Ոչ լեգիտի՞մ

24/05/2010

Կիրակի օրը ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով` առաջատարը վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն է (47 տոկոսը): Երկրորդ տեղում` ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» է (31-32 տոկոս), իսկ երրորդ տեղում` Հայ հեղափոխական դաշնակցությունը (23-24 տոկոս): 6 տոկոսանոց արգելապատնեշը չի հաղթահարել միայն Կոմունիստական կուսակցությունը: «Կարծում եմ, մենք հնարավոր նախադրյալները ստեղծել ենք, որպեսզի նոր ԱԺ-ը մեր երկրի պահանջները ավելի բարձր մակարդակով կատարի: Համարում եմ, որ ընդդիմադիր տրամադրություններ կան, դուք հնարավորություն եք ունեցել այս տարիների ընթացքում համոզվելու, որ մեր երկրում կան ընդդիմադիր տրամադրություններ, եւ այս տարիների ընթացքում որեւէ անգամ մենք փորձեր չենք կատարել արհեստական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու: Մենք ճիշտ ենք, որովհետեւ եթե մենք նմանատիպ քայլեր ձեռնարկենք, դա կլինի ժողովրդավարական սկզբունքների ամենակոպիտ խախտում»,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քաղաքական գործիչ Կարեն Օհանջանյանի կարծիքով, սակայն, ընտրությունները տեղի են ունեցել լուրջ խախտումներով, եւ պետք է այն ճանաչվի ոչ լեգիտիմ, իսկ ԼՂՀ նախագահն էլ պետք է պահանջի ԼՂՀ վարչապետի եւ ԿԸՀ նախագահի հրաժարականները, քանի որ հենց նրանք են ընտրություններում տեղ գտած կեղծիքների մեղավորները: Ըստ նրա` ԼՂՀ իշխանությունն օգտագործել է վարչական ռեսուրսները, ինչը օգնել է, որպեսզի վարչապետի գլխավորած կուսակցությունը հաղթող ճանաչվի: Ի դեպ, երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` նշելով, որ Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնց հիման վրա Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: