Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ ամենայնի, անվերապահորեն հավատում է ժողովրդական այն իմաստությանը, թե՝ կրկնությունը գիտության մայրն է։ Եվ դատելով նրա ելույթների բովանդակությունից ու աշխարհագրությունից՝ կրկնության ու գիտելիքների կարիք ամենից շատ ունեն Ազգային ժողովի պատգամավորները։
Այսպես, Տ. Սարգսյանը շաբաթ օրը 2009թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Դա (այսինքն՝ ելույթը) ինքնին հասկանալի երեւույթ է։ Ուշագրավն այն է, որ 6-7 էջանոց ելույթում ոչ մի նոր բան չկա։ Այն, ինչ ասվեց շաբաթ օրը, գրեթե նույնությամբ ասվել է այս տարվա հունվարին, փետրվարին, եւ առանձին մասեր՝ տարբեր առիթներով։ «Ինչպես Ձեզ հայտնի է, Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսեց ներգործել դեռեւս 2008 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ անկումն իր գագաթնակետին հասավ 2009թ.-ի հուլիս ամսին: Այստեղ տեղին է նշել, որ տնտեսական այս իրավիճակում իր բացասական դերակատարումն ունեցավ նաեւ մեր տնտեսության նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքը, որտեղ կապիտալ շինարարությանը բաժին էր ընկնում ՀՆԱ 27 տոկոսը, իսկ այդ մասնաբաժնի 61 տոկոսը, կամ ՀՆԱ 16.4 տոկոսն, իր հերթին, բաժին էր ընկնում ոչ արտադրողական համարվող բնակարանային շինարարությանը»,- ասել է վարչապետը:
Նախ՝ արդեն որերորդ անգամ ստիպված ենք արձանագրել, որ հոկտեմբեր ամսից սկսված ճգնաժամին բոլորը լուրջ էին վերաբերվում, բացի կառավարության անդամներից եւ որոշ պատգամավորներից, ասենք՝ ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից (նշենք, որ վարչապետը ելույթ էր ունենում հենց նրա գլխավորած հանձնաժողովի առջեւ)։ Ինչ վերաբերում է շինարարության տեսակարար կշռին, ապա այս մասին էլ արդեն ով չի ալարում՝ խոսում է։ Վարչապետն այս անգամ որոշ մանրամասներ այդուհանդերձ ավելացրեց. 2009թ. ընթացքում արձանագրված 14.2% տնտեսական անկման ցուցանիշից 11 տոկոսային կետի համար «պարտական» ենք շինարարությանը։ Այսինքն՝ եթե այս ոլորտի ազդեցությունը բացառենք, տնտեսական անկումը կլիներ 3.2%-ի սահմաններում։ Զարմանալին այն է, որ շինարարության «փուչիկը» քննադատելուն զուգահեռ՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շարքում նշվում են այնպիսի քայլեր, որոնք ոչ այլ ինչ են, քան «փուչիկի վերածնունդ»։ Օրինակնե՞ր։ Խնդրեմ։
– ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ մարզպետարանների պատվերով իրականացվել է 266 օբյեկտի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներ 17 մլրդ դրամի չափով, որից 14 մլրդ դրամ գումարով՝ 227 կրթական օբյեկտներ:
– 2009 թվականին կառուցվել են Գյումրի քաղաքում 1056 բնակարանից բաղկացած 22 բազմաբնակարան շենք եւ Սպիտակ քաղաքում` 220 բնակելի տուն: Պետական բյուջեի միջոցներով ավարտվել է Ստեփանավան քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի կառուցումը, Մարալիկի N34 շենքի թվով 20 բնակարանների շինարարական աշխատանքները:
– Աղետի գոտու շինարարության համար ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 25 մլրդ դրամ:
– Օպերատիվ շտաբի որոշմամբ 5 կառուցապատողների 2009 թվականին տրամադրվել է նաեւ մոտ 3.5 մլրդ դրամ բյուջետային երաշխիք:
Իհարկե, ոչ ոք չի ասում, որ կրթական օբյեկտների կառուցումը կամ աղետի գոտում շինարարություն իրականացնելը վատ բան է։ Սակայն դա ներկայացնել որպես հակաճգնաժամային միջոցառում՝ մի քիչ այն չէ։ Ստացվում է, որ եթե ճգնաժամ չլիներ, այդ աշխատանքները չէին իրականացվելու։ Այս ամենին գումարենք նաեւ «Ազգային hիպոթեքային ընկերությունը», որն, ըստ վարչապետի ձեւակերպման, հիմնվել է բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման, ինչպես նաեւ՝ շինարարության ոլորտի աշխուժացման նպատակով։ Այս պահի դրությամբ ընկերությունը վերաֆինանսավորել է 4.4 մլրդ դրամի հիպոթեքային վարկեր։
Այսքանն արվել է շինարարության «պարսավելի» ոլորտի համար, ինչն, ի դեպ, իր արդյունքը արդեն տվել է. 2010թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում ոլորտը արձանագրել է 8.8% աճ։
Ուրի՞շ ինչ է արվել։ Այս հարցը շատ բնական է հնչում, որովհետեւ նախորդ տարվա ընթացքում հսկայածավալ վարկային միջոցներ են ներգրավվել։ Ինչպես նշել է իր ելույթում Տ. Սարգսյանը, Համաշխարհային բանկից 2009թ. ստացվել է մոտ 350 միլիոն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամից՝ 500 մլն, Ասիական զարգացման բանկից՝ 80 մլն, ՌԴ-ից՝ շուրջ 500 մլն, Եվրամիությունից՝ 100 մլն եվրո եւ այլն։ Փաստորեն, 2009թ. ընթացքում Հայաստան է մտել շուրջ 1.5 միլիարդ դոլար։ Դրա մի մասն օգտագործվել է բյուջեի ծախսերը փակելու համար։ Մի փոքր մասն էլ, ինչպես ասում են, բիզնես միջավայրի բարելավման, ՓՄՁ եւ համակարգաստեղծ ձեռնարկությունների օժանդակության նպատակով։ Օժանդակություն ասվածն էլ հարաբերական բան է. բավականին թանկ պայմաններով վարկեր են տրամադրվել նեղն ընկած կազմակերպություններին։ Ներգրավված միջոցների մի զգալի մասը ծախսվել է, այսպես ասած, ենթակառուցվածքների վրա, որը, ինչպես նշվում է ելույթում. «կարճաժամկետ ժամանակահատվածում ստեղծում է նոր աշխատատեղեր եւ նպաստում ՀՆԱ աճին, տնտեսական ակտիվության պահպանմանը, իսկ երկարաժամկետում նպաստում է տնտեսության ընդհանուր արդյունավետության բարձրացմանը եւ արտադրողականության աճին` ստեղծելով կայուն հիմքեր երկարաժամկետ տնտեսական աճի համար»: Դրա մեջ մտնում են շինարարությունը, ճանապարհների վերանորոգումը, խմելու ջրի ոլորտում 350 կմ-ից ավելի ջրագծերի, 100-ից ավելի կարգավորիչ ջրամբարների, 50-ից ավելի պոմպակայանների կառուցման եւ նորոգման աշխատանքները, 5000-ից ավելի անհատական տնային միացումների աշխատանքներ, ոռոգման ոլորտում՝ 50 կմ-ից ավելի ջրագծերի կառուցման եւ վերանորոգման աշխատանքները: Ենթակառուցվածքների ուղղությամբ կատարված աշխատանքների մեջ է մտնում նաեւ Երեւանի ՋԷԿ-ի շահագործումը եւ այլն։
Եվս մեկ անգամ նշենք՝ այս ամենը դժվար է հակաճգնաժամային միջոցառումներ անվանել, քանի որ, դրանք, այսպես թե այնպես, պետք է արվեին։ Փաստորեն՝ դրսից ստացված վարկերն օգտագործվել են ոչ թե «հակաճգնաժամային ծրագիր» իրականացնելու, այլ պարզապես՝ ջրի երեսին մնալու, «ծայրը ծայրին» հասցնելու համար։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է։ Կոպիտ ասած, դա նման է մի մարդու գործելաոճի, ով ճիշտ գործով չի զբաղվում եւ դժվարությունների է հանդիպում։ Հետո պարտքով փող է վերցնում, սակայն ոչ թե փոխում է գործի բնույթը, վերաորակավորվում, նոր բան մտածում, այլ պարզապես այդ փողով «յոլա է գնում»՝ տան ծախսերը հոգում, սիգարետ գնում, բենզին լցնում, մինչեւ տեսնի՝ գլխին ինչ է գալիս։
Ինչ վերաբերում է «ճգնաժամի դասերին»՝ դիցուք, տնտեսության դիվերսիֆիկացիային, շինարարության տեսակարար կշռի փոքրացմանն ու մրցունակ, արտահանման ենթակա արտադրատեսակների ստեղծմանը, ապա այստեղ գերակշռում են հիմնականում գեղեցիկ խոսքերն ու խուճուճ ռազմավարությունները։