Բացօթյա համերգ Երեւանում

26/05/2010

Հայաստանում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների շրջանակներում անցած շաբաթ օրը Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի ունեցավ բացօթյա համերգ, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության նախաձեռնությամբ: «Հայաստանում առաջին անգամն է, որ «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգ ենք կազմակերպել, այսպես ասած` մենք ուզում ենք բաց լինել բոլորի առջեւ»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օնո Սիմոնսը: Իսկ «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգին մասնակցում էին հայկական «Կատուներ», «Բամբիռ», «Էմփիռեյ», «Դոգմա» խմբերը, էստրադային երգիչներ Սոնա Շահգելդյանն ու Արամեն: «Եվրոպայի օրվա» եւ Շումանի դեկլարացիայի 60-ամյակին նվիրված այս միջոցառումը ֆինանսավորել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը: Ի դեպ, նշենք, որ «Եվրոպայի օրը» մայիսի 9-ին տոնելու մասին որոշումն ընդունվել է 1985 թվականին Միլանում` Եվրամիության անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովում: Եվ մինչ հիմա այդ օրը խորհրդանշում է հավատարմությունը Եվրոպական Միության հիմքում դրված խաղաղության եւ համերաշխության հիմնարար արժեքներին: Ռ. Շումանն առաջարկում էր ստեղծել վերազգային կառույց, որն այն ժամանակ կտնօրիներ ռազմական ուժի համար խիստ կարեւոր պողպատի ու ածխի արտադրությունը: Այլ կերպ ասած` այդ ժամանակ էլ ուրվագծվեց Եվրամիությունը: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրամիության գլխավոր նպատակն է եղել հանձինս թշնամիներ Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ այլ եվրոպական երկրների մերձեցումն ու հետագա պատերազմների կանխումն ու խաղաղության հաստատումը,- իր ելույթի սկզբում նշեց Օնո Սիմոնսը` ավելացնելով,- 1957թ. 6 անդամ-երկրներով ստեղծված միությունն այսօր ընդլայնվել է՝ ընդգրկելով 27 պետություն: Թերեւս կարեւորվում է տնտեսական քաղաքականությունը, սակայն, բացի այդ հանգամանքից, մենք այսօր մեծ ուշադրություն ենք դարձնում տարատեսակ ոլորտներին: Միասին մշակում ենք մեր արտաքին քաղաքականությունը, աշխատում ենք շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, փորձում ենք գտնել արտադրողականության բարձրացման ուղիներ, համագործակցում ենք ներքին գործերի ոլորտներում եւ այլն»: Ըստ Օնո Սիմոնսի` Եվրամիության խորհրդատվության, քաղաքականության եւ աջակցության միջոցով Հայաստանը հետզհետե ավելի մեծ զարգացում կարձանագրի: «Աջակցում ենք բարեփոխումներին, ժողովրդավարացմանը, աշխատում ենք ընդլայնել առեւտուրը եւ ավելի դյուրին ենք դարձնում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ փոխհարաբերությունները»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի բաժնի ղեկավարը` հանդիսատեսին առաջարկելով տոնել համաեվրոպական տոնը: