Հայաստանում պետության կողմից կսահմանվեն դեղորայքի առաստաղային գներ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` տեղեկացնելով, որ կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել դեղորայքի առաստաղային գին, որից ավելի բարձր ոչ մի տնտեսվարող չի կարող գին սահմանել: Նման սահմանումը նա պայմանավորել է դեղորայքի ոլորտի կարգավորման քաղաքականության փոփոխության անհրաժեշտությամբ: Հ. Քուշկյանը հիշեցրել է, որ անցյալ տարի «խոզի գրիպի» տարածման ժամանակ որոշ տնտեսվարողներ կամայականորեն, չհիմնավորված բարձրացրել էին դեղերի գները: