Արդեն 8-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը թեեւ բավականին անաղմուկ է անցնում եւ մեծ թվով հանդիսատես չի ունենում, սակայն իր կառուցվածքով շատ հեռանկարային ու, այսպես ասած՝ դեմոկրատական է: ՆՓԱԿ-ում անցկացվող փառատոնն, անկասկած, կարող է նպաստել մեր կինոդաշտի զարգացմանը, քանի որ առաջնորդվում է «Ցանկացած ոք կարող է իր կինոֆիլմը ստեղծել» կարգախոսով: Կինոպրոցեսի բացակայության պայմաններում (երբ նկարահանվում են հիմնականում միայն պետական աջակցություն ստացող ֆիլմերը, որոնք էլ հիմնականում նկարահանում են պետական բարեհաճություն վայելող մի քանի ռեժիսորները), «Մեկ կադր» կինոստուգատեսը լայն դաշտ է բացում այլընտրանքային, հիմնականում դեբյուտային ֆիլմերի համար, քանի որ իր ծրագրերում ցանկացած կրիչի վրա ամրագրված ու ցանկացած ֆորմատի ու ժանրի ֆիլմեր է ընդգրկում: Եվ ամենակարեւորն այն է, որ ֆիլմերի ստեղծումը մեծ բյուջե չի պահանջում: Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Գազարէն, ֆիլմերը կարող են նույնիսկ զրո բյուջե ունենալ, քանի որ բջջային հեռախոսով կամ սիրողական տեսախցիկով նկարահանելու համար ծախս անել հարկավոր չէ: Ստացվում է, որ կինո սիրող ցանկացած անհատ, ում բջջային հեռախոսը կամ անձնական համակարգիչը անկասկած լցված է փոքր տեսանյութերով, կարող է դրանց ավարտուն տեսք հաղորդել ու կինոտրամաբանությամբ ուղղորդվելով` սյուժե ու կադր կառուցել: Դա շատ լավ փորձառություն ու ինքնադրսեւորման ուղի է հատկապես արվեստի բուհերում սովորող ուսանողների համար: Մեծ կինոն միշտ էլ սկսվում է փոքր կինոյից, այսինքն` մեկ րոպեանոց պատումից: Եվ հենց կարճ ֆիլմերում են երեւում կինոռեժիսորի ապագա ունակությունները: Իզուր չէ, որ աշխարհի տարբեր խոշոր փառատոներ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները համարում են կինոշուկայի լավագույն ներդրումներից մեկը: Գագիկ Ղազարէն նկատում է, որ «Մեկ կադր» փառատոնը առաջին հերթին փորձում է օգտակար լինել երիտասարդների համար ու նրանց գործերը ներկայացնելու հարթակ ստեղծել: Եթե նույնիսկ մեծ ակնկալիք չկա հանդիսատեսից, ապա կարելի է վստահ լինել, որ գոնե փառատոնային ժյուրին կդիտի ֆիլմերն ու հետեւություններ կանի: Ընդ որում` հետեւությունները կարող են լինել նաեւ աշխատանքային հրավերի տեսքով: Եվ շատ տարակուսելի է, որ երիտասարդ ռեժիսորները չեն ցանկանում «Մեկ կադր» փառատոնը որպես իրենց կարիերայի մեկնարկ դիտարկել: Գ.Ղազարէն նշում է, որ իրենք նախափառատոնային մեծ աշխատանք են կազմակերպել` ուսանողներին «Մեկ կադրի» մասին տեղեկացնելու համար ու արվեստի բուհերում ամիսներ առաջ ազդակներ ու հրավերներ են փակցրել: Սակայն փաստը մնում է փաստ. մեկ րոպեանոց մրցութային ֆիլմերը մեծամասամբ՝ շատ թույլ, նույնիսկ` խղճուկ են: Թվում է, որ բոլոր նախադրյալները կան սեփական երեւակայությունը շարժելու ու մեկ րոպեի մեջ պատմություն տեղավորելու համար, սակայն ի հայտ է գալիս մեր կինոյի ամենավտանգավոր ախտանիշը` ամբիցիոզ սիմվոլիզմը: Հոդաբաշխ պատմություն պատմելու անկարող ռեժիսորները հիմնականում ստեղծում են պսեւդո-կոնցեպտուալ, սիմվոլիստական ընդհանրացումների մոդելը: Ասենք, պտտվում է դիսկը, քայլում է մարդը, սառչում է պատկերը, կամ էլ, ընդհակառակը` լղոզվում է: Եվ վերջ: Սակայն դրա տակ հեղինակները տեսնում են բարու ու չարի հավերժ կռիվը, կամ էլ մեծ ծավալի սինոփսիսներ են գրում` անհասկացող հանդիսատեսին բացատրելու համար սեփական կոնցեպտը: «Ի՞նչ կարող ենք անել, ես էլ եմ զարմանում, որ այսքան քիչ են մասնակիցներն ու որակյալ ֆիլմերը: Շատերը պարզապես անտարբեր են ու չեն ուզում փորձել սովորել: Չէ՞ որ նկարահանելով ես սովորում»,- նկատում է Գ.Ղազարէն:
Կինոփառատոներով հարուստ Հայաստանում շատ բան կարող է շտկվել հատկապես այս փառատոնի կայունացմամբ, քանի որ սա միակ փառատոնն է, որը խթանում է կինոստեղծումը (ի տարբերություն կինոարտադրության): Եվ եթե տարբեր փառատոներ վերջիվերջո գիտակցեն համագործակցության պահանջը, ապա երիտասարդները ավելի խելամիտ կմոտենան ֆիլմերի ստեղծմանը: Եվ կսկսեն ամենակարեւորից` հակիրճ ու տրամաբանական կադրերից, որոնց ետեւում ոչ թե կյանքից կտրված անմիտ սիմվոլիկա, այլ իմաստ կա: