Չեն ճանաչում

24/05/2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ի գիտություն են ընդունել, որ «մայիսի 23-ին, այսպես կոչված` խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում»: «Թեեւ համանախագահները հասկանում են անհրաժեշտությունը, որ ԼՂ դե ֆակտո իշխանությունները փորձում են ազգաբնակչության կյանքը ժողովրդավարացնել այս կարգով, սակայն վերստին ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվում անկախ եւ ինքնիշխան պետություն համանախագահող երեք երկրների, ընդհանրապես որեւէ երկրի, ներառյալ՝ Հայաստանի կողմից: Համանախագահները համարում են, որ ընտրական գործընթացները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը` ԼՂ հակամարտության խաղաղ լուծման ավելի լայն շրջանակներում»,- ասված է համանախագահների երեկ տարածած հայտարարության մեջ: Ի դեպ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բռնի տեղահանվածների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Վալտեր Կելինը երեկ Բաքվում հայտարարել է, որ «ՄԱԿ-ը երբեք չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող անօրինական խորհրդարանական ընտրությունները»: