Ռոբոտները պատրաստ կլինեն նաեւ ինքնազոհության

26/05/2010

Հայաստանի Ռոբոտների բաց առաջնության շրջանակներում մայիսի 28-ին Սիրահարների այգում անցնելու է «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, որի ընթացքում երիտասարդ գիտնականների նախագծած ու պատրաստած փոքր չափերի արհեստական սարքավորումները ականապատված դաշտում (հողի տակ) պետք է հայտնագործեն ականներն ու օգնեն մարդկանց վնասազերծել դրանք: Ռոբոտները վտանգը գտնելուն պես պետք է համակարգչին ուղարկեն ականի տեղակայման ու դասավորության ձեւը` ստեղծելով յուրատեսակ «պայթյունավտանգ» քարտեզ: Մրցույթի կազմակերպիչները չեն ժխտում, որ այս ռազմական-զվարճալի գործողությունների ընթացքում հնարավոր են կորուստները, քանի որ ռոբոտն ինքը կարող է ականից տուժել: Յուրաքանչյուր ական կունենա իր ձայնային ազդանշանը, որի կհնչի այն պահին, երբ ռոբոտն անուշադրության (ճիշտ կլինի ասել` անկատարության) պատճառով` իր «ոտքը» կդնի ականի վրա: Մրցույթի հաղթող կճանաչվի գիտնականների այն թիվը, որի ստեղծած ռոբոտն առաջինը կկատարի առաջադրանքն ու առավել քիչ կորուստներ կունենա: «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», որն անցկացնում է Ռոբոտների բաց առաջնությունը, նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեղեկատվական, հեռահաղորդակցման ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը: «Ական որոնող ռոբոտ» մրցույթը կմեկտեղի գիտական ներուժն ու հետաքրքրաշարժ ներկայացման ֆորման` միաժամանակ խթանելով նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: Բարձր տեխնոլոգիաները կարող են նաեւ դիտարժան թատրոնի տեսք ունենալ: Ու թեեւ գործող անձինք մետաղյա «աշխատողներն» են լինելու (ի դեպ` «ռոբոտ» բառը առաջին անգամ գործածել է չեխ գրող Կարել Չապեկը` ցանկանալով ընդգծել, որ արհեստական մեխանիզմները ծանր աշխատանք` սլովակերեն «ռոբոտա» են կատարում), նրանք նույնպես իրենց տեղն ու դերն ունեն մեր իրականության մեջ` թեթեւացնելով մարդկության աշխատանքային օրակարգը: