Թուրքիան Բրայզայի «երկրորդ տո՞ւնն է»

26/05/2010

Անցյալ շաբաթ, երկարատեւ ձգձգումից հետո Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը. այս մասին EurasiaNet.org-ին
հայտնել է ամերիկացի մի անանուն պաշտոնյա:

«Կալիֆոռնիա կուրիերը» հաստատել է Բրայզայի առաջադրման հավաստիությունը Վաշինգտոնի իր սեփական աղբյուրների միջոցով: Սպասվում է, որ Սպիտակ տունը շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: Ուշագրավ է, որ անցյալ տարվա հուլիսից Ամերիկան դեսպան չուներ Ադրբեջանում: Երբ 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործելու համար Ջոն Էվանսը հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից, Բուշի վարչակազմը ճնշում գործադրեց Սենատի վրա` արագացնելու նրա փոխարինողի հաստատումը, պնդելով, թե ԱՄՆ-ը դեսպանի խիստ անհրաժեշտություն ունի այդ երկրում: Զարմանալի է, սակայն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մեկամյա բացակայության ընթացքում Վաշինգտոնում նման հրատապության դրսեւորում չնկատվեց: Նախագահ Ալիեւն այս հապաղումը հավանաբար դիտարկում էր որպես արհամարհանք իր երկրի նկատմամբ: Մինչեւ 2009թ. Մեթյու Բրայզան աշխատել է որպես ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ եւ Արցախի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ: Հետաքրքիր է, որ գործընկերները նրան կոչում էին «Փոքրիկ ՊՕՏ» («Baby DAS», պետքարտուղարի օգնականի տեղակալ), նրա պաշտոնի արագ բարձրացման համար, չնայած երիտասարդ տարիքին ու դիվանագիտական անփորձությանը: Բաքվում նրա նշանակման ուշացումը կարող է վերագրվել Բրայզայի նկատմամբ Ադրբեջանի մտահոգությանն ու ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին նախաձեռնությունների հանդեպ առկա դժգոհությանը: Սենատում առաջիկա հաստատման ժամանակ Բրայզային պետք է հարցաքննեն անցյալում նրա ծավալած գործունեության եւ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ վերջին շրջանում գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ: Ահա մի շարք հարցադրումներ, որոնք Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կցանկանան պարզել Բրայզայի առաջադրման ընթացքում.

– Ինչո՞ւ Ադրբեջանն այդքան երկար ժամանակ չէր տալիս իր համաձայնությունը Ձեր նշանակման վերաբերյալ: Ի՞նչ բողոքներ ուներ Ադրբեջանը Ձեր եւ տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմ: Ի՞նչ երաշխիքներ են տրվել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին` Ձեր նշանակմանը համաձայնություն տալուց առաջ նրա մտահոգությունները փարատելու համար:

– Չնայած Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ձեր եւ Մինսկի խմբի համառ ջանքերին, Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս շատ հեռու են խաղաղության համաձայնագրից: Ի՞նչ խոչընդոտներ են մնացել այս հակամարտության լուծման համար: Հաշվի առնելով Ձեր ունեցած փորձն այս տարածաշրջանում, որպես ԱՄՆ դեսպան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու ԼՂՀ հակամարտության խաղաղ, այլ ոչ թե` ռազմական ճանապարհով կարգավորմանը Ադրբեջանի համաձայնությունն ապահովելու համար:

– Նախագահ Ալիեւը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չվերացնի Հայաստանի շրջափակումը: Ինչպե՞ս եք պատրաստվում տարհամոզել Ադրբեջանին չխոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին:

– Հաշվի առնելով ժողովրդավարական նորմերի բացակայությունը Ադրբեջանում, որը հայտնի է կեղծ ընտրություններով, մամուլի ազատության պակասով եւ ընդդիմադիր կուսակցությունների ու ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների կիրառմամբ, ինչպե՞ս եք համոզելու Ադրբեջանի ղեկավարներին երկրում օրենքի գերակայություն հաստատել:

– Ի՞նչ պատգամներ եք փոխանցել Վրաստանի ղեկավարությանը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008թ. պատերազմից առաջ: Արդյո՞ք ճշմարտությանը համապատասխանում են այն զեկույցները, որոնց համաձայն՝ Դուք վրացիներին իրազեկել եք ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում ԱՄՆ-ի ռազմական միջամտության մասին:

– Վստա՞հ եք, որ կարող եք Ձեր դիվանագիտական պարտականությունները հմտորեն ու անաչառ իրականացնել, հաշվի առնելով հայկական, ադրբեջանական եւ թուրքական հիմնախնդիրների առնչությամբ Ձեր կնոջ արտահայտած տեսակետները: (Բրայզան ամուսնացած է Թուրքիայում ծնված Զեյնո Բարանի հետ, որը Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում արտաքին քաղաքականության վերլուծաբան է: Նրանց հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ճարտարապետների հայտնի Բալյան ընտանիքի նախկին տանը, Ստամբուլին մոտ գտնվող մի կղզում: Այդ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ թուրք, վրացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ):

– Դուք որեւէ դերակատարություն ունեցե՞լ եք դեսպան Ջոն Էվանսի հետկանչման եւ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու գործում: Ի՞նչ եք կարծում, դեսպանը պետք է ազատվե՞ր պաշտոնից պարզապես «Հայոց ցեղասպանություն» տերմինն արտասանելու համար: Որո՞նք են Ձեր սեփական տեսակետները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, վայե՞լ է նախագահ Օբամային դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումը:

– Պետքարտուղար Քլինթոնին հղված մի նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Ձեզ մեղադրել է «Հայաստանին առնչվող հարցերում» անաչառ չլինելու, «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն» ցուցաբերելու եւ «Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունը» խրախուսելու մեջ: Ի՞նչ երաշխիքներ կարող եք տալ ամերիկյան ժողովրդին, որ արդարորեն եւ անկողմնակալորեն իրականացնելու եք Ձեր դիվանագիտական պարտականություններն Ադրբեջանում, որպես ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները պետք է հանգամանորեն քննարկեն Բրայզայի առաջադրումը` վստահ լինելու համար, որ հաստատման դեպքում նա Բաքվում ներկայացնելու է ԱՄՆ-ի շահերը եւ ոչ թե հակառակը, քանզի թե՛ նա, թե՛ նրա կինը` Զեյնո Բարանը, մեծ կապեր ունեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: 2005թ., Սենատին ներկայացրած իր ելույթում, Բարանը դեմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության բանաձեւին, իսկ նրա ամուսինը մի լրագրողի ասել է, որ Թուրքիան իր «երկրորդ տունն է»:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ