Երեկ բացվել է Երեւանի Ազատության հրապարակի ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին, որը նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղիի շինաշխատանքների ավարտից հետո բարեկարգվել է նաեւ Ազատության հրապարակը. ասֆալտապատվել է, տեղադրվել են լրացուցիչ նստարաններ, կառուցվել է արտաքին լուսավորության ցանց: Ավտոկայանատեղիի բացմանը երեկ մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Ով ցանկանա կառուցել այսպիսի չափանիշներով կայանատեղիներ, խնդրեմ, կարող են դիմել քաղաքապետարան եւ, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, կառուցել: Կարծում եմ, որ հարակից փողոցներում այլեւս ավտոմեքենա կայանված չի լինի, եւ երթեւեկությունը կլինի շատ հարմարավետ»,- ասել է նա: Նշենք, որ ավտոկանգառում կայանման գները դեռեւս որոշված չեն, սակայն նախատեսվում է 1 ժամի համար սահմանել 100-500 դրամ: