Ինչքանով են հայերը անկախ

27/09/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Աշխարհի ամենաանկախ բանը պատից կախված նկարն է:
21-րդ դարի անհայտ հայ լավատես նկարիչ

Երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրն էր: Արդեն տասնչորս տարի
է, այդ օրը մեր ժողովրդի համար տոն է: Համենայն դեպս, այդպես է նշված
բոլոր հայկական օրացույցներում: Սակայն երբ երեկ առավոտյան հեռուստացույցի
«պուլտով» (եթե ասեմ` «հեռակառավարման վահանակ», հայ քաղաքական գործիչների
խորհրդականները պետք է բան ու գործ թողած, այսօր միայն այդ
բառակապակցության բացատրությամբ զբաղվեին) փոխում էի ալիքները, ես այդպես
էլ չհասկացա, թե ինչպես են հայերը նշում այդ տոնը: Չնայած, եթե հաշվի
առնենք, թե ինչքան հայ է հեռացել Հայաստանից անկախությունից հետո, եթե
փորձենք հասկանալ, թե ինչքան հայ տատիկ-պապիկներ են խելագարվում կարոտից,
եթե ամրագրենք այն փաստը, որ մի ամբողջ սերունդ մնաց անգրագետ, եւ մի քանի
տարի հետո այդ սերնդի ներկայացուցիչներն են ղեկավարելու այս երկիրը, եթե
համեմատենք այսօրվա «ռեմոնտ» արվող Երեւանը (ընդ որում, դատելով «ռեմոնտի»
որակից, ակնհայտ է դառնում, որ ուստեքը հիմնականում «ֆայլա բազարից են»)
մեր մանկության «վարդագույն» Երեւանի հետ, եթե համեմատենք այսօրվա
կաշառակերությունը «փտած եւ լճացած» կոմունիստների հետ, ապա կհասկանանք,
թե ինչու են արտասահմանցիները նախընտրում «փտած եւ որդնած», բայց
էկոլոգիապես մաքուր մթերքը, եթե, եթե, եթե…

Սակայն եթե հաշվի առնենք, որ Քրիստոսի ծննդից հետո հայերը հող չէին
գրավել, եթե չմոռանանք, որ ընդամենը մեկ-երկու անգամ, բայց,
ssայնուամենայնիվ, ազնիվ ժողովրդավար ընտրություններ ենք ունեցել, եթե հայ
մարզիկի պատվին բարձրանում է հայկական Եռագույնը եւ հնչում է մեր
օրհներգը, եթե 21-րդ դարի հայ երեխան նշում է Սուրբ Ծնունդը, այլ ոչ թե
Լենին պապիկի, եթե ես այսօր կարողանում եմ գրել այս հոդվածը (անգամ` եթե
այն հայկական եւ ոչ մի եթերով չի կարող հնչել), ապա անկախ ամեն ինչից
Անկախության օրը տոն է: Սակայն ես համոզված եմ, որ երեկ Հայաստանի
քաղաքացիներից շատ քչերն են շնորհավորել միմյանց այդ տոնի առթիվ: Շատերի
համար դա ընդամենն աշխատանքի չգնալու առիթ էր, որը նրանք մեծ ուրախությամբ
օգտագործեցին: Ես հասկանում եմ նրանց: Որովհետեւ խոսել անկախությունից կամ
առավել եւս հավատալ այդ անկախությանն այն պարագայում, երբ տարիներ
շարունակ «տելեվիզորի մեջի մարդիկ», իշխանամետ կամ ընդդիմադիր, խոսում են
միայն ամերիկամետությունից կամ ռուսամետությունից (իսկ մի քանի «շուստրի
ջահել» էլ Ֆրանսիա-Ֆրանսիա են խաղում), խոսել անկախությունից, երբ
հայկական հեռուստատեսությամբ ինչքան ուզում եք կարելի է «անկախ երգել»,
բայց ոչ երբեք անկախ խոսել, հավատալ անկախությանը, երբ ամեն մի
«ինտելիգենտ ֆինանսիստ», բառիս բուն իմաստով, ինչ ուզում` անում է
հայկական դրամի հետ, առնվազն միամտություն է: Այս պարագայում մնում է
միայն հիշել մի անեկդոտ, որտեղ ասվում էր, որ Հայաստանն աշխարհի
ամենաանկախ երկիրն է, որովհետեւ նրանից ոչինչ կախված չէ: Չնայած, եթե
հաշվի առնենք, որ, օրինակ, Ամերիկան կախված է հրեական կապիտալից, իսկ
«Չելսին»՝ Աբրամովիչի, եթե Վրաստանը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից,
իսկ Հայաստանի «Ճ» կլասի կուսակցությունները՝ հայ օլիգարխների
«հիմնագրպանից», եթե անկախ ազգությունից օդաչուներն ու նավաստիներն
ազատվում են Արա Աբրահամյանի շնորհիվ, ուրեմն ճիշտ էր ծերուկ Էյնշտեյնը.
ամեն ինչ հարաբերական է… Բացարձակ է միայն ժամանակակից
սանձարձակությունը: Այնպես որ, անկախ ամեն ինչից` սեպտեմբերի 21-ը
Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Եվ եթե այսօր այն չի նշվում
որպես տոն, ես համոզված եմ, որ հաջորդ սերունդն այն կնշի այնպես, ինչպես
ամերիկացիները նշում են հուլիսի 4-ը, ռուսները` հունիսի 12-ը, իսկ
ֆրանսիացիները՝ հուլիսի 14-ը:

1991 թվի սեպտեմբերի 21-ին անկախությանն «այո» քվեարկած` Ա.Ք.