Խոցելի ու հարկահավաք պետություն

27/09/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Կան թեմաներ, որոնց լրատվամիջոցներն անդրադառնում են հիմնականում
գրանտային ծրագրերի շրջանակում։ Դրանք, որպես կանոն, անհետաքրքիր թեմաներ
են։ Նույնչափ անհետաքրքիր են նաեւ այդ թեմաներն արծարծող հոդվածներն ու
հեռուստահաղորդումները։ Բնապահպանական, սոցիալական խոցելի խմբերի
խնդիրները ներկայացնող նյութերի մասին է խոսքը։ Գրանտատու
կազմակերպությունները հավանաբար գիտեն սա, բայց տարիներ շարունակ
ֆինանսավորում են այդ թեմաները։ Նրանց հետեւողական ֆինանսավորումը
արդյունք, կարծես, տալիս է։ Այսօր հասարակությունը բավական տեղեկացված է
եւ հետաքրքրվում է մի շարք հարցերով, որոնք նախկինում հասարակական
հնչեղություն չունեին։ 2003-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը
«Անապահովության գնահատման համակարգում հաշվառված հաշմանդամների
կենսապայմանների ընտրանքային հետազոտություն» անցկացրեց։ Հետազոտությունը
հարկավ գրանտային էր։ Ֆինանսավորել էր Շվեդիայի վիճակագրության
կենտրոնական բյուրոն։ Այս տարի հրապարակվեցին արդյունքները։ Հաշվետվության
բարդ ու երկար անունը պայմանավորված է եվրոպական չափանիշներով։ Միայն
զարգացած երկրներում կարող էին ենթադրել, որ հաշմանդամների միայն մի մասն
է անապահով։ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
տվյալներով` հաշվառված է 141,4 հազար հաշմանդամ։ Նրանք համարյա բոլորն
անապահով են։ Վիճակագրությունն արձանագրում է նաեւ, որ նրանց կեսից
պակասը` 55 հազարն է կենսաթոշակային տարիքի։ Գործազրկության պաշտոնական
ցածր մակարդակ արձանագրելով` ՀՀ իշխանություններն իրենց գլուխն ազատել են
հաշմանդամների խնդիրներից ու հոգսերից։ Հաշմանդամության համար 4-7 հազար
դրամ նպաստ վճարելով` մոտ 86 հազար հաշմանդամ պաշտոնապես հանված է
գործազուրկների ցուցակից։ Սա` այն դեպքում, երբ Վիճծառայության
հետազոտության համաձայն` 1125 հաշմանդամ գործազուրկներից մշտական աշխատանք
ունի ընդամենը 64 մարդ։ Փաստորեն, Հայաստանում հաշմանդամների միայն 6%-ն է
աշխատանքով ապահովված։ Հաշմանդամներն աշխատանքի շուկայում հատկապես
ընդգծված խոցելի խմբեր են։ Որովհետեւ, նախ` պաշտպանված չեն հատուկ
օրենքներով եւ երկրորդ` կրթական ցածր մակարդակ ունեն։ Անգրագիտությունը
Հայաստանում հաղթահարվել է 1930-ականներին։ Մինչեւ հիմա էլ պաշտոնապես
գրագետ երկիր ենք։ Սակայն Վիճվարչության զեկույցի համաձայն` անգրագետ է
հաշմանդամների մոտ 18%-ը։ Սա չափազանց բարձր թիվ է, որովհետեւ մտավոր
խանգարումներ ունեցող հաշմանդամների թիվը չի գերազանցում 2%-ը։
Արձանագրվում է նաեւ, որ անգրագիտությունը երիտասարդանում է։ Այսինքն`
դպրոցական երեխաների մոտ անգրագիտության ցուցանիշն ավելի բարձր է, քան
մեծահասակների տարիքային բոլոր խմբերում։ Գործող միջնակարգ հատուկ
դպրոցների համակարգը չի լուծում իր առջեւ դրված խնդիրները։ Պետությունը
թույլ լսող, թույլ տեսնող երեխաների համար Երեւանում երկու դպրոց պահելով`
անտեսել է մարզերը։ Ըստ Վիճծառայության զեկույցի` Արագածոտնի,
Գեղարքունիքի, Տաուշի մարզերում անգրագետ է ամեն չորրորդ հաշմանդամ երեխան
(մոտ 24%)։ Կրթության բարեփոխումների մշակվող ծրագրերում այս խոցելի
խումբը հաշվի չի առնված։ Ոլորտն անտեսելով` պետությունը հաստատ լուրջ
խնայողություններ չի անում։ Հայաստանում հաշվառված հաշմանդամ երեխաների
թիվն «անտանելի» չէ, անգամ մեր պուճուր բյուջեի ու տնտեսության համար։
2005-ի հուլիսի մեկի դրությամբ` հաշվառված է մոտ 8 հազար հաշմանդամ երեխա։
Պետությունը նրանց չի նկատում։ Եվ սա ավելի շուտ բարոյական խնդիր է, քան
տնտեսական։

Այս խոցելի խմբերի համար պետությունը մեկ-երկու ծրագիր իրականացրել է։
Դրանք, որպես կանոն, գրանտային են եղել, այսինքն` ֆինանսավորվել են
արտասահմանյան որեւէ կառույցի կամ պետության կողմից։ Այդ ծրագրերը էական
արդյունք չեն տվել։ ՀՀ Վիճվարչության զեկույցի համաձայն` հաշմանդամների
20-34%-ը (նայած որ մարզում են բնակվում) որեւէ մասնագիտություն չունի։
Նորից ամենավատն Արագածոտնի, Տաուշի, Գեղարքունիքի ցուցանիշներն են։
Հայաստանում մարզերի միջեւ սոցիալական ընդգծված տարբերություններ
սովորաբար չկան։ Կենսամակարդակի պայմանների մեջ տարբերությունը
հիմնականում բնակլիմայական պայմաններով է բացատրվում։ Այս պատճառով էլ
խիստ անհասկանալի է, թե ինչու հաշմանդամների կրթական մակարդակի այդքան
լուրջ տարբերություն կա, ասենք, Լոռու մարզի ու Տաուշի միջեւ։ Պետությունն
այս հարցերում ակադեմիական սառնասրտություն ու անտարբերություն է
ցուցաբերում։ Կրթության մասին օրենքով իհարկե սահմանված է, որ բարձրագույն
կամ միջնակարգ մասնագիտությամբ ուսումնական հաստատություն ընդունված
հաշմանդամների ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։
Հաշմանդամների մեծ մասն, իհարկե, ի վիճակի չէ օգտվելու այս
արտոնությունից, որովհետեւ պետությունը նրանց համար չի ապահովել
անցումային` տարրական ու միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն։
Հաշմանդամների խնդիրների նկատմամբ պետական հոգածության արդյունք կարելի է
համարել նաեւ այն, որ շվեդական ֆինանսավորման 2003թ. իրականացված
հետազոտությունը տպագրվեց մոտ երկու տարի հետո։ Մեր պետությունը նման մանր
խնդիրների համար միջոց չունի։ Զեկույցի հրատարակությունն էլ օտարները
ֆինանսավորեցին, իսկ պետությանը բաժին ընկավ հետազոտության ու
հրատարակության գործընթացը հարկելու ծանր բեռը։