Բոլորս գիտենք, որ մեր տնտեսությունն անհնար է բնութագրել՝ չօգտագործելով «մոնոպոլիա» բառը: Տնտեսության բոլոր հնարավոր ու անհնար ոլորտները մոնոպոլիզացված են: Քաղաքացին որպես սպառող՝ պաշտպանված չէ: Ուստի ստիպված է համակերպվել մոնոպոլիստների քմահաճույքներին: Հայաստանում զուտ ձեւական տեսանկյունից քաղաքացիական հասարակության համարյա բոլոր ատրիբուտներն առկա են: Բնական մոնոպոլիստների մատուցած ծառայությունների որակն ու սակագինը վերահսկելու նպատակով հատուկ հանձնաժողով կա: Բայց չի կարելի միանշանակ ասել, որ այդ հանձնաժողովը պաշտպանում է բնակչության (իմա` սպառողի) շահերը: Այս հանձնաժողովի հիմնական աշխատանքը ջուր, գազ, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների սակագների բարձրացման հայտեր ընդունելն է: Ավելի ճիշտ` ընդունելը եւ ամբողջությամբ (կամ մասամբ) բավարարելը: Իսկ մինչ այդ այս հանձնաժողովը տիպային պայմանագրեր հաստատեց ու բնակչությանը պարտադրեց ստորագրել դրանք: Խոսքը ջուր, գազ, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունների հետ սպառողների կնքած պայմանագրերի մասին է: Դրանք հիմնականում միակողմանի պաշտպանում են խոշոր բնական մոնոպոլիստ հանդիսացող ընկերությունների շահերը: Անհատ սպառողն անկարող է այդ պայմանագրով պաշտպանել իր իրավունքները: Մինչ այժմ որեւէ սպառողի չի հաջողվել դատական համակարգի միջոցով փոխհատուցել իր վնասները, որ կրել է բնական մոնոպոլիստներից: Սրանց գործունեությունը բավական միանման է: Դրանք ամեն տարի հերթով դիմում են սակագնային հանձնաժողով եւ բարձրացնում իրենց մատուցած ծառայությունների սակագինը: Բայց վերաբերմունքը սպառողների նկատմամբ որոշակիորեն տարբեր է: «Երեւան-ջուր» ընկերությունն, օրինակ, բարեխղճորեն սպառողներին տեղեկացնում է հնարավոր անջատումների մասին` հստակ նշելով՝ որ թաղամասում որ ժամից որ ժամը հոսանք չի լինելու: Սա, իհարկե, բարի կամքի արտահայտություն չէ, այլ օրենսդրության պահանջ: Առերեւույթ նույնն անում է նաեւ «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը: Ավելի ճիշտ, անում էր մինչեւ վերջին երկու-երեք ամիսները: Մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներին հետեւող մարդու մոտ տպավորություն կարող է առաջանալ, թե հովհարային անջատումների ժամանակը վերադարձել է: Օրինակ, երկու շաբաթ առաջ երեք օր անընդմեջ երեկոյան դադարեցվում էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Մերգելյանի անվան ինստիտուտի հարեւան թաղամասում: Երեք օր անջատման մասին տեղեկություն փնտրող քաղաքացիներին տրվում էր նույն պատասխանը` «Վթար է»: Երեք օր անընդմեջ համարյա նույն ժամին նույն թաղամասում վթար էր տեղի ունենում: Եթե, իհարկե, հավատանք էներգացանցի տեղեկությանը: Վերջին օրերին միաժամանակյա եւ «պլանավորված» վթարների գործընթացը հասել է Կենտրոն թաղամաս: Կենտրոնում, հայտնի բան է, շատ գրասենյակներ են գործում: Շատ ու տարաբնույթ ծառայություններ մատուցող գրասենյակներ: Աշխատանքային ժամերի անջատումներին դրանք դադարեցնում են աշխատանքը՝ նյութական կորուստներ կրելով: Բայց սա դեռ ամենը չէ: Այդ գրասենյակները, որպես կանոն, հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Որոնք պարզապես փչանում են: Կենտրոնում գրասենյակ ունեցող համարյա բոլոր գործարարները բողոքում են: Բողոքում են ծանոթ-բարեկամներին: Բայց դատարան չեն գնա: Անիմաստ է ու անհնար: Խոշոր ընկերություններից վնասի հատուցում ստանալը: Տիպային պարտադրված պայմանագիրը վեճը շահելու ոչ մի հնարավորություն չի թողնում: Հետեւաբար, բոլոր գործարարներին մնում է գնալ լրացուցիչ ծախսերի` գնել էլեկտրականության անակնկալ անջատումների հետեւանքները կանխող սարքեր: Բոլորի համար պարզ է, որ «Էլեկտրացանցերում» սադիստներ չեն աշխատում: Հովհարային նորօրյա անջատումները, հարկավ, տեխնիկական պատճառներ ունեն: Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչու են նորոգման աշխատանքները կատարվում առանց զգուշացման: Անակնկալ անջատումները արտադրական պրոցեսներ են խաթարում, սարքավորումներ շարքից հանում: Զգուշացված լինելու դեպքում կարելի է նվազագույնի հասցնել հոսանքազերծման բացասական հետեւանքները: Բայց թե անհատ, թե իրավաբանական անձ հանդիսացող սպառողները պաշտպանված չեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այս խնդիրները պակաս հետաքրքիր են: Հանձնաժողովը միայն սակագների հերթական բարձրացումը հաստատող մարմին է: Այսպիսի տպավորություն կարող է ձեւավորվել ցանկացած մեկի մոտ, ով հետեւում է սույն հանձնաժողովի աշխատանքներին: