Մայիսի 28-ին, ժամը 17:00-ին Սիրահարների պուրակում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները եւ սերվերին կուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները կունենան ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա՝ ռոբոտը պայթե՞լ է, թե՞ ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափեր (չափերը՝ 30×30սմ, քաշը՝ 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջեւ դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Ական փնտրող ռոբոտ»-ին մասնակցելու են 15 թիմ, մրցույթն առանց տարիքային սահմանափակման է: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած եւ պատրաստած ռոբոտները եւ ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ փուլի ընթացքում: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300.000 դրամ, երկրորդը` 200.000, իսկ երրորդը` 100.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը (ArmRobotics), որի նպատակն է՝ համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: