Ցայտաղբյուրները ոչ միայն քաղաքի կոլորիտի բաղադրիչ մասեր են, այլեւ պատմական առարկայացված սիմվոլներ, ինչպես, ասենք, խաչքարերը: Երբ լսում ենք, որ այս կամ այն երկրում ինչ-որ այլադավան քանդում-ջարդում է մեր այդ սիմվոլները, տարբեր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ անմիջապես սկսում են այստեղից հայտարարություններ անել` դրանք որակելով սրբապղծություններ:
Մինչդեռ, երբ այդ ամենը կատարվում է Երեւանում, այդ կազմակերպությունները խոնարհաբար լռում են: Հենց այս նույն անտարբերությամբ էլ որեւէ մեկը չարձագանքեց, ավելի ճիշտ` շատերն անգամ չնկատեցին էլ Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուրի» 7 շիթերից 3-ի մետաղական մասերի գողությունը` գուցե այն պատճառով, որ միեւնույն է` ջուր կարելի է խմել անգամ առանց թասի, ողորկ խողովակից: Ամեն դեպքում 1 ամսից ավելի է անցել այն օրից, երբ Երեւանի Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուր» հուշարձան-ցայտաղբյուրի բրոնզե թասերը գողացան: Պահակ-ականատեսի հայտնածը համարեցին պարզապես ենթադրություն, որովհետեւ վերջինս ասել էր, որ ինքն այդ ժամին հրապարակում տեսել էր Երեւանի քաղաքապետարանի աղբահավաք մեքենան ու ենթադրել էր, որ մեքենայի վարորդը լոմով ջարդել էր թասերը: Իսկ ոստիկան-հսկիչներն էլ փաստեցին, որ իրենք պարզապես չէին նկատել, չնայած մեր ոստիկանները նույնիսկ լավ նկատում են հեռվից առանց ամրագոտիի վարորդին: Իսկ ուշագրավն այն է, որ ոստիկանները կատարվածի մասին տեղեկացրել էին, որ իրենք քնած էին մեքենայում եւ որեւէ բան չեն տեսել: Մինչ օրս «Յոթնաղբյուրի» հարեւանությամբ աշխատող լոտոյավաճառ կինը փորձում է հասկանալ, թե ում ձեռքն էր գնացել հուշարձան-ցայտաղբյուրը ջարդել, երբ դա առանձնակի գեղեցկություն էր հաղորդել «Յոթնաղբյուրին»: Իր գույնզգույն հովանոցի տակ պատսպարված կինը կատարվածը որակեց մի բառով` դուշմանություն, իսկ թե ո՞ւմ դեմ, զրուցակիցս տխուր նայեց ինձ` հարցնելով. «Իսկապես, ո՞ւմ դեմ, ինչի՞ համար»:
Դուշմաններին ծածկելու փո՞րձ
Հուշարձան-ցայտաղբյուրը վերանորոգվել է 2008թ.: «Երեւան» ամսագրի նախագծով, ի դեմս փոխխմբագիր Էդուարդ Այանյանի, ինչպես նաեւ՝ նկարիչ-քանդակագործ Նուռի: Նրանք աղբյուրին, այսպես ասած` բրոնզե թասեր նվիրեցին: Թասերի հեղինակ Նուռը մեծ ցավով է խոսում կատարվածի մասին` նկատելով, որ ցայտաղբյուրները քաղաքի կոլորիտի բաղադրիչ մասն են ու հատկապես բնորոշ են հայկական բնակավայրերին, մինչդեռ զբոսաշրջիկի համար ցայտաղբյուրն ուղղակի նոնսենս է: «Տվյալ ցայտաղբյուրը ես պատրաստեցի բարի լիցքերի, մաղթանքների, խորհրդանիշերի կոնտեքստում: «Յոթնաղբյուրի» գլխիկների մեջ թաքնագրեր կան, որոնք օրհնանքներ են, բարի ցանկություններ են ջուր խմողին: Եվ ընդհանրապես ջուրն ինֆորմացիայի կրող է, երբ ջրին բարի ինֆորմացիա ես տալիս, այն մեծ ազդեցություն է ունենում մարդու ներաշխարհի վրա»,- նշում է Նուռը: Ըստ նրա` աղբյուրի պատրաստման ընթացքում իրենք հաշվի էին առել նաեւ մի հանգամանք: Համաձայն որոշ տեսությունների` 21 տարի շարունակ 1 ծորակով անդադար հոսող ջուրն իր մեջ կրում է աշխարհի ամբողջ ջուրը: «Եվ հետեւաբար 21 տարվա ընթացքում այդ բարի լիցքավորված ջուրը կտարածվի ամբողջ աշխարհում: Մինչդեռ 7 ծորակի դեպքում կստացվեր 3 տարի, ցավոք, արդեն դադարեցվեց այդ պրոցեսը, որովհետեւ 2 տարի դեռ կար: Դա ինձ, իսկապես, շատ է տխրեցնում: Ես չեմ պատկերացնում, թե որ նորմալ մարդը կջարդեր ու կտաներ: Շատ կուզեի տեսնել այդ մարդուն»,- ասում է Նուռը` նկատելով, որ տվյալ պարագայում մեծ պատասխանատվություն են կրում ոստիկանները, ովքեր պետք է պահեն այն, ինչ ունենք: «Ոստիկանները պետք է պահպանեն մեր քաղաքի, երկրի ունեցածը, չեմ կարող ասել` դրանք հարստությո՞ւն են, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում ունեցածը պետք է պահպանվի, այլ ոչ թե քնեն մեքենայում, ու քնելու համար գումար վաստակեն: Այնպես որ` մեծ պատասխանատվություն է կրում նաեւ Ոստիկանությունը, որը չի պահպանել, որովհետեւ, եթե մեր քաղաքի կենտրոնական հրապարակից կարող են ինչ-որ բան տանել, դա նշանակում է, որ մենք ոչ մի առումով պաշտպանված չենք»,- նշում է Նուռը` հետաքրքրվելով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ են այդպիսի ստորություն արել: «Հանել էին, որ տանեն-հանձնեն իբրեւ գունավոր մետա՞ղ` դրա դիմաց ստանալով 1000 դրամ, թե՞ իրենց բակի ցայտաղբյուրի համար էին տարել: Ես չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ նպատակով արեցին»,- մտահոգվում է նկարիչ-քանդակագործը: Իսկ երեւանյան գունավոր մետաղների ընդունման կետերում աշխատողներն ասում են, որ իրենք շատ զգոն են ապրանք ընդունելիս` «Արձանիկներ, թասեր-մասեր չենք ընդունում, հա, մեկ էլ նոր լարեր»,- նշում է գունավոր մետաղների ընդունման կետերից մեկի աշխատակիցը: «Բայց ի՞նչ ամոթ ա` ո՞նց են էդպիսի բան արել, ասա` ինչքա՞ն փող կարայիր առնեիր էդ մի քանի թասով,- ավելացնում է զրուցակիցս` թվարկելով գունավոր մետաղների գները,- Քուր ջան, մեզ մոտ ամենաթանկը պղինձն ա` կիլոն 1500 դրամ, ալյումինը` 250 դրամ, իսկ բրոնզը` 900 դրամ: Բայց դե էս հաստատ գներ չեն էլի, հա փոխվում են»: Ի դեպ, նշենք, որ ապրիլյան այդ օրերին բրոնզի 1 կգ-ն արժեր 700-800 դրամ: «Բա միլիցեքը չտեսա՞ն գողին, հը՞»,- հարցնում է մետաղների ընդունման կետի աշխատակիցը:
Ի դեպ, բավական ուշագրավ էր ՀՀ Ոստիկանությունից ստացված պատասխանը: Մեր հարցին, թե արդյո՞ք բացահայտվել է այս հանցագործությունը, Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, թե այդ հարցով որեւէ մեկն իրենց չի դիմել ու որեւէ գործ չի էլ բացվել: Փոխարենը խորհուրդ տվեցին դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:
Այնպես որ` ծիծաղելի է լսել ոստիկանների «երազաշատ» քնի, պահակի ենթադրությունների ու «գործ» չտալու մասին պատմությունները: Այս դեպքը հերթական անգամ վկայեց, որ մեզ մոտ որ գործը պետք է՝ հարուցվում-պարզվում է, որը` ոչ, մնում է առկախ:
Հ.Գ. Ուրախալին այն է, որ նկարիչ-քանդակագործ Նուռը շուտով կպատրաստի նոր թասեր: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ կրկին կգողանան, Նուռը մեծահոգաբար պատասխանեց. «Ինչ արած` երեւի դա էլ իմ խաչն է»…