Ոչ հեռավոր անցյալում լիարժեք բանաստեղծ համարվելու համար պետք էր գոնե
հայրենասիրական մի քանի բանաստեղծություն կամ մի քանի շարք գրած լինեիր։
Դրա համար բազմաթիվ առիթներ կային՝ Մայիսի 1-ը, Նոյեմբերի 7-ը, Նոյեմբերի
29-ը։ Ավելի ուշ առիթ դարձավ նաեւ Ապրիլի 24-ը։ Եվ հիմա, եթե բացենք
50-60-70-ական թվականների չափածոյագործ հեղինակների ժողովածուները,
հայրենասիրական բազմաթիվ ստեղծագործություններ կգտնենք, որոնք նվիրված են
մեծ Հայրենիքին (նախկին ԽՍՀՄ), փոքր Հայրենիքին (նախկին ՀԽՍՀ) կամ էլ`
երկուսին միասին։
Օրինակ՝ Համո Սահյանը գրում է. «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից / չշիկներ
ճակատն Արագածի, / իր մութ այրերում շունչը կփչեր / այրերի երկիր
Հայաստանս»։ Ինձ միշտ թվացել էր, թե Համո Սահյանն այս գործը գրել է
պատվերով, բայց երբ մի անգամ առիթ եղավ իրեն հարցնելու, պարզվեց հակառակը։
Մարդն ինչ-որ ժամանակ այդպես էր մտածել, այդպես էլ գրել էր։
Շատ լավ, մի բան մտածել ու մի բան գրել էր, բայց ես այդպես էլ չհասկացա,
թե բանաստեղծն ինչպե՞ս է նստում հատկապես հայրենասիրական բանաստեղծություն
գրելու, այդ ի՞նչ ապրումներ են, ինչպիսի՞ հույզեր, որ մարդուն ստիպում են
հանգավորել Հայրենիքի նկատմամբ ունեցած սերը։
Հայաստանի անկախացումից հետո արդեն տասնչորս տարի ես փորձում եմ անկախ
Հայաստանին նվիրված գոնե մեկ բանաստեղծություն գրել, բայց ոչ մի կերպ չի
ստացվում։ Եթե մի ուրիշի աչքի առջեւ տեղի ունեցած լիներ հանրաքվեն, եթե մի
ուրիշի ներկայությամբ Արամ Մանուկյանը կարդացած լիներ Գերագույն խորհրդի
որոշումը, այդ ուրիշն անպայման կգովերգեր իր Հայրենիքի անկախությունը։ Իսկ
ես արդեն քանի անգամ տանջվում եմ, ոչինչ չի ստացվում։
Խնդիրն ամենայն հավանականությամբ հանգավորման մեջ է։ Օրինակ՝ Պարույր
Սեւակի մոտ շատ լավ էր ստացվում։ Գրում էր` «Իմ բարձրանուն», դրան
անմիջապես հաջորդում էր «Իմ քաղցրանուն»-ը։ Գրում էր` «Իմ տառապած», վրա
էր հասնում «Իմ փառապանծ»-ը։ Դժվարն առաջին երկու տողն է, կամ, ավելի
շուտ, հանգերգ գտնելը։ Օրինակ՝ Թումանյանը գրում էր` «Լույսի հայրենիք,
հույսի հայրենիք»։ Այս հանգերգը գտնելուց հետո, ինչ ուզում ես գրի,
շրջանակի պես հավաքում է։
Ես էլ դասականներից օրինակ վերցնելով` արդեն տասնչորս տարի փորձում եմ
գրել հայրենասիրական իմ բանաստեղծությունը, որ ինձ էլ (երեւի) տեղ տան
դպրոցական դասագրքերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Գրում եմ` «Անկախ
Հայաստան» ու երկար մտածում հաջորդ հանգը։ «Անկախ» բառի հետ ամենից լավ
հանգավորվում է «ախմախ»-ը, բայց հո չե՞մ կարող գրել` «Անկախ Հայաստան,
ախմախ Հայաստան»։ Չէ, չի ստացվում։ Մի քիչ էլ որ մտածում եմ, գալիս է
«անվախ» բառը՝ «Անկախ Հայաստան, անվախ Հայաստան»։ Սա ոնց որ թե վատ չէ,
բայց միանգամից հարց է առաջացնում՝ ումի՞ց կամ ինչի՞ց պիտի վախենար, որ չի
վախենում եւ անվախ է։ Եթե հարեւան Ադրբեջանից պիտի վախենար, արդեն վախը
հաղթահարել ու հաղթել է, եւ ամենեւին կարիք չկա վախ չունենալու հանգամանքը
հանգերգով շեշտելու։ Կարող էր հարեւան Թուրքիայից վախենալ, բայց այս
դեպքում էլ սահմանն ակնդետ հսկում են ռուս սահմանապահները, եւ «անվախ»
մակդիրը մի տեսակ չի արտացոլում իրականությունը։ Բացի այդ «անվախ»-ի ու
«անկախ»-ի տրամաբանական պատճառաբանվածությունն է կորչում։ Եթե անվախ է,
որովհետեւ հայ-թուրքական սահմանը հսկում է ռուսական զորքը, ուրեմն
ամենեւին էլ անկախ չէ, եւ կարիք չկա ինչ-որ բանաստեղծություն գրելու համար
գլուխ կոտրել։
«Անկախ»-ի հետ վատ հանգ չի կազմի նաեւ «ուրախ» բառը՝ «Անկախ Հայաստան,
Ուրախ Հայաստան», բայց սա էլ ժողովուրդը չի հասկանա, որովհետեւ 1991-ի
սեպտեմբերի 21-ին հանրաքվեի մասնակցածներից մեծ թվով մարդիկ մի քանի տարի
անց ինչ-որ թղթեր էին ստորագրում «Ռուսաստան-Բելառուս» գոյություն
չունեցող դաշինքին միանալու համար։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մեծ թվով
այդ մարդիկ ամենեւին էլ ուրախ չէին, որ Հայաստանը նաեւ իրենց քվեով
անկախացել է։
«Անկախ Հայաստան, Ուրախ Հայաստան»-ից ձեռ չեմ քաշում, որովհետեւ դատելով
մեր քաղաքում առիթով կամ անառիթ կատարվող տոնակատարություններից,
համերգներից, շոուներից ու հրավառություններից, երիտասարդությունը պետք է
որ լավ էլ ուրախ լինի։ Դիջեյների համար էլ դժվար չի լինի այդ հանգերգն
անընդհատ կրկնելը։ Բայց ուրախությունս երկար չի տեւում, երբ հիշում եմ
Բուզանդի փողոցի կամ Կոնդի բնակիչներին։ Նրանք՝ լսելով այս տողերն, ինձ
կհամարեն ծախու գրչակ, իշխանությունների խոսափող, պալատական գուսան եւ
այլն։
Ուրիշ բան մտածելու բոլոր փորձերս ձախողվում են։ «Փարախ» բառն եմ հիշում,
որ ոչ մի կապ չունի խնդրո առարկայի հետ։ «Կրախ» բառն եմ հիշում, որ մի քիչ
կապ ունի, քանի որ անկախ Հայաստանը ստեղծվել է Սովետական Միության
լիակատար կրախի արդյունքում, բայց սա էլ հայերեն չէ եւ, բացի այդ, գեղեցիկ
բառ չէ։ «Անհախ» բառի վրա չեմ էլ մտածում, որովհետեւ լսողը միանգամից
հիշելու է, որ վերջին տասնամյակում անհախ ու անհաշիվ մարդ է հեռացել
երկրից, կամ որ նախկին ՀԽՍՀ քաղաքացիներն անհախ ու անհաշիվ ավանդներ
ունեին խնայողական դրամարկղերում։
Ասելու բան էլ չէ, բայց մտքովս նույնիսկ «քամբախ» բառն է անցել, որ
արեւելյան լեզուներից մեկով հավանաբար նշանակում է «ավերակ»։ Պարզ է, չես
ասի՝ «Անկախ Հայաստան, քամբախ Հայաստան», բայց կարելի է ասել, օրինակ,
«Երկիրը մեր քամբախ,
դարձել է արդ անկախ,
ապրում ենք մենք անվախ (կամ ուրախ),
աշխարհում այս ախմախ»։
Եվ այս դեպքում` «ախմախ» աշխարհ ասելով, նկատի ունենք այն երկրներին,
որոնք դեռ չեն ճանաչել մեր Ցեղասպանությունը, որոնք տեղը չեն բերում մեր
մտակերտվածքը (մենթալիտետ), որոնք չեն մտաբերում ծառից ծառ թռչողի իրենց
ոչ հեռավոր անցյալը մեր գիտության ու մշակույթի խորապատկերում։
Հիմա պա՞րզ է, թե մեծն Չարենցն ինչու էր ասում. «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս»։