«Վայրի բնության եւ մշակութային արժեքների» հիմնադրամը պատրաստվում է մի շարք նոր ակցիաներով հանդես գալ: Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նախատեսվում է սկսել նոր «կանաչ» ակցիաներ, որոնք միտված կլինեն երեխաների ինքնապաշտպանության աստիճանի բարձրացմանը:
Չէ՞ որ ցանկացած մարդու պաշտպանությունը հենց իր` պաշտպանվողի ձեռքերում է: Ինչպես խեղդվողի փրկությունն է խեղդվողի ձեռքերում: Հիմնադրամի աշխատաոճի առավելությունը դիպուկ (երբեմն չափազանց մինիմալիստական) նշանակետերն են, որոնք ոչ միայն կոնկրետ հասցեատերերին են ուղղված, այլեւ` կոնկրետ քայլեր են ենթադրում: Համարելով, որ լավագույն կրթությունը լայն մտահորիզոնից է սկսվում, հիմնադրամը «Վիվա Սել ՄՏՍ» ընկերության հետ տարբեր «կանաչ» ակցիաներ է կազմակերպում` մեծ ուշադրություն դարձնելով դրանց գրավչությանն ու «վարակիչ» լինելու գործոնին: Այսինքն` ենթադրվում է, որ եթե որեւէ մեկը կարող է լավ գործ անել, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել ուրիշները: Վերջիվերջո, շրջապատի «շնչառությունը» կայունացնելու գործը կարող է սկսվել մեկ լուսանկարից, պարզ մի բացիկի պատրաստումից, պատմվածք գրելու ցանկությունից կամ էլ պարզապես մեկ ծառ տնկելուց: Շուտով կմեկնարկի «Կանաչ դպրոց» ծրագիրը, որի նպատակը դպրոցահասակ երեխաների ոգում շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացումի ամրապնդումն է: Սովորաբար բնության մասին խոսվում է վիրտուալ եղանակով: Ասում ենք, որ պետք է մաքուր, առողջ ու հարմարավետ միջավայր լինի, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե ի՞նչ պիտի արվի մեծահասակների կատարած սխալները չանտեսելու ու դրանք վերացնելու համար: Հիմնադրամի ստեղծած «Արեւորդի» էկո-ակումբների ցանցի սաների ջանքերով մեր հանրապետության գլխավոր չարիքը` թափոնների կույտերը, հավաքվելու ու հանձնվելու են վերամշակող ընկերություններին: Օգտագործված թղթե ու ստվարաթղթե թափոնի հանձնումից ստացված գումարով էլ ձեռք են բերվելու տնկիներ, որոնցով կանաչապատվելու է դպրոցի հարակից տարածքը: Այսպիսով ապահովվելու է թղթի շրջանառությունը, եւ աղբը ծառ կդառնա: Հիմնադրամը հույս ունի, որ այս ծրագիրը շարունակական կդառնա ու կտարածվի Հայաստանի բոլոր մարզերում: «Մենք աշխատում ենք ոչ միայն երեխաների համար, այլեւ` երեխաների հետ, քանի որ համոզված ենք, որ նրանց համարձակ, անկեղծ եւ անշահախնդիր վերաբերմունքը ցանկացած գործ առավել արդյունավետ է դարձնում: Երեխաները մեր գործընկերներն են, մեր խորհրդատուները, մեր գործունեության հասցեատերերը»,- ասում են հիմնադրամի ղեկավարները: Շատ հաճախ նկատելի է, որ երիտասարդ հայաստանցիները սեփական ուժերի կիրառման ուղին չտեսնելով` անտարբեր են դառնում շրջապատում կատարվող իրադարձությունների նկատմամբ` մտածելով, որ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու: Իսկ հետո արդեն մեծանալով, նույն կերպ էլ վերաբերվում են հանրապետությունում տեղի ունեցող բոլոր «աղբանման» երեւույթներին: «Վայրի բնության ու մշակութային արժեքների» հիմնադրամը իր տարածած հաղորդագրության մեջ նշում է. «Զարգացած հասարակության ցուցանիշը նախեւառաջ գիտակից վերաբերմունքն է շրջակա միջավայրի ու բնության հանդեպ: Երեխային կրթելու ու պատասխանատու դարձնելու համար՝ անհրաժեշտ է ընդամենը առաջնորդել նրան»: Պատանիներին` աշխարհը ուսումնասիրելու, ճանաչելու դրդելու (եւ հետեւաբար՝ սեփական գիտելիքների տերը դառնալու) նպատակով այս տարվա ամռանը Հայաստանի տարբեր մարզերում շրջելու է երեխաների ուժերով ու երեւակայությամբ նկարազարդված ավտոբուսը, որն իրենից շրջիկ գրադարան ու կինոթատրոն է ներկայացնելու: «Կանաչ ավտոբուսը» այցելելու է Հայաստանի հեռավոր գյուղերն ու ամառային արձակուրդների ընթացքում «անգործ» մնացած ու ձանձրույթի մեջ խրված երեխաների համար ֆիլմերի դիտումներ ու գրքերի փոխանակում է իրականացնելու, որոնց հետեւելու են քննարկումներն ու ինտերակտիվ խաղերը: Գյուղերում ու քաղաքներում կայանելով 3 օր, «Կանաչ ավտոբուսի» անձնակազմը փորձելու է երեխաներին մտորելու առիթներ տալ եւ վերջիվերջո ընդունել, որ իրենք կարող են մեծահասակներից ավելի ինֆորմացված, պատասխանատու ու ներդաշնակ անձեր դառնալ: