«Մոսկվայում չեն կարծում, թե ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Մեկնաբանելով նախօրեին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները` նա ասել է. «ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին: Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում ԼՂ-ն՝ որպես անկախ պետություն: Մեր համոզմամբ` ԼՂ-ի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում` բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»: Նաեւ հավելել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ, այսուհետ եւս շարունակելու է օգնություն ցուցաբերել հայերին եւ ադրբեջանցիներին` հնարավորինս արագ ԼՂ-ի հարցի փոխզիջումային հանգուցալուծում գտնելու գործում: