Երեւանը 174-րդ տեղում է

26/05/2010

Ամերիկյան խորհրդատվական «Mercer» ընկերության կողմից ամեն տարի հրապարակվող խոշոր քաղաքների վարկանիշում երկու տարի անընդմեջ կենսամակարդակի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: 2-րդ տեղում է Ցյուրիխը, 3-րդ տեղում` Ժնեւը: Վարկանիշը կազմելիս մասնագետները հաշվի են առել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ հանցավորության մակարդակը, քաղաքական կայունությունը, հիվանդանոցների քանակն ու բուժօգնության որակը, տրանսպորտային համակարգի հարմարավետությունը, սրճարանների եւ ռեստորանների առկայությունը, հանգստյան վայրերը, կլիմայական պայմանները, սեփական ազատության մակարդակը եւ մի շարք այլ գործոններ` ընդամենը 39 չափորոշիչ: Լավագույն տասնյակի առաջին 7 տեղերը զբաղեցնում են եվրոպական քաղաքները: 4-րդ տեղում կանադական Վանկուվերն է, 5-րդում` նորզելանդական Օքլենդը, 6-րդ տեղում է Դյուսելդորֆը, 7-րդ եւ 8-րդ տեղերը կիսում են Ֆրանկֆուրտն ու Մյունհենը, իսկ 9-րդ տեղում շվեյցարական Բեռնն է: Տասնյակը եզրափակում է ավստրալական Սիդնեյը:

Լոնդոնը միակ բրիտանական քաղաքն է, որը հայտնվել է ցուցակի առաջին 50 քաղաքների մեջ` զբաղեցնելով 39-րդ տեղը: Ռուսական քաղաքներից եւ ոչ մեկը տեղ չի զբաղեցրել ցուցակի առաջին 50-յակում: Մոսկվան 166-րդ տեղում է, Սանկտ Պետերբուրգը` 170-րդ: Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջին 100-յակում են հայտնվել Եվրամիություն մտած Մերձբալթյան հանրապետությունների մայրաքաղաքները` Վիլնյուսը (79), Տալինը (89) եւ Ռիգան (91), որոնց մեծ տարբերությամբ հետեւում է Կիեւը (161):

Նախկին ԽՍՀՄ մյուս երկրների մայրաքաղաքները հայտնվել են ավելի ցածր հորիզոնականներում. Երեւանը հայտնվել է 174-րդ տեղում, Ալմա-Աթան` 175-րդ տեղում, Մինսկը` 185, Բաքուն` 196: Տաշքենդը` 200-րդ հորիզոնականում է, Աշգաբադը` 201-րդ, Բիշքեկը` 209-րդ, Դուշանբեն` 210-րդ, իսկ Թբիլիսին` 217-րդ: