«Թանգարանային գիշերներ»

26/05/2010

Եթե Հայաստանում մայիսի 9-ը նշվում է որպես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի ու Շուշիի ազատագրման օր, ապա Եվրոպայի շուրջ 40 երկրներում այդ օրը հայտնի է որպես «Եվրոպայի օր»: Ուղիղ 60 տարի առաջ` 1950թ.մայիսի 9-ին, Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց մի նախագիծ, որի նպատակը Եվրոպայում պատերազմներին վերջ դնելն ու հարատեւ խաղաղություն հաստատելն էր: Նախագծի գործնական կիրառության համար էլ հիմք դրվեց ֆրանս-գերմանական ածխի արտադրությանը, որն, ի դեպ, միտված էր ռազմական արդյունաբերության զարգացման հնարավորությունը կանխելուն: Առաջարկը, որը հայտնի դարձավ իբրեւ Շումանի դեկլարացիա, հիմնադրեց «Ածխի եւ պողպատի եվրոպական համայնքը», որն էլ հիմք դրեց Եվրոպական Միությանը: Վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ «Եվրոպայի օրը» նշվում է նաեւ Հայաստանում: 2005թ. Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից նախաձեռնված «Թանգարանային գիշեր» մշակութային ակցիան «Եվրոպայի օրվա» միջոցառումների շրջանակներում կազմակերպվում է նաեւ Հայաստանում: Այդ առիթով էլ մայիսի 5-14-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, «ԴՎՎ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երաժշտական փառատոն: Ուրախալին այն է, որ փառատոնի աշխարհագրական սահմանները փոքր-ինչ ընդլայնվել էին` մայրաքաղաքից բացի, ներառելով նաեւ Վանաձորն ու Գյումրին: Փառատոնն անցկացվեց «Ձանձրույթից, փոշուց եւ քայքայումից այն կողմ. թանգարանները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության համար» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին: Իսկ ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Ներդրումներ մարդկանց մեջ տեղական մշակույթի մատչելիության, մշակութային բազմազանության պաշտպանություն եւ զարգացում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում եւ ՌԴ-ում: Ընդ որում` նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովն ու Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ): Ծրագրի բյուջեն կազմում է 550.000 եվրո, որից, ի դեպ, 495.000 եվրոն տրամադրում է Եվրոպական հանձնաժողովը, իսկ 55.000 եվրոն` BMZ-ը: Իսկ ծրագրի տեւողությունն է՝ 30 ամիս: Ծրագրի արդյունավետության ու «Եվրոպայի օրվան» նվիրված «Երաժշտական փառատոնի» փակման երեկոյին, որը տեղի ունեցավ մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը կարեւորեց այն գաղափարը, որը հիմք է դարձել «Եվրոպայի օրվա» հիմնադրման, իսկ ավելի ճիշտ` Եվրոպական Միության որդեգրած խաղաղության հաստատման գաղափարի իրագործման համար: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ծրագրի նպատակներից մեկն է՝ մասնակից երկրներում խթանել արվեստի հանգուցային դերը` սոցիալական ներգրավվածության եւ երկխոսության գործում թանգարանների, մշակութային ու հանրային այլ հաստատությունների ակտիվ համագործակցության միջոցով: Ռաուլ դե Լուցենբերգերը կարեւորեց նաեւ կովկասյան տարածաշրջանի եւ Ռուսաստանի մշակութային եւ կրթական հաստատությունների անձնակազմի կարողությունների հզորացումը, որպեսզի թանգարանները դառնան ուսումնառության ակտիվ տարածքներ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի ելույթին հաջորդեց «Արամ Խաչատրյան» եռյակի հրաշալի համերգը: Եռյակը սիմվոլիկ ավարտ հաղորդեց «Եվրոպայի օրվան» նվիրված, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոնին` հնչեցնելով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը: