Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց մարտի 1-ին սպանված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Սամվել Հարությունյանի հարազատների բողոքը: Հատուկ քննչական ծառայությունը եւ Գլխավոր դատախազությունը մարտիմեկյան դեպքերից ավելի քան 2 տարի անց սպանության դեպքերի հետ կապված որեւէ բացահայտում չեն արել: Չնայած սրան, դատարանը գտնում է, որ զոհվածների հարազատները ոչ մի իրավական հիմք չունեն պահանջելու, որ ճանաչվի նախաքննական մարմնի անգործությունը:
Երեկ, առավոտյան ժամը 10-ին նշանակված դատական նիստը տեւեց ընդամենը 1 րոպե: Դատավոր Արմեն Խաչատրյանը միայն 2 նախադասություն կարդաց. «Դատարանը գտնում է, որ հայցն անհիմն է, եւ մերժում է այն: Դիմող կողմը կարող է 10-օրյա ժամկետում բողոքարկել վճիռը»: Գործի քննությունը համարվեց ավարտված, իսկ զոհվածների հարազատները այդպես էլ որեւէ հարցի պատասխան չստացան: Նրանց համար դարձյալ անհայտ մնաց, թե ինչու բազմաթիվ փաստերի առկայության դեպքում նախաքննական մարմինը սպանության 10 դեպքերից գոնե մեկը չի բացահայտում: Հիշեցնենք, որ Գրիգոր Գեւորգյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը մահացել են հրազենային վնասվածքներից, իսկ Սամվել Հարությունյանը` գանգուղեղային բաց վնասվածքից ստացված ինտոքսիկացիայի հետեւանքով: Առաջիկայում դատարանը նաեւ կհրապարակի այս գործով ընթացող մյուս 3 դատավարությունների վճիռը: Նշված երեքից մեկն արդեն ավարտվել է, վճիռը կհրապարակվի հունիսի 4-ին, իսկ մյուս երկուսը դեռեւս ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ զոհվածների հարազատների բողոքը քննվում է 4 տարբեր խմբերով` ըստ մահվան հանգամանքների: Դատելով այն բանից, որ դատավարություններն ընթանում են նույն ձեռագրով, ամենայն հավանականությամբ, դատարանը դրանք եւս անհիմն կհամարի ու կմերժի: