«Եթե կոնֆորմիստական չէ՝ բուլդոզերային է»

26/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, ինչ տեղի ունեցավ 1974թ. Մոսկվայում` աշխարհն անվանեց «քաղաքակրթության սատանա»: Ոչ կոնֆորմիստ, հակասովետական հայացքներով մի խումբ էքպրեսիոնիստ նկարիչներ Մոսկվայի «Բելյաեւո» անտառային զբոսայգում փորձեցին բաց երկնքի տակ աբստրակտ արվեստի ցուցահանդես կազմակերպել: Խորհրդային իշխանության ռեժիմի սոցռեալիզմից հոգնած բազմությունը եկել էր զբոսայգի` հասկանալու համար, թե ինչպես են մի խումբ աբստրակցիոնիստներ ներկայացնում նոր ի հայտ եկած` վերացական արվեստը, ինչը, թերեւս, իշխանությունները համարում էին հակասովետական, վտանգավոր հոսանք: Ցուցահանդեսի ժամանակ բազմության մեջ հայտնվեցին սեւ բաճկոններով եւ ոստիկանական համազգեստներով հարյուրավոր մարդիկ, եւ շատ չանցած՝ նրանց հրահանգով զբոսայգին վերածվեց իսկական ռազմի դաշտի: Զբոսայգի մտան բուլդոզերները` անիվների տակ գցելով աբստրակցիոնիստների հարյուրավոր կտավներ: Ռուսական, ինչպես նաեւ` միջազգային ԶԼՄ-ներն այդ օրվա ցուցահանդեսն անվանեցին «Ցուցահանդես-բուլդոզեր», որի ժամանակ Խորհրդային «գազանը» ոչ միայն ոչնչացրեց 1970-ականների աբստրակցիոնիզմը, այլեւ` հետեւողականորեն վերացրեց նաեւ ցուցահանդեսի հեղինակ-նկարիչներին: «Բուլդոզերների գործողություններն այնքան կատաղի էին, որ այդ օրը «Բելյաեւո» անտառային այգում մոխրագույն, պղտոր, սառը անձրեւ մաղեց: Բուլդոզերները նկարիչների գործերը փոշիացրին»,- գրում էին ռուսական թերթերը, որոնք այդ օրն արձանագրեցին Ռուսաստանի ԿԳԲ-ի կողմից ծրագրված ամենասկանդալային ակտը: Իսկ Եվրոպան «Ցուցահանդես-բուլդոզերն» անվանեց` Խորհրդային իշխանության ամենաուժեղ «պերֆորմանսը»` այն որակելով որպես «քաղաքակրթության սատանա»: Ռուս ավանգարդիստները «Ցուցահանդես-բուլդոզերից» հետո սկսեցին ենթարկվել ԿԳԲ-ի հետապնդումներին. ոմանք մահացան իշխանության պատվերով «սպանվելու» վարկածով, իսկ մյուսները` հայտնվեցին հոգեբուժարաններում: Չնայած դրան` «Ցուցահանդես-բուլդոզերը» Ռուսաստանի ավանգարդ արվեստի պատմության մեջ մնաց որպես մի խումբ էքսպրեսիոնիստների ընդվզումը Սովետական կոնֆորմիզմի դեմ, եւ ճանապարհ բացեց վերացական արվեստի համար:

Հայաստանյան ժամանակակից արվեստի պարադոքսը մոտ է 70-ականներին տեղի ունեցած «Ցուցահանդես-բուլդոզերի» տրամաբանությանը, պարզապես բիրտ ուժին եկել է փոխարինելու ցենզուրայի 21-րդ դարին համահունչ «փխրուն» տեսակը: Այսինքն` վերացական արվեստ ստեղծելու համար բացարձակ ազատություն կա, բայց այն ցուցադրելու համար բոլոր դռները փակ են: Աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանն, օրինակ` իր գործերի ցուցադրությունը կազմակերպում է միայն եվրոպական երկրներում, որովհետեւ, ըստ նրա` այլ երկրների գալերեաները գիտեն աբստրակտ արվեստի արժեքը. «Այսօր, բարեբախտաբար, ինձ ոչ ոք չի ասում` ինչո՞ւ ես սա նկարում, բայց ես ցուցադրվելու տեղ չունեմ: Վերջերս Եվրախորհրդի երկու ներկայացուցիչներ պաշտոնական այցով եկել էին Հայաստան: Շատ պատահաբար նրանց ձեռքն էր ընկել իմ գործերի բուկլետը, որի միջոցով էլ ինձ գտել էին: Նրանք եկան, գործերս նայեցին եւ մի քանի գործ գնեցին: Պետք է տեսնեիք նրանց զարմանքը, ասում էին` ի՞նչ է, Հայաստանում աբստրակտ արվեստն այսքան զարգացա՞ծ է, իսկ ինչո՞ւ մենք պատկերասրահներում չենք տեսնում: Ավստրալիայում ապրող շատ հայտնի նկարչուհի Միլանդա դե Մոնտ կա: Եկել էր Հայաստան, աբստրակցիոնիստների արվեստանոցներում էր եղել ու ապշել էր, թե ինչո՞ւ այդքան արժեքավոր գործերը չեն ցուցադրվում: Ասում էր` Հայաստանում նման արվեստ կա, եւ դա չի՞ ներկայացվում»: Այսինքն` եվրոպացիները հաստատում են հետսովետական երկրներում բուլդոզերային քաղաքականության շարունակությունը: Նկարիչների միության կողմից աբստրակտ արվեստի հանդեպ, մեղմ ասած, անտարբեր վերաբերմունքը թույլ է տալիս պնդելու, որ, այնուամենայնիվ, «քաղաքակրթության սատանա» կոչվող Սովետական բուլդոզերը դեռ իներցիայի ուժով գործում է: «Ապրիլի 24-ին Նկարիչների միությունում ցուցահանդես պիտի լիներ: Ներկայացվել էին շուրջ 300 գործեր, որոնցից աբստրակտ ոչ մի գործ չցուցադրվեց: Ես երկու անգամ գործերս ներկայացրել եմ, բայց մերժել են: Իրենք ներկայացրեցին այն գործերը, որոնք պիտի վաճառեին: Կա հանձնաժողով, որը որոշում է ցուցադրվող գործերը: Իբր մեկնաբանում են, թե` թեմատիկ չէ: Աբստրակտ արվեստին ծանոթ մարդիկ պիտի հասկանան, որ դա ֆիգուրատիվ, առարկայական նկարչություն չէ: Այսինքն` ընտրությունը կատարվել է առեւտրի հոգեբանությամբ»,- ասում է Նկարիչների միության անդամ Խ. Մարտիրոսյանը, ում գործերը պահանջվող ֆորմատից դուրս են եղել: Ստացվում է, որ Նկարիչների միությունը ցուցադրվող գործերի վրա «ստավկա» է դնում, այսինքն` ապրիլի 24-ին ցուցասրահի պատերից պետք է կախված լինի միայն խաչքարերին մոտ կանգնած, լացող մարդկանց, մորթելու տեսարաններով իլյուստրատիվ գործեր: Ցեղասպանության օրվա համար Հայաստան ժամանած հյուրերը դրա պահանջարկն ունեն, հետեւաբար՝ Նկարիչների միությունը կոնկրետ բիզնես-ծրագիր է իրականացնում: «Տպավորություն կար, որ Սովետը վերադարձել է, աբստրակտ նկարչությունը տեղ չունի մեր կյանքում»,- ասում է Խ. Մարտիրոսյանը, ում գործերը, շատ աբստրակցիոնիստների պես, որպես կանոն, միության ցուցասրահից առանց մեկնաբանության իզոլյացվում են: Նույն բիզնես տրամաբանությամբ գործում են ժամանակակից արվեստի մյուս պատկերասրահները, որտեղ ցուցահանդես կազմակերպելու համար աբստրակցիոնիստները պետք է ունենան նվազագույնը 800 դոլար: Պետական ֆինանսավորմամբ գործող պատկերասրահների ղեկավարները ժամանակակից նկարչության հանդեպ ունեն իրենց մոտեցումները: Նրանք բավարարում են մեր հասարակության կոնկրետ նեղ շրջանակի ճաշակն ու արվեստի հանդեպ ընկալումը: Օրինակ` այդ պատկերասրահներում մշտապես ցուցադրվում են գեղանկարչական այնպիսի գործեր, որոնք, ասենք, եթե խնձոր է, ապա այնքան լավ է նկարած, որ ուզում ես ուտել: Կամ, եթե մերկ կնոջ պորտրետ է` այնքան վարպետորեն է նկարած, որ գործը նայող տղամարդը ցանկանում է այդ կնոջը: Դիտողի պահանջարկն ինչ-որ տեղ բավարարելու պատկերասրահների ղեկավարների փաստարկները վկայում են, որ արվեստի նրանց չափանիշը` նկարելու վարպետությամբ մարդուն գայթակղության հասցնելն է: «Վերացական արվեստը մտածելու, խորության նկարչություն է: Այսինքն` ինքը տեղ է թողնում, որ դու փնտրես, մտածես, որոնես, երեւակայես ու նաեւ ինքդ քո հետ աշխատանքի արդյունքում էդ էսթետիկան մարսես: Նկարիչների խնդիրն էլ այն է, որ կոնկրետ արվեստի խնդիր բարձրացնելու փոխարեն՝ դառնում են սալոնային, ինչ-որ մեկին դուր գալու, նկար վաճառելու փիլիսոփայությամբ գործող հաճախորդներ: Մեզ մոտ ցուցադրվում է սալոնային, վերնիսաժի կարգի արվեստ: Մենք` աբստրակցիոնիստներս, տեղ չունենք մեր գործերը ցուցադրելու համար»,- նշում է Խ. Մարտիրոսյանն` ասելով, որ ինքը եւ մի շարք համախոհ աբստրակտ նկարիչներ գործող «ռեժիմի» ընդդիմությունն են: Վերջինս համարում է, որ այս նեղ մտածելակերպն իրականում պետական քաղաքականության արդյունք է, որի հետեւանքով պատկերասրահներն ինքնամփոփ գործունեությամբ գաղափարազուրկ «պրոդուկտ» են պրոպագանդում: Գոյություն ունեն «վուլգարներ», որոնք իմիտացիոն արվեստ են սիրում, հետեւաբար՝ բավարարվում է նրանց ցանկությունն ու ճաշակը: Այլ կերպ ասած` արվեստում գործում են տակտիկական հաշվարկներ, ըստ որի` դաստիարակվում է հնազանդ «հասարակություն», որի առաջ մտածելու խնդիր չի դրվում: «Մշակույթի նախարարությունն իր ճաշակն է թելադրում, նորի, ժամանակակցի համար հող չի տրամադրում: Իրենց չափանիշն ազգային արվեստ հասկացողությունն է, որտեղ նուռի, կարպետի մոտիվներն են: Էդ նեղ մտածելակերպից էն կողմ` պատ է»,- ասում է Խ. Մարտիրոսյանը` նշելով, որ կոմունիստական նույն տրամաբանությամբ Գեղարվեստի ակադեմիան ներկայումս ուսանողներ է կրթում` արգելելով վերացական արվեստով առհասարակ «տարվելը»: Զարմանալի է, բայց ակադեմիայում աբստրակտ արվեստի վերաբերյալ գրականություն չի դասավանդվում կամ աբստրակցիոնիստ դասախոս գոյություն չունի: Այսինքն` ուսանողներին կրթում են այնպես, որ հետագայում նրանց մեջ ընդվզելու, ըմբոստության իդեոգրաֆիա չզարգանա: Խ. Մարտիրոսյանը պատմում է, թե Ֆրանսիայում ինչպես են երեխաներին կրթում. «3-4 տարեկան երեխաներին խմբերով բերում են Լուվր, ընդ որում` նրանք հատուկ ջինս են հագնում, որ նստեն հատակին, եւ սկսում են մեկնաբանել իրենց տեսածը: Պետական քաղաքականություն է` մանկապարտեզների, դպրոցների սաներին պարտադիր խմբերով բերում են մշակութային կենտրոններ: Իրենք մեր նման չեն վախենում համարձակ, նրբաճաշակ եւ բազմակողմանի զարգացած սերունդ ունենալուց, այլ՝ ճիշտ հակառակը` սերմերը գցում են երեխաների մեջ, որ հետագայում տաղանդավոր, բարձր գիտակցությամբ, քաղաքացիական հասարակություն ունենան»:

Վերացական արվեստը հոգեւոր տարածք է

Ինչեւէ, չնայած մեր երկրում տիրող ժամանակակից արվեստի հանդեպ տխուր վիճակին, այդուհանդերձ, մի խումբ ավանգարդ արտիստներ համախմբված պերֆորմանսներ են իրականացնում, եվրոպական երկրներում ինքնուրույն ցուցահանդեսներ են կազմակերպում եւ շարունակում են ստեղծագործական որոնումների միջոցով կերպարվեստում նոր «աշխարհ» բացել: «Նկարչության սպեցիֆիկան կայանում է նրանում, որ որքան նոր բան ես հայտնաբերում, այնքան դեռ նորը հայտնաբերելու լույս ես տեսնում: Ինձ մոտ մի տարիք եկավ, երբ սկսեցի աշխատել սեւի ու սպիտակի հետ: Սեւի ու սպիտակի ֆենոմենն անբացատրելի է»,- ասում է Խ. Մարտիրոսյանը, ում սեւ-սպիտակ գործերի շարքն ինքնաբուխ, ինտենսիվ ոճով կատարած գործողություններ են, որոնք դրամատիկ ազդեցություն են թողնում: Խ. Մարտիրոսյանի սեւ-սպիտակի համադրումը գործողությունների նկարչություն է` սեւի մեջ սպիտակի եւ սպիտակի մեջ սեւի փիլիսոփայությամբ: Օրինակ` Պիեր Սուլաժը, որպես գույնի գիտակ, սեւի եւ սպիտակի իր մեկնաբանությունն ուներ. «Սեւն անգույն ու գունավոր է: Երբ լույսի ստվերն արտացոլվում է սեւի վրա` լույսը կերպարանափոխվում ու այլ կերպ է մարմնավորվում: Սեւը բոլոր գույների համար բացում է հոգեբանական տարածք եւ գույների համար միանգամայն նոր դաշտ է բացում»: Սեւի եւ սպիտակի վարպետ Ֆրանց Քլայնն էլ համարում էր, որ սեւ-սպիտակ գույների մեջ է ներկայացնում իր նկարները, ոչ թե հակառակը: Նա արվեստանոց էր քարշ տալիս հսկայական պրոյեկցիոն լապտերներ, որպեսզի ուրվագծերի միջոցով սեւ-սպիտակի նոր երանգներ հայտնաբերեր: Խ. Մարտիրոսյանը համարում է, որ մերկ կտավն, ինչպես սպիտակ, այնպես էլ սեւ գույն ունի: Դրանք մաքրող, ծածկող եւ մյուս գույները կլանող, հսկայական ներուժ ունեցող գույներն են: «Սեւի ու սպիտակի մեջ անվերջ կարելի է բացահայտել նոր սեւեր ու նոր սպիտակներ: Ինձ համար այս գույները հայտնություններ են, որոնք անվերջանալի եւ մշտական ուսումնասիրության առարկա են: Աբստրակցիոնիզմը նկարչության մեջ նկարչի համար էկոլոգիա է, մաքրող հատկություն ունի: Անգամ ամենանատուրալիստ նկարիչը չի գիտակցում, որ կտավի հետ շփվելիս իր մոտ արդեն աբստրակտ մտածելակերպն է թելադրում: Շատ դեպքերում կանոնիկ շարժումից չի կարողանում դուրս գալ, բայց մտածելակերպն իրեն դրդում է ազատ շարժում անել: Դրանից հետո արդեն նկարիչը գալիս է կառուցողական արվեստին»,- ասում է Խ. Մարտիրոսյանը` հավատալով, որ հոգեւոր կառույց ունեցող մարդիկ վերացական արվեստի ֆենոմենը գիտակցում են: Ճիշտ այնպես` ինչպես երաժշտություն լսելիս այն չենք տեսնում, բայց հսկայական ինֆորմացիա ենք ընկալում: Այսինքն` վիզուալ արվեստն ընկալելու համար մենք պետք է մեր հոգում տարածք բացենք` առանց շոշափելիի ակնկալիքի: Դա զգայական, հոգեբանական տարածք է, որը խիստ անհատական է, բայց համամարդկային խնդիրներ է բարձրացնում. «Փիլիսոփաներից Հեգելն ասում էր, երբ բոլորը մտածում են միատեսակ` նշանակում է` ոչ ոք չի մտածում: Վերացական արվեստը հոգեւոր տարածք է, անհատական տարածք է, բայց միեւնույն ժամանակ՝ բոլորին հրավիրում է այդ տարածքում իր հոգեւոր անհատական տարածքը գտնելու: Աբստրակտ նկարը մտածելու, փնտրելու մարտահրավեր է»,- ասում է Խ. Մարտիրոսյանը, ով կտավի հետ աշխատելը համարում է հաղորդակցություն: