Ինչպես ցանկացած ազգ, հայերը եւս սիրում են հպարտանալ իրենց տաղանդավոր մարդկանցով՝ եւ՛ գիտության, եւ՛ արվեստի, եւ՛ սպորտի բնագավառներում… Սակայն կարողանո՞ւմ ենք, արդյոք, ազգային կյանքում օբյեկտիվ գնահատել մեր տաղանդներին. չէ՞ որ իրական օբյեկտիվ գնահատականը ազգային կյանքի անբաժանելի մասն է: Միանշանակ կարող եմ ասել՝ ո՛չ: Այնպես էր եւ՛ խորհրդային ժամանակներում, երբ գնահատման չափանիշները Մոսկվան էր թելադրում, եւ՛ հիմա, երբ գնահատականը կախված է մեզանից: Եվ այդ չափազանց բարդ ու բազմաչափանիշ գնահատման մեջ մենք խառնում ենք շատ հասկացություններ: Այս մասին խոսենք հերթականությամբ:
Մեծ ազգերի մեջ (իսկ մենք մեզ այդպիսին ենք համարում եւ դրա համար հիմքեր ունենք) պրոֆեսիոնալ մշակույթը, համաշխարհային գիտական միտքը ազգային նվաճում են, եւ հենց դրանք են հանդիսանում ընտրության ու գնահատման չափանիշներ, այսինքն՝ ազգի աշխարհայացքը: Մյուս կողմից՝ մենք միանգամայն խեղաթյուրված ենք ընկալում տաղանդավոր, առավել եւս՝ հանճարեղ գիտնականի կամ արվեստագետի դերն ու տեղը: Մենք նրան դիտարկում ենք ազգային բարոյականության շրջանակներում, այսինքն` մեզ համար նրա մարդկային որակները, արարքները երկրորդ պլան են մղում նրա աշխատանքը, նրա՝ մյուս մարդկանց նման չլինելը, նրա անհատականության մեծությունը: Մենք հանճարին տեսնում ենք կենցաղում, սեւեռվում նրա արարքների վրա, եւ մենք հակակրանքով ենք քննարկում նրան:
Ազգային կյանքում մենք շատ ենք սիրում փորփրել մեկս մյուսի մեջ: Այո, մենք չափից դուրս խորն ենք ապրում իրար մեջ (ուզում ենք իմանալ ամեն ինչ, այդ թվում եւ՝ բամբասանքներն ու ասեկոսեները), իսկ դա անթույլատրելի է: Մյուս կողմից՝ մեր ազգային կյանքը բացասական ինֆորմացիայի համար պարարտ հող է: Չգիտես ինչու՝ մենք զրույցի ժամանակ կարող ենք հավանություն տալ այս կամ այն հայտնի մարդու մասին բացասական վերաբերմունքին, ավելին՝ շարունակել բամբասանքները… Մենք վատ ենք պատկերացնում, թե ինչպես պետք է գնահատել արտասովոր, առավել եւս՝ նշանավոր մարդուն: Մենք չենք հասկանում, որ նա բաղկացած է շատ բաղադրիչներից՝ իր արվեստից, ստեղծագործությունից, իր վերաբերմունքից դեպի իր ստեղծագործությունը, դեպի արդարությունը, օբյեկտիվությունը, իր քաղաքացիական դիրքորոշումից, ընտանիքի (հայր, մայր, երեխաներ), գիտության կամ արվեստի ապագայի նկատմամբ իր վերաբերմունքից եւ շատ ու շատ այլ բաղադրիչներից: Այս ամենը կազմում է նրա անհատականությունը: Այն ամենը, ինչ վերաբերում է խոշոր անհատականությանը, ազգի ՆՎԱՃՈՒՄՆ է, նրա ԳԵՆՈՖՈՆԴԸ:
Կարող է լինել նաեւ այնպես, որ հանճարը հետաքրքիր մարդ է, բայց մեծություն չի: Օրինակ՝ ավազակ Ֆրանսուա Վիյոնը կամ խուժան պատանի, իսկ հետագայում՝ ստրկավաճառ Արթյուր Ռեմբոն հանճարեղ պոետներ էին, բայց մեծություն չէին, թեեւ խիստ հետաքրքիր անհատականություններ էին: Մեծ ազգերն առանց ամաչելու գրում են եւ ուսումնասիրում հանճարի արժանիքներն ու թերությունները նույն մանրակրկիտությամբ, ինչ որ նրանց ստեղծագործությունը: Քանզի նրա ստեղծագործությունը հենց Է՛ նրա ներքին բովանդակությունը, որտեղ բնավորության, խելքի, փորձի, տաղանդի, գեղարվեստական (գիտական, տեխնիկական) երեւակայության փոխադարձ կապը աշխարհընկալման միասնական ՀԱՄԱԿԱՐԳ է:
Ստեղծագործությունը բառի լայն իմաստով ինքնաճանաչողություն է, մնացած ամեն ինչը լոկ խթան է, ինչը մարդուն հնարավորություն է տալիս բացահայտվելու: Որքան հզոր եւ մեծ է անհատականությունը, այնքան մեծանում է տվյալ ազգի հպարտությունն ու կարգավիճակը համամարդկային արժեքների համատեքստում: Իսկ եթե ազգը դարեր շարունակ ցույց է տալիս նման բարձր որակ, եւ այդ ամենը համահունչ է աշխարհընկալման գլոբալ համակարգին, այդ ազգը դառնում է համաշխարհային աշխարհայացքի մասը:
Այսպես, հայ ժողովրդի մշակույթի մասին Սորբոնում կարդացած դասախոսության մեջ Նիկողայոս Մառը հայտարարում է, որ հայերը դեռ վաղ միջնադարում աշխարհում առաջինն են գիտակցել, որ մարդկությունը ընդհանուր պատմություն ունի: Այս ձեռքբերումը զարմանալի հնարավորություններ է տալիս՝ հասկանալու շատ արարքներ ու նվաճումներ ինչպես ազգի կյանքում, այնպես էլ գիտակցելու հայերի դերը՝ որպես միջնորդ՝ առաջադեմ գաղափարները Արեւելք-Արեւմուտք հսկայական տարածքում տարածելու գործում: Սակայն սա մեր գնահատականը չէ, քանզի, եթե ինքներս գայինք այս եզրահանգման, մենք բոլորովին այլ դիրքերից կգնահատեինք մեր ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային պատմությունը:
Մենք մինչեւ հիմա քննարկում ենք Վիկտոր Համբարձումյանի բնավորությունը կամ էլ Չարենցի այս կամ այն արարքը: Բայց` ոչ թե մարդկային ոգու, բնավորության, ժամանակի առանձնահատկությունների ու ազգային, եւ, ինչու չէ, նաեւ համաշխարհային պատմության հետաքրքիր դրսեւորումների տեսանկյունից: Օրինակ՝ ողջ Հայկական բարձրավանդակի տարածքում մահացող ազգը ծնում է մի մարդու՝ հրաշամանուկ Վիկտոր Համբարձումյանին, որը ցեղասպանությունից բառացիորեն 10-15 տարի հետո հայտարարում է, որ խորապես եւ լիովին ճանաչում է տիեզերքը, խոսում է աշխարհի արարման կառուցվածքի մասին: Մի՞թե այս օրինակը չի ապացուցում, որ հայ ազգը չի կարող լինել ոչ նվաստացված, ոչ ոչնչացված ցեղասպանությամբ, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները, որ եղել են, կան ու կլինեն…
Վիկտոր Համբարձումյանին գնահատում էր համաշխարհային գիտական միտքը, իսկ այստեղ՝ անկախ Հայաստանում, նրան լկտիաբար ու գռեհկորեն վիրավորեցին, այսպես կոչված, ժողովրդավարական իշխանությունները: Մի՞թե մենք մեր անտարբերությամբ չվիրավորեցինք Սերգեյ Մերգելյանի հիշատակը, որը Հայաստանի մի քանի սերունդների կայացման գործում անջնջելի հետք է թողել: Քանի՜-քանի մեծությունների ենք արհամարհել ու հալածել իրենց կենդանության օրոք՝ Դավիթ Անհաղթից ու Կոմիտասից սկսած, մինչեւ Նարեկացի ու Փարաջանով… Մի՞թե մենք չենք ամաչում: Ոմանց արձաններ ենք կանգնեցնում, մինչդեռ հենց նրանք արժանի չեն դրան, իսկ մյուսների կյանքը պարզապես թունավորում ենք:
Ապրում ու մեռնում են մեծ հայերը, իսկ ազգը ծափահարում է նրանց միայն այն բանից հետո, երբ նրանցով զբաղվում են այլ ազգեր: Մենք մեծահոգի չենք, անգամ՝ երբ հանդիպում ենք նշանակալի անձնավորության, մենք մեզ ենք սիրում նրա կողքին, ոչ թե նրա յուրահատուկ լինելը, նրա խելքը, կուլտուրան, ինչը, թերեւս, մեզ անհասկանալի է: Այսօր ազգն ու իշխանությունները քիչ թե շատ հասկանում ու պարգեւատրում են սպորտսմեններին: Իհարկե, նրանցով պետք է հպարտանալ, սակայն՝ նրանց որոշակի տեղ հատկացնելով, եւ դա չպետք է լինի ի վնաս գիտության ու արվեստի մեծերի, ովքեր հենց ձեւավորում են ազգային ինքնագիտակցության աշխարհայացքային միտքը:
Այսօր ազգը ի դեմս իշխանությունների՝ չգիտի, թե ում եւ ինչպես գնահատի, ինչպես մոտենա մեծ անհատականություններին, ավելին, չգիտի՝ ինչ անի այդ տաղանդների հետ, եթե նրանք նյարդայնացնում են իշխանություններին իրենց անկախությամբ, կյանքի եւ պետական համակարգի թերությունների նկատմամբ իրենց ուղիղ վերաբերմունքով: Իշխանությունները (երբեմն դա նույնացվում է ազգի հետ, ինչը հեշտ չէ) ազնիվ վերաբերմունք չունեն ազգային մտքի, ոգու գագաթների նկատմամբ: Ամեն օր ԶԼՄ-ները փնտրում եւ այս կամ այն երկրում գտնում են նշանավոր հայերի, որոնցով, չգիտես ինչու, պարծենում են: Այդ մարդիկ (նրանց մեջ քիչ չեն արժանավորները) ուրիշ ազգերի համար շատ լավ բաներ են արել, ինչի համար պատվի են արժանացել, բացահայտել են բնության գաղտնիքներ, ստեղծել արվեստի նշանավոր գործեր, սակայն ի՞նչ կապ ունեն նրանք մեր թշվառ գավառական կյանքի հետ: Մենք ընդամենն ուզում ենք հպարտանալ, ուզում ենք հանգստացնել սեփական սնապարծությունն ու մեծամտությունը՝ առանց հասկանալու, որ դա ամենավատ բանն է քրիստոնեության մեջ, եթե մենք իսկապես քրիստոնյա ենք… Մենք տեսնում ենք, թե ովքեր են շքանշաններ ու կոչումներ ստանում, ովքեր են դառնում «հարգված մարդ», թեեւ դրանով ընկնում է պարգեւների ու կոչումների վարկը, արժեքը: Այն արդեն մոտենում է այն վտանգավոր սահմանագծին, երբ պարգեւից հրաժարվելն ավելի ազնիվ է, քան այն ընդունելը: