Քաղաքացիական հասարակությունը՝ կարեւոր դերակատար

26/05/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Անկախության հռչակումից ի վեր՝ մեզանում միշտ խոսվել է քաղաքացիական հասարակության դերի, կարեւորության մասին, սակայն կայացած քաղաքացիական հասարակություն մենք այսօր չունենք։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «քաղաքացիական հասարակություն»։

Եթե ընդհանրացնենք, ապա՝ քաղաքացիական հասարակությունը սոցիալական միավորումների (խմբեր, կոլեկտիվներ) ամբողջություն է, որոնց միավորում են տնտեսական, էթնիկ, մշակութային եւ այլ շահերը, եւ որոնք գործում են պետական կառավարման համակարգից դուրս՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով վերահսկել պետական մեքենայի գործողությունները։ Կարելի է նաեւ մի քանի պոստուլատների միջոցով բնորոշել քաղաքացիական հասարակություն կոչվածը.

– ՔՀ-ն սոցիալական, մշակութային, բարոյական, տնտեսական բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց հասարակություն է։

– Քաղաքացիական հասարակության ձեւավորման համար կարեւոր նախապայման է հասարակության բոլոր անդամների համար տնտեսական ինքնուրույնության առկայությունը՝ մասնավոր սեփականության հիմքի վրա։

– Քաղաքացիական հասարակության կարեւոր բնորոշիչներից մեկն այն է, որ հասարակության ներսում առկա է ինքնակազմակերպման եւ ինքնակարգավորման բարձր մակարդակ։

Որպեսզի ասվածը շատ դասագրքային չհնչի, մի պարզ օրինակ բերենք։ Սրանից մոտ 2-3 տարի առաջ մամուլում մի լուր հայտնվեց, որ եվրոպական երկրներից մեկում ավտոտեսուչը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոններն ուգ տուգանել ինքն իրեն։ Սա կարելի է համարել քաղաքացիական հասարակության ամենավառ դրսեւորում՝ պատասխանատվության, ինքնակարգավորման եւ կարգապահության բոլոր նրբերանգներով։ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր լսել էին այդ մասին՝ ոստիկանին համարում էին պարզապես հոգեկան հիվանդ։ Սա էլ հակառակ երեւույթի մասին է խոսում՝ քաղաքացիական մտածելակերպի բացակայության։ Իսկ եթե չկա քաղաքացիական գիտակցում, ապա անիմաստ է խոսել Հայաստանում քաղաքացիական հասարակության մասին։ Քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար, առաջին հայացքից, լավ հիմքեր կան. ունենք համապատասխան օրենքներ, տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր եւ այլն։ Սակայն, ինչպես մի առիթով նշել է Հայաստանի ՄԻՊ Արմեն Հարությունյանը, դա բավարար չէ. «Յուրաքանչյուրիցս է կախված քաղաքացիական հասարակության ձեւավորումը, մեր մտածելակերպից ու վարվելաձեւից: Ազատություն կա այնտեղ, որտեղ կա կազմակերպվածություն ու պատասխանատվություն»: Քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում չափազանց մեծ կարեւորություն է տրվում հասարակական կազմակերպություններին։ Հայաստանի պարագայում, սակայն, այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Արդարադատության նախարարության տվյալներով, մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված են 3450 հասարակական միավորումներ։ Սա շատ բարձր ցուցանիշ է։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ նրանց մեծ մասը գոյություն ունի ընդամենը թղթի վրա։ Նշենք, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման հարցում բավականին պասիվ է նաեւ ամենակարեւոր օղակը՝ երիտասարդությունը։ Այսօր Հայաստանում երիտասարդների թիվը կազմում է շուրջ 800 հազար, բնակչության մեկ քառորդը։ Սակայն հայ երիտասարդների ընդամենը 5%-ն է հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերում: Համեմատության համար նշենք, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 20-25%-ի սահմաններում, իսկ Արեւմտյան երկրներում՝ հասնում է մինչեւ 85%-ի։

Այս ֆոնին առավել հասկանալի է դառնում, թե եվրոպական համայնքը եւ, մասնավորապես՝ Եվրամիությունը, ինչու է կարեւորում քաղաքացիական հասարակության դերը իր հարեւան եւ գործընկեր երկրներում։ «Արեւելյան գործընկերությանը» նվիրված իր հաղորդագրության մեջ Եվրոպական հանձնաժողովը մատնանշել է. «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան գործընկեր երկրներում ընթացող բարեփոխումները պահանջում են քաղաքացիական հասարակության ավելի ակտիվ մասնակցություն՝ հանրային ծառայությունների վերահսկումը խթանելու եւ նրանց հանդեպ հասարակության վստահությունն ամրապնդելու նպատակով: Այդ իսկ պատճառով «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունում քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրը հատուկ ուշադրության պետք է արժանանա»:

Չի կարելի չնշել, որ անգամ Եվրամիության շահագրգռվածության պարագայում, հասարակության մեջ մի տեսակ անվստահություն կա այս տեսակ ձեռնարկների հաջողության հարցում։ Պատճառը շատ պարզ է. մարդիկ իրավացիորեն կարծում են, որ եթե Հայաստանի հասարակությունը ինքը շահագրգռված չեղավ ամենատարբեր ոլորտներում իրական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ապա չեն օգնի ոչ ԵՄ ծրագրերն ու առաջարկությունները, ոչ էլ տարբեր օրենքներն ու ինստիտուտները։ Ավելացնենք, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրում քաղաքացիական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես համակարգ, ձեւավորվել է Քաղաքացիական հասարակության համաժողովի տեսքով, որն առաջին անգամ տեղի է ունեցել 2009 թ. նոյեմբերի 16-17-ին՝ Բրյուսելում կայացած քաղաքացիական հասարակության համաժողովում։ Այդ համաժողովին Հայաստանից մասնակցում են շուրջ 20 կազմակերպություններ, որոնցից մի քանիսը բավականին ակտիվ են։