Ի՞նչ եւ որքա՞ն խմել ամռանը

26/05/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

H2O ֆորմուլային ծանոթ են նույնիսկ երեխաները. 40 մլ հեղուկ է անհրաժեշտ մարդու ընդհանուր զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամին:

Այսինքն՝ 60 կգ քաշ ունեցող մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է 2,4 լիտր ջուր` ոչ ավել, ոչ պակաս: Իսկ այն, որ հաճախ ասում են՝ ամռանը քրտինքի միջոցով շատ հեղուկ ենք կորցնում, դրա համար պետք է շատ հեղուկ օգտագործենք (մինչեւ անգամ մարդիկ հեղուկի քանակը հասցնում են 5-6 լ), այնքան էլ այդպես չէ: Կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-դիետոլոգ Անդրեյ Ռոմանովը գտնում է, որ մարդ պետք է տարբերի ծարավն ու խմելու ցանկությունը: Տարբերությունը շատ մեծ է: Ծարավի զգացումը ազդակ է օրգանիզմի կողմից, իսկ խմելու ցանկությունը հաճախ չգիտակցված է լինում, որը հիմնականում օրգանիզմին վնաս է բերում: Առավոտյան աչքերի տակ առաջացած այտուցները, երեկոյան ոտքերի այտուցվածությունը, մի թեթեւ քամուց առաջացած հարբուխը, եղանակի թեթեւակի փոփոխությունից առաջացած գլխացավերը, դաշտանային ցիկլի երկարաձգվելը, հաճախ հեղուկի քանակի չարաշահման պատճառով են լինում:

Աշխատանքային օրվա մեծ մասը, որպես կանոն, զբաղված ենք սրճային ու թեյային ընդմիջումներով: Բայց ձմռանը, երբ այս ըմպելիքների տաքացնող էֆեկտն անցնում է երկրորդ պլան, արդեն այն դառնում է անօգուտ զբաղմունք` տաք ըմպելիքները միզամուղ հատկություններ ունեն, ուրեմն դրանց միջոցով ծարավի դեմ պայքարելն անիմաստ է:

Ծարավի դեմ գազավորված ըմպելիքներով պայքարելը եւս անիմաստ է` դրանց պարունակության մեջ գտնվող ածխաթթուն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթն ու աղիները: Հանքային ջրում շատ են աղերը, որոնք առաջացնում են այտուցներ: Միակ ելքը հյութ խմելն է, բայց ոչ այն հյութերը, որ վաճառվում են խանութներում, այլ թարմ քամած կամ եփած: «Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մեկնել հանգստանալու եւ ստիպված են արձակուրդն անցկացնել տոթ գրասենյակում, շատ լավ օգնում է հատապտուղներից պատրաստված հյութը` թոթափելու գերհոգնածությունն ու դեպրեսիոն վիճակը»,- խորհուրդ է տալիս Անդրեյ Ռոմանովը: Գազարի հյութն ուղեղում խթանիչ է հանդիսանում նյութափոխանակության համար: Վիտամին C պարունակող բոլոր հյութերը` կիտրոնի, նարնջի, թուրինջի, կենտրոնացնում են ուշադրությունը, իսկ նարնջի հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք համարվում են ոչ այլ ինչ, քան «երիտասարդության մոլեկուլներ»: Իսկ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ խնձորն ու խնձորի հյութը կարող են օգնել նույնիսկ տարեցներին՝ պահել ուղեղի պայծառությունը: Նրանք այն անվանել են «ինտելեկտուալների ըմպելիք», իսկ օրվա չափաքանակը` 2,5 բաժակը: Բանջարեղենային հյութերը, կարելի է ասել, համադարման են գարնանային-ամառային ալերգիաներից տառապողների համար: «Բայց ինչ հյութ էլ ընտրելու լինենք,- հավատացնում է դիետոլոգ Ռոմանովը,- օրվա մեջ թարմ քամված հյութի մեկ բաժակը երկարացնում է կյանքը ամենաքիչը 4-5 տարով»: