Ի գիտություն 2010-2011 ուս. տարվա առաջին կուրսեցիների

26/05/2010

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթեւոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում պետական բուհերի` ԵՊՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, պետական տնտեսագիտական համալսարանի, պետական ագրարային համալսարանի եւ նրանց մասնաճյուղերի 2010թ. դիմորդների համար, ովքեր ընդունվել են 1-ին կուրս, հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 10 հաղթողների ուսման վարձը հետագա 4 տարիների համար կվճարի ՀՕՖ-ը՝ ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

ա) ընդունվել են վերոհիշյալ բուհ-երի տնտեսագիտության, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի, կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկայի, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, լրագրության, անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, ագրոբիզնեսի եւ շուկայաբանության, ագրոնոմիական ֆակուլտետները,

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական եւ բուհ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով, սակայն մրցույթով դուրս են մնացել անվճար ուսուցման համակարգից եւ ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթեւոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2010թ. օգոստոսի 9-17-ը (ներառյալ շաբաթ եւ կիրակի օրերը, ք. Երեւան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

– դիմում (ձեւը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից եւ http://farusa.org/documents/mathevosian.pdf եւ http://farusa.org/documents/mathevosian2.doc կայքերից)
– անձնագրի պատճենը,
– միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
– միասնական եւ ընդունելության քննությունների գնահատման թերթիկների պատճենները,
– ՀՀ ԿԳ Նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի համապատասխան տեղեկանք վճարովի ուսուցմամբ ուսանող դառնալու վերաբերյալ,
– ընտանիքի սոցիալական անձնագրի` «Փարոսի գրքույկի» պատճենը (առկայության դեպքում),
– տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի եւ աշխատավարձի վերաբերյալ (եթե չեն աշխատում, տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից, աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին):

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաեւ տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից եւ այլն:

Թերի փաթեթները չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:

1. Ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:
2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքներով:
3. Հարցազրույց` անհրաժեշտության դեպքում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի եւ ՀՕՖ-ի միջեւ կկնքվի պայմանագիր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին հետեւյալ հեռախոսահամարներով 52-66-60 եւ 56-11-08:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ