր «մենթալիտետ» բառով են հիմնավորում: Իսկ իշխանության առանձին ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ իրենց արած-չարած «կիքսերը» դարձյալ այդ «մենթալիտետին» են վերագրում: Deep Purple-ի համերգը եւս մեկ անգամ շեշտեց, որ դա իրականում գոյություն չունեցող հասկացություն է, որովհետեւ կիրթ մարդը, կրթված հասարակությունը ապրում է բոլորովին այլ արժեքներով: Եվ ձգտում է բոլորովին այլ արժեքների եւ կենսակերպի, որը անհամատեղելի է հայաստանյան այսօրվա իրականության հետ: