Նալբանդյանի մեկնաբանությունները

24/05/2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնաբանել է մայիսի 23-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչած հայտարարությունները: «Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեւավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ: Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների եւ ժողովրդի հանձնառության մասին: ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները: Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով: Սույն ընտրություններով ԼՂՀ քաղաքացիները հերթական անգամ ապացուցեցին ազատ եւ անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը»,- «Արմենպրեսին» ասել է Էդ. Նալբանդյանը: